«Արի զբոսնենք» հոգեբանական-կրթական գրքույկը ներկայացվեց ոլորտի մասնագետներին
10 փետրվարի 2023
Գիրքը նորարարական գործիք է, որի միջոցով մասնագետներն ավելի խորն ու լայն պատկերացում կարող են կազմել երեխաների հուզական և հոգեբանական վիճակի մասին։
Վերջերս ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (ՄԱԿ ՓԳՀ) նոր գործընկեր «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ն ջերմորեն ընդունեց ՄԱԿ ՓԳՀ-ին՝ կազմակերպության կողմից վերատպված «Արի զբոսնենք» հոգեբանական-կրթական գրքույկը «Մանկական զարգացման հիմնադրամի» և «Կանանց աջակցման կենտրոնի» մի խումբ աշխատակիցների համար ներկայացնելու նպատակով։
Գիրքը ներկայացրեց համահեղինակ տ-ն Մայդա Շավակը, ով իր գործընկեր, հոգեբան տ-ն Անուշ Շահպենտերյանի հետ միասին (երկուսն էլ՝ ֆրանսահայ) այն ստեղծել է հետպատերազմյան դժվար ժամանակներում հուզական ու հոգեբանական ապրումներ ունեցող երեխաների համար։
Հանդիպման ընթացքում Մայդան հետաքրքիր և գրավիչ ձևով պատմեց գրքի ստեղծման պատմությունը և մասնակիցներին ներկայացրեց դրա գաղափարն ու մեթոդաբանությունը։ Մասնակիցների թվում էին հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, արտթերապիայի և գենդերային հարցերով մասնագետներ, ովքեր աշխատում են տեղաբնակ և փախստական երեխաների, ինչպես նաև նրանց ծնողների ու խնամակալների հետ։
«Դեռևս 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ժամանակ Անուշը եկավ Հայաստան՝ ընտանիքներին այցելելու, իսկ ես գնացի այն վայրերը, որտեղ տեղահանված ընտանիքները պատսպարվել էին։ Երեխաների հետ նկարում էի, միասին հետաքրքիր խաղեր էինք հորինում։ Այնուհետև Անուշը սկսեց մտածել հոգեբանական-խաղային մի գիրք ստեղծելու մասին և խնդրեց ինձ օգնել իրեն ու էսքիզներ մշակել գրքի համար», - պատմեց տ-ն Մայդա Շավակը` նկարագրելով գրքի ստեղծման պատմությունը:
«Հայաստանում Անուշը հանդիպեց հակամարտությունից և տեղահանությունից տուժած, խոր վշտի և տխրության մեջ ապրող բազմաթիվ ընտանիքների, օգնեց նրանց հաղթահարել հուզական դժվարությունները, հատկապես այն երեխաների շրջանում, ովքեր թվում էր, թե «բաժանվել են» իրենց երջանիկ մանկությունից։ Իրենց ընտանիքներում նրանք կարծես «անտեսանելի հանդիսատեսներ» լինեին՝ անկարող՝ որեւէ որ բան փոխելու, երբեմն նույնիսկ արտահայտվելու և կիսվելու», - Անուշին մեջբերելով հավելեց Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ-ի արտաքին կապերի պատասխանատու տ-ն Անահիտ Հայրապետյանը։
Գիրքը մեծ հետաքրքրություն առաջացրեց․ մասնակիցները հարցեր էին տալիս, քննարկում, մտքեր ու կարծիքներ փոխանակում։ Ինչպես նշեց «Մանկական զարգացման հիմնադրամի» տնօրեն տիկին Լուսինե Սիմոնյանը, գիրքն իսկապես հարմար, օգտակար ու նորարարական գործիք է։ Ըստ նրա, երեխաների գեղարվեստական ինքնարտահայտումը կօգնի, որ մասնագետներն ավելի խորն ու լայն պատկերացում կազմեն նրանց հուզական և հոգեբանական վիճակի մասին։
Գիրքը համեմված է հետաքրքրաշարժ հարցերով, գեղեցիկ նկարազարդումներով ու մի շարք փոքրիկ առաջադրանքներով։
«Հավանում եմ գրքի ոճը, պատկերազարդումը, պարզությունն ու երեխաներին հասկանալի լեզուն։ Բովանդակությունը մտածված է այնպես, որ երեխաների համար ստեղծի ապահով տարածք՝ նկարելու, ստեղծագործելու, ստեղծելու այնպիսի մտքեր ու երազներ, որոնց մինչ այդ կարող է եւ դիմադրում էին», - նշեց «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը ներկայացնող, գենդերային հարցերով փորձագետ Սևան Պետրոսյանը։
Մասնագետներն ուսումնասիրում էին գրքույկը, ծանոթանում բովանդակությանն ու ստեղծման նախապատմությանը, քննարկում երեխաների և մեծահասակների համար այս գործիքի կարևորությունն ու օգտագործման գործնական ասպեկտները։
«Գրքի օգտագործման շրջանակն ըստ էության բավական լայն է։ Այն կարող է օգտակար լինել երեխաների, բայց նաև՝ կանանց համար, հատկապես նրանց, ովքեր ենթարկվել են բռնության, տրավմայի, կամ գտնվում են կյանքի դժվարին իրավիճակում։ Գրքի հետ անցկացրած ժամանակը կհանգստացնի նրանց միտքն ու մտորելու, ստեղծագործելու և երազելու ցանկություն կառաջացնի», – ասաց «Կանանց աջակցման կենտրոնի» ծրագրի ղեկավար տ-ն Հասմիկ Գևորգյանը:
Տ-ն Մայդա Շավակը ուրախ էր գրքի վերաբերյալ արձագանքներ ստանալ։ Նա ուշադրությամբ լսում էր մասնակիցների փորձագիտական դիտարկումները, ծանոթանում անապահով ընտանիքների ու տեղահանված անձանց հետ նրանց կողմից տարվող աշխատանքների մասին։
ՄԱԿ ՓԳՀ արտաքին կապերի պատասխանատու տ-ն Անահիտ Հայրապետյանն իր հերթին ասաց.
«Իսկապես, երեխաների կյանքը լի է հետաքրքիր իրադարձություններով, դիտարկումներով և ձգտումներով։ Շարունակե՛նք աշխատել միասին, որպեսզի ուրախություն պարգևենք, ոգեշնչենք ու քաջալերենք երեխաներին: «Արի զբոսնենք»-ը հրաշալի ուղեկից կլինի երեխաների համար․ հետաքրքիր մտքեր, հիշողություններ կարթնացնի, նրանց թույլ կտա ինքնարտահայտվել, ստեղծագործել, կիսվել իրենց պատմություններով և երազանքներով: Այս գիրքը երեխաների համար կարող է դառնալ նաև մանկության հիշողությունների և նվիրական ցանկությունների օրագիր։ Երանի մի օր բոլոր երեխաների երազանքներն իրականանան»։
«ՄԱԿ ՓԳՀ-ն խորին շնորհակալություն է հայտնում Մայդա Շավակին և Անուշ Շահպենտերյանին՝ Հայաստանի երեխաներին իրենց նվիրվածության և աջակցության համար, ինչպես նաև բոլոր գործընկեր կազմակերպություններին, որոնք ուս-ուսի տված օգնում են տեղահանված ընտանիքներին՝ հաղթահարել դժվարություններն ու մարտահրավերները», - միջոցառման ավարտին հավելեց տ-ն Հայրապետյանը։
Մինչ այսօր, ՄԱԿ ՓԳՀ-ն «Արի զբոսնենք» հոգեբանական-կրթական գրքույկը նվիրաբերել է մի շարք գործակալությունների և փորձագետների, համայնքապետարանների և տեղահանված ընտանիքների հետ աշխատող Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչների, «Կանանց աջակցման կենտրոնին», «Վորլդ Վիժն Հայաստանին» և «Մանկական զարգացման հիմնադրամին», ինչպես նաև Իջևանի «Հանուն իրավահավասարության» իրավապաշտպան ՀԿ-ին, «Արմավիրի զարգացման կենտրոնին» և նրա «Արևածագ» երեխաների աջակցության կենտրոնին, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոնին» և Մեծամորի «Ընտանիք և համայնք» հասարակական կազմակերպությանը։