«Արդյո՞ք հակաբիոտիկներն ընդունում եք միայն բժշկի նշանակմամբ»․ Հայաստանում բնակչության շրջանում անցկացված հարցում
23 դեկտեմբերի 2022
Հարցումն իրականացվել է ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» թիմի կողմից, որը վերապատրաստվել էր ԱՀԿ փորձագետների կողմից։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և գործընկերները 2022 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին այս և հակամանրէային կայունության (ՀՄԿ) վերաբերյալ մի շարք այլ հարցեր են ուղղել անցորդներին առավել շատ այցելվող հանրային վայրերում՝ առևտրի կենտրոնների և մետրոյի կայարանների ելքերում, ԲՈՒՀ-երի և հիվանդանոցների մուտքերում:
Հարցերը ՀՄԿ-ի վերաբերյալ մարդկանց գիտելիքների, վերաբերմունքի և վարքագծի հետազոտության (KAB հարցում) մաս են կազմում․ հարցումն ԱՀԿ-ի նախաձեռնությունն է, որն առաջին անգամ իրականացվել է տարածաշրջանի արևելյան հատվածում, ներառյալ Կովկասը և Կենտրոնական Ասիան: Հարցումն իրականացվել է իրազեկման բազմաթիվ այլ միջոցառումներին զուգահեռ՝ նշելու Հայաստանում 2022 թվականի հակամանրէային իրազեկման համաշխարհային շաբաթը (WAAW)։
Հակամանրէային կայունության նկատմամբ գիտելիքի, վերաբերմունքի և վարքագծի վերաբերյալ հարցում
KAB հարցումը թույլ է տալիս ստանալ կարևոր և համապարփակ տեղեկություն և տվյալներ ՀՄԿ հիմնական հարցերի հանրային ընկալման, գիտելիքի և վերաբերմունքի վերաբերյալ: Հարցման արդյունքները կնպաստեն ՀՄԿ-ի վերացմանն ուղղված գլոբալ գործողությունների իրականացմանը՝ հիմնվելով մարդկանց վարքագծային օրինաչափությունների և ընկալման վրա:
Հարցման մասնակիցները պատասխանել են․
հակաբիոտիկների օգտագործման,
դրանց ընդունման պատճառների,
միայն դեղատոմսով հակաբիոտիկներ ընդունելու սովորության,
նախքան հակաբիոտիկներ ընդունելու մասին որոշում կայացնելը լաբորատոր և այլ հետազոտությունների անցկացման,
հակաբիոտիկների վերաբերյալ ունեցած գիտելիքի,
տեղեկատվական աղբյուրների,
հակաբիոտիկների օգտագործման վրա COVID-19 համավարակի ազդեցության մասին հարցերի:
Բացի այդ, հետազոտվել է ընտանի կենդանիների շրջանում հակաբիոտիկների օգտագործման և դրա ազդեցության վերաբերյալ մարդկանց գիտելիքն ու վերաբերմունքը:
«Դա հիանալի հնարավորություն էր խոսելու և հասկանալու մարդկանց գործելակերպը անմիջապես նրանցից: Հարցվածներից շատերը նշեցին, որ ՀՄԿ-ի մասին ավելի շատ բան են սովորել հարցերին պատասխանելու ընթացքում, իսկ ոմանք նույնիսկ առաջարկեցին հարցեր, որոնք կներառվեն հետագա KAB-ի հարցաթերթում», - նշեց հարցազրուցավար, «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» փորձագետ Լալա Մարգարյանը:
Հարցումն իրականացվել է ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» թիմի կողմից, որը վերապատրաստվել էր ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի և ԱՀԿ հայաստանյան գրասենյակի փորձագետների կողմից, ովքեր թիմին ծանոթացրել էին հարցման գործելակարգին և հարցազրույցների անցկացման առցանց հարթակի օգտագործման տեխնիկային։
Հարցման արդյունքները և հետագա անելիքները
«Հայաստանում իրականացված հարցումը հաստատեց մինչ այդ անցկացված իրազեկման աշխատանքների դրական արդյունքները, մասնավորապես՝ կապված հակաբիոտիկների ընդունման հետ։ Այն նաև օգնեց բացահայտել բազմաթիվ հարցեր, որոնք պահանջում են հետագա անելիքներ, ինչպես օրինակ՝ «Մեկ առողջություն» սկզբունքի կիրառումը՝ ճանաչելու և ընդունելու, որ մարդու, կենդանիների և շրջակա միջավայրի առողջությունը փոխկապակցված են», - նշեց ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» փոխտնօրեն Լիլիթ Ղազարյանը։
Հայաստանում անցկացված հետազոտության արդյունքները ավելի լիարժեք և հասցեական կդարձնեն Հայաստանում իրազեկման բարձրացմանը և վարքագծի փոփոխությանն ուղղված հետագա միջոցառումները, որոնք նախատեսված են 2023-2027թթ ՀՄԿ-ի կանխարգելման և վերահսկման նոր բազմաոլորտ ռազմավարության շրջանակում: Նոր ռազմավարությունը որդեգրել է «Մեկ առողջություն» սկզբունքը՝ ընդլայնելով մարդկանց և կենդանիների առողջության պահպանմանն ուղղված ջանքերը և խթանելով կրթության և բնապահպանական ոլորտների ակտիվ ներգրավվածությունը:
«Միայն բազմաոլորտային մոտեցումը կարող է օգնել կարգավորելու ՀՄԿ խնդիրը, քանի որ մարդկանց, կենդանիների և շրջակա միջավայրի առողջությունը սերտորեն փոխկապակցված են: Առողջապահության նախարարությունը խիստ կարևորում է միջգերատեսչական համագործակցությունը, իսկ դա նշանակում է պաշտպանել բոլորի առողջությունն ու բարեկեցությունը՝ ընդլայնելով համագործակցությունը բժիշկների, անասնաբույժների, գիտական համայնքի ներկայացուցիչների և բնապահպանության մասնագետների միջև», - ասաց ՀՄԿ հարցերի համակարգող, ՀՀ առողջապահության նախարարության Անձնակազմի կառավարման վարչության պետ Քրիստինա Գյուրջյանը: