ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Փրոջեքթս»-ը կհամագործացեն «Կաթ դպրոցներում» ծրագրի շրջանակում
23 դեկտեմբերի 2022
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) և «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը համագործակցության պայմանագիր կնքեցին՝ մեկնարկելով «Կաթ դպրոցներում» համատեղ ծրագիրը։
ՊՀԾ-ն, համագործակցելով «Երեմյան Փրոջեքթս» ընկերության հետ, «Կաթ դպրոցներում» փորձնական ծրագիրն իրականացնելու է Վայոց ձորի մարզում 2023թ-ի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում: Ծրագրում ընդգրկված են Ջերմուկի Գորկու անվան թիվ 1 և Եղեգնաձորի թիվ 1 դպրոցները, որոնց 5-8-րդ դասարանների մոտ 350 աշակերտ տարվա ընթացքում առավոտյան ստանալու են մեկ բաժակ կաթ՝ օրն ավելի առողջ սկսելու համար։
«Պարենի համաշխարհային ծրագիրը գնահատում է այս կարևոր գործընկերությունը «Երեմյան Փրոջեքթսի» հետ՝ ուղղված Հայաստանում սննդի և վարքագծի փոփոխության հիմնախնդիրներին: Հանրային-մասնավոր համագործակցության և Ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շնորհիվ մենք հնարավորություն ենք տալիս Հայաստանի երեխաներին ձևավորել առողջ սննդային սովորություններ և բարելավել սովորելու կարողությունները», - նշում է ՄԱԿ-ի ՊՀԾ-ի հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուն։
Ծրագրի ավարտին ՊՀԾ-ն գնահատելու է երեխաների վարքագծային փոփոխությունները կաթի սպառման աճի և քաղցր ըմպելիքների սպառման նվազեցման ցուցանիշների հիման վրա։
Կաթը դպրոցներին անվճար կմատակարարի «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը, որը 2019 թվականից մեկնարկել և հաջողությամբ իրագործում է գյուղատնտեսական նախագծեր՝ հիմնված փակ ցիկլով «Սերմից՝ սեղան» մոտեցման վրա։ «Սերմից՝ սեղան» մոտեցումը ՊՀԾ ազգային պարենային ապահովության ռազմավարության առաջնային բաղադրիչներից մեկն է։
«Մենք մեր գյուղատնտեսական գործունեության առաջին իսկ օրվանից հանրային իրազեկման արշավներ ենք իրականացրել՝ փորձելով ձևավորել կաթի սպառման նոր մշակույթ։ Չնայած շատերը գիտեն կաթի օգտակար հատկանիշների մասին, բայց կաթը մեր սնվելու մշակույթի մաս, ավաղ, այսօր չի կազմում։ Ուրախ եմ, որ մեր գործընկեր՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ մենք կիսում ենք միևնույն տեսլականը Հայաստանում երեխաների և մեծահասակների շրջանում կաթի՝ որպես առողջ ըմպելիքի օգտագործումը խթանելու առումով։ «Կաթ դպրոցերում» նախագիծը շատ ողջունելի է կաթ ըմպելու դրական սովորությունների ձևավորման և վարքագծի փոփոխությունների տեսնակյունից։ Մենք պատրաստակամ ենք աջակցելու այս փորձնական ծրագրի կայացմանն ու հուսանք, որ այն հաջող և վարակիչ օրինակ կլինի, և կաթը ինչպես դպրոցական, այնպես էլ առօրյա սննդակարգի մաս կդառնա», - նշում է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը։
«Կաթը դպրոցներում» ծրագիրն ուղեկցվելու է «Կաթը սեր է, ուժ և առողջություն» կարգախոսով հանրային արշավով, որի նպատակն է Հայաստանում երեխաների և մեծահասակների շրջանում խթանել կաթի օգտագործումը որպես առողջ նախաճաշի մաս, երեխաների շրջանում նվազեցնել անառողջ ըմպելիքների օգտագործումը, ինչպիսիք են քաղցր թեյը, բարձր շաքարայնությամբ հյութերը, զովացուցիչ և էներգետիկ ըմպելիքները, կաթի նկատմամբ ստեղծել պահանջարկ և այն դիրքավորել ոչ միայն որպես առողջարար ըմպելիք, այլև որպես ընտրություն առողջ ապրելակերպի համար:
«Կաթ դպրոցներում» ծրագրի հիմնավորումն այն է, որ զարգացման կարևոր ժամանակահատվածում երեխաների կողմից կաթի օգտագործումը նպաստում է նրանց աճին և սնուցմանը, ստեղծում կաթի օգտագործման հետ կապված դրական սովորություններ, նվազեցնում առավոտյան քաղցի զգացումը դպրոցական սննդից առաջ, ինչն էլ իր հերթին բարելավում է դասապրոցեսում կենտրոնացումն ու նվազեցնում անառողջ խորտիկներ ուտելու ցանկությունը։