Մանկական աղքատությունը Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում աճել է 19 տոկոսով
17 հոկտեմբերի 2022
-
Ուկրաինական պատերազմի և աճող գնաճի պատճառով տարածաշրջանում չորս միլիոն երեխա հայտնվել է աղքատության մեջ:
ԺՆԵՎ/ՆՅՈՒ ՅՈՐՔ, 17-ը հոկտեմբերի, 2022 թ. – Ուկրաինական պատերազմի և աճող գնաճի պատճառով Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում լրացուցիչ չորս միլիոն երեխա հայտնվել են աղքատության մեջ. այս ցուցանիշը 19 տոկոսով ավել է 2021 թվականի համապատասխան ցուցանիշից, - սրա մասին է ասվում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հրապարակված նոր հետազոտության մեջ:
Ուկրաինական պատերազմն ու հաջորդած տնտեսական անկման ազդեցությունը մանկական աղքատության վրա Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում հետազոտությունը պարունակում է տվյալներ տարածաշրջանի 22 երկրներից և փաստում է, որ ուկրաինական պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամի ամենածանր բեռը կրում են երեխաները: Թեև երեխաները կազմում են բնակչության 25 տոկոսը, այս տարի նրանք կազմում են աղքատության մեջ հայտնված հավելյալ 10,4 միլիոն մարդկանց գրեթե 40 տոկոսը:
Ռուսաստանի Դաշնությանն է բաժին ընկնում ուկրաինական պատերազմի և տարածաշրջանում առաջացած ապրուստի հետ կապված ծախսերի ավելացման պատճառով աղքատության մեջ հայտնված երեխաների թվի ընդհանուր աճի գրեթե երեք քառորդը, ընդ որում, լրացուցիչ 2,8 միլիոն երեխա այժմ ապրում է աղքատության շեմից ցածր եկամուտով տնային տնտեսություններում: Ուկրաինայում են բնակվում աղքատության մեջ հայտնված լրացուցիչ կես միլիոն երեխաներ, սա երկրորդ ամենամեծ մասնաբաժինն է: Ուկրաինային հաջորդում է Ռումինիան՝ լրացուցիչ 110,000 երեխաներով, - նշվում է հետազոտության մեջ:
«Պատերազմի ակնառու սարսափներից անդին՝ երեխաների սպանության ու մարմնական խեղումների, զանգվածային տեղահանումները և ուկրաինական պատերազմի տնտեսական հետևանքները կործանարար ազդեցություն են թողնում երեխաների վրա Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Աֆշան Խանը: «Ողջ տարածաշրջանի երեխաներն են կրում այս պատերազմի հետևանքները: Եթե մենք հի՛մա չաջակցենք այս երեխաներին և ընտանիքներին, մանկական աղքատության կտրուկ աճի պատճառով, գրեթե անկասկած, կունենանք կորսված կյանքեր, կորսված կրթություն և կորսված ապագա»:
Մանկական աղքատության հետևանքները շատ ավելին են, քան պարզապես ֆինանսական կարիքի մեջ ապրող ընտանիքների խնդիրները: Աղքատության կտրուկ աճի պատճառով կարող է գրանցվել ևս 4,500 երեխայի մահ մինչև վերջիններիս 1 տարին լրանալը: Ավելին՝ միայն այս տարի կրթությունից դուրս կարող է մնալ լրացուցիչ 117,000 երեխա,- ասվում է հետազոտության մեջ:
Որքան աղքատ է ընտանիքը, այնքան մեծ է հավանականությունը, որ նրա եկամտի հիմնական մասը բաժին կընկնի առաջնային կարիքներին, ինչպիսիք են սնունդն ու վառելիքը: Երբ առաջնային օգտագործման ապրանքների գինը բարձրանում է, այլ կարիքների, ինչպիսիք են առողջապահությունը և կրթությունը, հոգալու համար հասանելի գումարները նվազում են: Հաջորդած կենսական նշանակության ծախսերի պակասը կնշանակի, որ ամենաաղքատ երեխաներն է՛լ ավելի քիչ հավանական է, որ կօգտվեն անհրաժեշտ ծառայություններից և ավելի շատ կենթարկվեն շահագործման և բռնության:
Շատերի համար մանկական աղքատությունը հարատև է: Աղքատության մեջ ծնված և մեծացած յուրաքանչյուր երրորդ երեխա իր չափահաս կյանքը կապրի աղքատության մեջ, ինչը կհանգեցնի դժվարությունների և զրկանքների միջսերնդային ցիկլի, - նշում է հետազոտությունը:
Աղքատության եզրին կամ աղքատության մեջ ապրող ընտանիքների առջև ծառացած մարտահրավերներն ավելանում են, երբ կառավարությունները կրճատում են պետական ծախսերը, ավելացնում սպառման հարկերը կամ խնայողություններ ներդնում՝ փորձելով իրենց տնտեսությանը զարկ տալ կարճաժամկետ կտրվածքով, քանի որ դա նվազեցնում է աջակցության ծառայությունների ծածկույթն ու որակը, որոնցից կախված են ընտանիքները:
Աղքատության մեջ ապրող երեխաների թիվը նվազեցնելու և ընտանիքների՝ ֆինանսական վիճակի վատթարացումը կանխելու համար, առաջարկվում են հետևյալ քայլերը՝
- Երեխաներին ուղղված համընդհանուր դրամական նպաստների տրամադրում և նվազագույն եկամտի առկայության ապահովում:
- Բոլոր կարիքավոր երեխաներ ունեցող ընտանիքներին (այդ թվում՝ փախստական) ուղղված սոցիալական աջակցության նպաստների ընդլայնում:
- Հատկապես առավել խոցելի երեխաներին և ընտանիքներին ուղղված սոցիալական ծախսերի պաշտպանություն:
- Աջակցություն հղի կանանց, նորածիններին և նախադպրոցականներին՝ առողջության, սնուցման և սոցիալական խնամքի ծառայությունների մատուցման հարցերում:
- Առաջնային սննդամթերքի գների կայունացում:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում շարունակական և ընդլայնված աջակցություն ցուցաբերել Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բարձր և միջին եկամուտ ունեցող երկրներում սոցիալական պաշտպանության համակարգերի ամրապնդման ուղղությամբ և առաջնահերթություն տալ սոցիալական պաշտպանության ծրագրերի ֆինանսավորմանը, այդ թվում՝ անապահով երեխաների և ընտանիքների համար դրամական աջակցության ծրագրերին: