Գավառի համայնքապետարանի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից տեղի է ունեցել Գավառի երիտասարդների տան բացման արարողությունը
13 հոկտեմբերի 2022
-
Գավառի համայնքապետարանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն այսօր պաշտոնապես բացել են Գավառ քաղաքի առաջին երիտասարդների տան դռները։ Երիտասարդների տունը ստեղծվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ երեխաների և դեռահասների համար նախատեսված ապահով վայրերի հայեցակարգի հիման վրա և արդեն սպասարկում է 140, այդ թվում հաշմանդամություն ունեցող, երեխայի: Տարեկան կտրվածքով երիտասարդների տունը կկարողանա սպասարկել ընդհանուր առմամբ 400-ից 500 շահառուի։
Երիտասարդների տունը իրականություն է դարձել համայնքի ղեկավարների և գործընկերների հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ: Գավառի համայնքապետարանն ընտրել և հատկացրել է երիտասարդների տան տարածքը, ինչպես նաև հոգացել վերանորոգման, ջրատար խողովակների տեղադրման, կանաչապատման և արտաքին լուսավորության համար նախատեսված ծախսերը, այն է՝ ընդհանուր բյուջեի 60 տոկոսը: Ծախսերի մնացած հատվածը հոգացել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ: Մասնավորապես՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն վերանորոգել և կահավորել են տարածքը, տեղադրել արևային վահանակներ, ինչպես նաև կենտրոնին են տրամադրել տարբեր տարիքի երեխաների և դեռահասների համար նախատեսված պարագաներ, զարգացման խաղեր, ուսումնական և այլ նյութեր: Ի լրումն, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԵՆԿ-ը վերապատրաստել են երիտասարդների տան նոր աշխատակիցներին՝ դեռահասների զարգացման, դեռահասների և երիտասարդների հետ աշխատելու սկզբունքների և երեխայակենտրոն ծառայությունների մատուցման թեմաներով:
«Յուրաքանչյուր համայնք դեռահասների համար նախատեսված վայրերի և ծառայությունների մատուցման կարիք ունի, որպեսզի նրանք կարողանան օգտվել ոչ ֆորմալ կրթական հնարավորություններից, փորձեն միասին լուծել համայնքային խնդիրները, սովորեն թիմում աշխատել՝ դառնալով իրենց համայնքի ակտիվ ներկայացուցիչներ: ՅՈՒՆԻՍԵՖ-ում մենք գիտենք, որ այս ծառայությունների շնորհիվ մեծանում է դեռահասների դիմակայունությունը: Կենտրոնները նաև նախատեսված են հոգեսոցիալական աջակցություն տրամադրելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ուղղորդելու դեպի ավելի մասնագիտացված ծառայություններ», - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:
«Ուրախ ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցել այս նպատակի իրականացման ուղղությամբ: Երիտասարդները մեր համայնքի ողնաշարն են, այդ իսկ պատճառով ներդրումներ ենք կատարել հօգուտ դեռահասների և երիտասարդների այս նոր ծառայության ստեղծման՝ բոլորի համար զարգացման համապատասխան հնարավորություններ և ռեսուրսներ ստեղծելու նպատակով: Սա համայնքի ներառականությունն ապահովելու գործում կարևոր օղակ է, քանի որ այն կծառայի նաև Գավառի մանկատանը։ Համոզված ենք, որ այսօրվանից այս կենտրոնը դառնալու է մեր երիտասարդների սիրելի վայրը», - նշել է Գավառի համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը։
«Բաց երիտասարդների կենտրոնները հիանալի հնարավորություններ են ստեղծում դեռահասների և երիտասարդների համար՝ զարգանալու, իրենց ձայնը լսելի դարձնելու, համայնքային կյանքին մասնակցելու և իրենց հմտություններն ու աշխատունակությունն ընդլայնելու համար: Սա նպաստում է ոչ միայն նրանց, այլև համայնքի զարգացմանն ու աճին», - նշել է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը։
Երիտասարդների տունը կիրականացնի երիտասարդների անհատական և խմբային աշխատանքներ, խորհրդատվություն, կկազմակերպի կրթական ակումբներ և սեմինարներ, ինչպես նաև ժամանցային միջոցառումներ, ինչպիսիք են էքսկուրսիաները, համայնքային և միջանձնային կապերի ստեղծմանն ուղղված միջոցառումները: Այն ունենալու է հինգ հիմնական ուղղություն՝ կենտրոնանալով կրթության, մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության, զվարճանքի և առողջ ապրելակերպի խթանման վրա։
Երիտասարդների տան գործունեության շարունակականությունն ապահովելու համար Գավառի համայնքապետարանն իր հնգամյա բյուջեի ծրագրում ներառել է նաև կենտրոնի շահագործման ծախսերը, այդ թվում՝ անձնակազմի աշխատավարձերի և կոմունալ ծախսերը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը, գործընկերների հետ համագործակցությամբ, արդեն աջակցել է Դվինում, Էջմիածնում, Արմավիրում և Մրգաշենում երիտասարդների տների կամ երիտասարդական կենտրոնների ստեղծմանը: Արգենտինայի հայ համայնքի աջակցությամբ մինչև 2024 թվականը ՅՈՒՆԻՍԵՖ-ը Սյունիքի և Շիրակի մարզերում կհիմնի երիտասարդների ևս երկու նոր կենտրոն։