Գավառի դեռահասները Հայաստանում UPSHIFT-ի երբևիցե չգրանցված ռեկորդ են սահմանել՝ ձեռք բերելով իրենց ողջ համայնքի աջակցությունը
13 հոկտեմբերի 2022
Հայաստանում UPSHIFT-ի պատմության մեջ առաջին անգամ Գավառի դեռահասներին և երիտասարդներին հաջողվում է աջակցություն ստանալ բոլոր մրցակցող նախագծերի համար:
Հոկտեմբերի 13-ին Եվրոպական միությունը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն եզրափակեցին ԵՄ կողմից ֆինանսավորվող «ԱՊԱԳԱՆ ԱՅՍՕՐ. Հայաստանում ժողովրդավարության խորացման համար կանանց, երիտասարդների և երեխաների դերի հզորացում» ծրագրի շրջանակում իրականացվող Գավառի UPSHIFT-ը՝ մրցակցող երիտասարդների տասը թիմերով: Թիմերը ընտրվել էին մարտին՝ UPSHIFT bootcamp-ից հետո և մինչև սեպտեմբեր աշխատել են մենթորների հետ՝ իրենց գաղափարները կյանքի կոչելու համար: Միջոցառմանը ներկա էր 2021 թ-ի Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի հաղթող Մալենան, որը ոգեշնչեց երիտասարդներին՝ շարունակել իրենց ջանքերը՝ նպաստելու Գավառի զարգացմանը։
«UPSHIFT Գավառը առանձնացավ ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար, քանի որ այն նոր ռեկորդ սահմանեց. համախմբվեց ամբողջ համայնքը՝ աջակցելու բոլոր մրցակից թիմերին, որպեսի դեռահասների ծրագրերը իրականություն դառնան: ՅՈՒՆԻՍԵՖ-ն ի սկզբանե աջակցել է թիմերից հինգին, Գավառի համայնքապետարանը որոշում է կայացրել աջակցել երեք լրացուցիչ թիմերի, իսկ UPSHIFT-ի մի խումբ անհատ աջակիցներ օժանդակություն են ցուցաբերել ևս երկուսին», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը: «ՅՈՒՆԻՍԵՖ-ում UPSHIFT-ը նախագծվել է որպես ոչ ֆորմալ կրթական ծրագիր, որը դեռահասներին և երիտասարդներին հնարավորություն է տալիս ամրապնդել իրենց 21-րդ դարի հմտությունները, որոնք նրանք կօգտագործեն իրենց ողջ կյանքի ընթացքում»:
«Գյումրիից մինչև Իջևան և Գավառ, ես արդեն բազմաթիվ օրինակներ եմ տեսել, թե ինչպես են դեռահասներն ու երիտասարդները ղեկն իրենց ձեռքը վերցնում և դրական փոփոխություններ բերում համայնքում՝ ընդլայնելով սովորելու հնարավորությունները, ամրապնդելով իրենց հմտություններն ու աշխատունակությունը, և դա անում են ներառական ձևով»,- ավելացրել է Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Բրունո Մոնտարիոլը: «Եվրամիությունը մեծ նշանակություն է տալիս կրթությանը՝ ֆորմալ, թե՝ ոչ, և մենք աջակցում ենք ՀՀ-ին՝ զարգացնելու որակյալ կրթական ծառայություններ երեխաների և երիտասարդների համար»։
Տասը թիմերը հերթով ներկայացրեցին իրենց ծրագրերը, որոնց թվում էին Գավառ, Կարմիրգյուղ և Սարուխան գյուղերի բացօթյա մարզական տարածքների բարելավումը, հանրային այգիների էկո կարգավիճակի բարձրացումը, դպրոցում ջերմոց հիմնելու կամ մի քանի դպրոցներում դպրոցական զանգերի ավտոմատ համակարգի ստեղծումն և տեղադրումը: Մյուս թիմերը կենտրոնացել էին ոչ ֆորմալ կրթական հնարավորությունների վրա՝ օգտագործված պլաստիկից զարդեր և այլ իրեր պատրաստելու, ինչպես նաև Գավառում զբոսաշրջիկների համար հասկանալի ցուցանակների ստեղծման և տեղադրման վրա:
«Տպավորված էի այն բանով, թե թիմերից յուրաքանչյուրը ինչքան շատ բան է կարողացել անել ունեցած փոքր միջոցներով և իրենց մենթորների օգնությամբ: Իսկապես, մե՛ր հերթն ու ժամանակն է գործելու, և ես հուսով եմ, որ միասին մենք կարող ենք ավելի շատ երիտասարդների խրախուսել ակտիվություն ցուցաբերելու և միանալու մեզ», -նշել է Մալենան:
«Գավառի երիտասարդներն իսկապես նոր ռեկորդ սահմանեցին՝ ցույց տալով, թե ինչպես կարելի է գործել՝ համայնքի կողմից լայն աջակցություն ստանալու համար: Ես ինքս եմ տեսել, թե ինչպես են նրանք փոխվել UPSHIFT-ի շնորհիվ և բարելավել իրենց հմտությունները թիմային աշխատանքում, առաջնորդելու, ձեռներեցության և շահերի պաշտպանության, հաղորդակցության և շատ այլ ոլորտներում: Սա նրանց իսկ համայնքում դրական փոփոխություններ բերելու նրանց ճանապարհի միայն սկիզբն է, և ես վստահ եմ, որ նրանք կշարունակեն անել ավելին»,- նշել է «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը: