Եվրոպական տարածաշրջանի քաղաքները բացառիկ են. ԱՀԿ նոր զեկույցը ցույց է տալիս, որ դրանք կարող են դառնալ ամենաառողջը աշխարհում
31 օգոստոսի 2022
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանում մեծ քաղաքներն ավելի քիչ են, ի տարբերություն աշխարհի այլ հատվածների․ մեր տարածաշրջանի մարդկանց ավելի քան 70%-ն ապրում է կես միլիոնից պակաս բնակչությամբ քաղաքներում: Սա եվրոպական տարածաշրջանին եզակի հնարավորություն է տալիս դարձնել քաղաքային կյանքն ավելի առողջ, ասվում է Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ԱՀԿ եվրոպական գրասենյակի նոր զեկույցում։
«Քաղաքային դիզայնը առողջության համար. ոգեշնչում՝ ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանում քաղաքային դիզայնը որպես ֆիզիկական ակտիվության և առողջ սննդակարգի խթանիչ կիրառելու համար» զեկույցը հրապարակվել է 2022 թվականի օգոստոսի 31-ին՝ Ֆրանսիայի Նիցցա քաղաքում մեկնարկած Եվրոպայի Առողջապահության և էներգետիկայի գործողությունների հարթակի 11-րդ համաժողովի բացման ժամանակ։
Առողջ ընտրությունը պետք է լինի ամենահեշտ ընտրությունը
Փոքր քաղաքները կարող են ավելի շատ քաղաքային նախագծման գործիքներ և առողջապահական միջամտություններ օգտագործել՝ բարելավելու իրենց բնակչության բարեկեցությունը: Նոր զեկույցը դիտարկում է քաղաքային միջավայրում ֆիզիկական ակտիվության և առողջ սննդակարգի խթանման նորարարական և արդյունավետ ուղիները:
Ամուր կապ կա քաղաքային միջավայրի և ոչ վարակիչ հիվանդությունների միջև, որոնք ամբողջ աշխարհում մահվան և հաշմանդամության հիմնական պատճառն են:
Առողջ սննդի և ակտիվ ապրելակերպի հասանելիության ապահովումը մեծ ազդեցություն ունի ամբողջ աշխարհի համայնքների ֆիզիկական, մտավոր և սոցիալական բարեկեցության վրա:
Մարդկանց սննդի «ճիշտ» ընտրության և ֆիզիկական ակտիվության առավելությունների մասին պարզապես կրթելու փոխարեն քաղաքները կարող են մշակել ռազմավարություններ՝ այդ ընտրություններն ամենահեշտը դարձնելու համար, առաջարկվում է ԱՀԿ զեկույցում։
Գործիքներ՝ ավելի առողջ քաղաքների համար
«Եթե մենք ցանկանում ենք քաղաքներում ստեղծել այնպիսի միջավայր, որը կօգնի մարդկանց ապրել ավելի առողջ կյանքով, մենք նախ պետք է հասկանանք մարդկանց կարիքները: Սա մեզ հնարավորություն կտա առավել արդյունավետ կերպով ներառել առողջ սովորություններն առօրյա կյանքում», - նշեց դոկտոր Կրեմլին Վիկրամասինգեն, ԱՀԿ Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական գրասենյակի ղեկավարը։
«Տվյալների հավաքագրումը և տեղական համայնքների հետ կապերի ստեղծումը էական նշանակություն ունի ավելի առողջ քաղաքային պլանավորման համար»:
ԱՀԿ զեկույցը ներկայացնում է մի քանի նորարարական գործիքներ, որոնք կարող են հեշտացնել այս նպատակի իրականացումը․
- հավաքագրել տվյալներ քաղաքում մարդկանց տեղաշարժի վերաբերյալ,
- բացահայտել սննդի տեղական ենթակառուցվածքները, որոնք կարող են բարելավել պարենային անվտանգությունը,
- գնահատել ավելի առողջ քաղաքականության տնտեսական օգուտները,
- մշակել տարբեր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ քաղաքացիների ներգրավման գործիքներ,
- վերլուծել տվյալները ավելի առողջ քաղաքային պլանավորման համար։
Իրական օրինակներ տարբեր քաղաքներից
Շատ քաղաքներ արդեն իրականացրել են քաղաքային տրանսպորտին և շարժունակությանը, ինչպես նաև քաղաքային բնությանն ու կանաչ տարածքների հասանելիությանը վերաբերող ծրագրեր: Նոր զեկույցը ներկայացնում է որոշ հաջողված օրինակներ:
- Կորկ, Իռլանդիա
Այս քաղաքը զվարճալի տարրեր է ներմուծում իր քաղաքային ճարտարապետության մեջ՝ ստեղծելով տասը նոր այգիներ՝ զվարճալի սարքավորումներով և նստատեղերով:
- Լիսաբոն, Պորտուգալիա
Քաղաքը խթանում է առողջ սնվելու վարքագիծը՝ տեղական արտադրանքը դնելով իր հանրային տարածքի ծրագրի հիմքում, միաժամանակ երեխաներին սովորեցնելով բանջարեղեն աճեցնել և ճանաչել առողջ սննդակարգի կարևորությունը:
- Չերեպովեց, Ռուսաստանի Դաշնություն
Այս քաղաքը ստեղծել է ջուր մուտք գործելու հատուկ ուղիներ՝ ինչպես ամռանը, այնպես էլ ձմռանը: Կապելով քաղաքի կենտրոնում կապույտ և կանաչ տարածքները՝ այս միջամտությունը նպատակ ունի նպաստել քաղաքի բոլոր տարիքի և խմբերի բնակիչների հոգեկան առողջությանը:
- Թբիլիսի, Վրաստան
Քաղաքը վերափոխում է իր փողոցները՝ դարձնելով դրանք առավել հարմար հետիոտների համար: Փողոցների նոր դիզայնը կոչված է հասցեագրելու Թբիլիսիի հիմնական մարտահրավերները՝ օդի աղտոտվածությունը, ֆիզիկական պասիվությունը և հոգեկան առողջությունը:
Զեկույցում նշված գործիքներն ու օրինակները ընդգծում են այն գործողությունների տեսակները, որոնք քաղաքականություն մշակողները և քաղաքաշինարարները կարող են օգտագործել ոգեշնչման համար՝ վերաիմաստավորելու և բարելավելու իրենց քաղաքները:
![WHO Risk Communication and Community Engagement Consultant](/sites/default/files/styles/thumbnail/public/2022-02/WHO%20Risk%20Communication%20and%20Community%20Engagement%20Consultant_0.jpg?h=144cc098&itok=ivk4339-)