Համատեղ պատմություն. կենտրոնի վերանորոգում - ՄՄԿ, ՄԱԶԾ, ՄԱԿ ՓԳՀ, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ
ՄԱԿ-ի երեք գործակալություններ իրականացրել են անհապաղ օգնության տրամադրում Հայաստանում հակամարտությունից տուժած և տեղահանված բնակչության կարիքները հոգալու համար:
Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տևած Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին բռնկումից հետո մոտ 90,000 մարդ, որոնց 88%-ը կանայք և երեխաներ են, տեղահանվել է Հայաստան։ Հայաստանի Միգրացիոն ծառայության տվյալներով՝ 2021 թվականի մայիսի դրությամբ, Հայաստանում 36,989 տեղահանված անձ շարունակում է մնալ անմխիթար պայմաններում։ 2020 թվականի հակամարտության բռնկումից ի վեր Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում գտնվող բազմաթիվ խնամքի կենտրոններ/կրթական հաստատություններ/ապաստարաններ իրենց դռները բացեցին՝ ընդունելու և տեղավորելու կացարանի և խնամքի կարիք ունեցող տեղահանված ընտանիքներին։
Հայաստանում հակամարտությունից տուժած և տեղահանված բնակչության կարիքները հոգալու համար ՄԱԿ-ի երեք գործակալություններ՝ ՄՄԿ-ն, ՄԱԶԾ-ն, ՄԱԿ ՓԳՀ-ն, մի շարք նախաձեռնությունների շրջանակներում իրականացրել են անհապաղ օգնության տրամադրում, որը ներառում է ապաստարանների հիմնական վերանորոգումը և տեխնիկական բարելավումները՝ ապահով և արժանապատիվ կենսապայմաններ ապահովելու համար:
ՄԱԿ ՓԳՀ. Ապահովելով տեղահանված կանանց, երեխաների և տարեցների բարեկեցությունը
2020 թվականի վերջին սկսված տեղահանումների սկզբից, Հայաստանում բազմաթիվ պետական ուսումնական հաստատություններ և մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ բացել են իրենց դռները՝ ընդունելու և տեղավորելու ապաստանի և խնամքի կարիք ունեցող տեղահանված ընտանիքներին։ Այդ հաստատություններից էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող թիվ 17 հատուկ դպրոցը, որը հյուրընկալել է ավելի քան 100 տեղահանված անձանց, այդ թվում՝ խոցելի կանանց, երեխաների և տարեցների։
Ներկայացնում ենք դպրոցի ղեկավարությունից մեջբերում դպրոցի նախկին վիճակի, մարտահրավերների, հակամարտությունից հետո իրադարձությունների փոփոխության, մարդկանց՝ նոր իրավիճակին համակերպվելու, նրանց առաջնահերթ կարիքների և հնարավոր լուծումների մասին։
«Առանց ՄԱԿ ՓԳՀ-ի և ՄԱԿ-ի այլ գործակալությունների աջակցության, հնարավոր չէր լինի ապահովել տեղահանված ընտանիքների՝ խոցելի կանանց, երեխաների և տարեցների բարեկեցությունը․ նրանցից շատերն ունեն հաշմանդամություն և հատուկ կարիքներ։ Դուք ընտանիքներին տրամադրել եք կենցաղային իրեր, հիգիենայի և COVID-19-ի կանխարգելման միջոցներ, տաք հագուստ՝ օգնելու նրանց դիմանալ երկար ցուրտ ձմռանը, որին սովոր չէին», - ասաց Երևանի թիվ 17 հատուկ դպրոցի տնօրենը։
«Բարձր ենք գնահատում նաև ՄԱԿ ՓԳՀ-ի աջակցությունը՝ վերանորոգման աշխատանքների, սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման և դպրոցում ձեր կողմից ցուցաբերած տեխնիկական աջակցության և գույքի տրամադրման գործում։ Ձեր ճիշտ ժամանակին և արդյունավետ գործողություններն արժանապատիվ կենսապայմաններ ապահովեցին տեղահանված ընտանիքների և նրանց երեխաների համար, ովքեր օգտվում են դպրոցի կողմից տրամադրվող հոգեկրթական աջակցությունից և ժամանցային միջոցառումներից», - երախտագիտությամբ ավելացրեց նա։
Ընտանիքների հանդեպ ցուցաբերվող անշահախնդիր խնամքին և ուշադրությանը զուգահեռ, դպրոցի ուսուցիչներն ու հոգեբանները հոգեսոցիալական խորհրդատվություն և աջակցություն են ցուցաբերել տեղահանված երեխաներին՝ օգնելով նրանց հաղթահարել տեղահանության հետ կապված տրավման, ընդգրկվել դպրոցներում, սովորել և զարգանալ։
Շահառուներից մեկը պատմել է Հայաստանում և դպրոցում իրենց կյանքի մասին, ինչպիսի՞ն էր իրավիճակը, երբ նոր էին ժամանել, ինչպե՞ս էին հարմարվում, ինչպե՞ս է այժմ կյանքը, առօրյան, երեխաների ապրելակերպը և այլն։
«Անչափ շնորհակալ ենք դպրոցին և բոլոր այն մարդասերներին, ովքեր կանգնած են մեր կողքին, աջակցում և հոգ են տանում մեր մասին: Առանց ձեր խնամքի և ուշադրության, հնարավոր չէր լինի ողջ մնալ, մեծացնել մեր երեխաներին և ապրել համեստ, բայց արժանապատիվ կյանքով», - ասաց երեք երեխաների տեղահանված մայրը՝ իր երախտագիտությունը հայտնելով հյուրընկալող համայնքին և ՄԱԿ ՓԳՀ-ին։
«Մինչ մայրս ու հայրս զբաղվում են առօրյա գործերով, ես կարող եմ վայելել ժամանակս, խաղալ և հեծանիվ քշել մեր նոր տանը, որն այս մեծ հատուկ դպրոցն է՝ լայն միջանցքներով և ընդարձակ տարածքով», - նշեց տեղահանված ընտանիքից մի փոքրիկ տղա, ով ապրում է Երևանի թիվ 17 հատուկ դպրոցի սենյակներից մեկում։
Լեռնային Ղարաբաղի ճգնաժամին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համատեղ արձագանքման շրջանակներում, ներառյալ համայնքներին աջակցությունը և կարողությունների զարգացումը, ՄԱԿ ՓԳՀ-ն իր գործընկեր «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի միջոցով իրականացրել է վերանորոգման աշխատանքներ և բարելավել սանիտարական պայմանները, և ՄԱԿ ՓԳՀ այլ գործընկեր կազմակերպության՝ Հայկական կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ տրամադրել կենցաղային տեխնիկա, հիգիենայի պարագաներ և COVID-19-ի կանխարգելիչ փաթեթներ՝ աջակցելու տեղահանված ընտանիքներին և թեթևացնելու դպրոցի բեռը։
ՄՄԿ. Ապաստան, որը ջերմություն և ապահովության զգացում է հաղորդում բնակիչներին
Ձյան առատ տեղումներից որոշ ժամանակ առաջ Լեռնային Ղարաբաղից շուրջ 30 մարդ տեղափոխվեց «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն»։ ՄՄԿ-ի հայաստանյան գրասենյակը՝ Ճապոնիայի կառավարության կողմից հատկացված ֆինանսական աջակցությամբ, բարելավել է սանիտարական պայմանները՝ առանձնացնելով կանանց և տղամարդկանց զուգարանները և վերանորոգել միջանցքների փայտյա հատակները, որտեղ տարեց/ հավասարակշռության հետ խնդիրներ ունեցող/ բնակիչները սայթաքում էին: Ապաստանը գտնվում է Երևան քաղաքի ծայրամասում և իր հարկի տակ ընդունում է 141 բնակչի՝ 68 տղամարդու և 73 կնոջ: ՄՄԿ թիմն այցելել է ապաստարան՝ հանդիպելու կենտրոնի բնակիչներին և խնամակալներին։
Բուժքույրերից մեկի հետ զրուցեցինք Լեռնային Ղարաբաղից ժամանած տարեցների խնդիրների մասին, որոնց նրանք բախվել են մնալու ընթացքում:
«Մեզնից պահանջվում է ժամանակ անցկացնել բնակչի հետ՝ անհատի մասին ավելին բացահայտելու համար: Մեկ անգամ Ա.[1]-ին, բնակիչ, ում տեղավորել էինք հակամարտությունից հետո, ասացի, որ այստեղ լավ է լինելու։ Դրանից հետո նա անմիջապես անկեղծացավ և ինձ ասաց, թե որքան բախտավոր է զգում այստեղ գտնվելու համար: Մեր նպատակն է ապահովել, որ մեր բնակիչները ժպտան, և շատ գոհացնող է, երբ ինչ-որ մեկը պատասխան ժպտում է»:
Ա.-ն արդեն մեկ տարուց ավելի է՝ ապրում է կացարանում և իրեն հարմարավետ է զգում։ Նա սիրում է իրեն զբաղեցնել կացարանում առօրյա աշխատանք անելով։
«Ես կարող եմ ամեն օր լոգանք ընդունել՝ հագեցած օր սկսելու համար: Ես օրական երեք անգամ զբաղված եմ խոհանոցում օգնելով, խնամելով այգու ծառերը, որոնցից շատ ունենք։ Եվ, ես ունեմ որոշ ընտանի կենդանիներ՝ բառան ցեղատեսակի ճագարներ, որոնք նույնպես ապավինում են ինձ»։
Ա.-ն շատ ժամանակ է անցկացնում կենտրոնի այգու տարածքում, որտեղ առկա են մեծ ջերմոց, պտղատու ծառեր, պատսպարված նստատեղերով և փոքր ընտանի կենդանիների հասանելիությամբ տաղավարներ: Նա ամեն ինչ անում է կենտրոնի «սուպերմենը» լինելու համար և պատասխանատվություն է զգում բոլորի բարօրության համար։ Ամեն օր նա հարցնում է բուժքրոջը, թե արդյոք վերջինս իրեն լավ է զգում այդ օրը՝ իր բարբառով նշելով․
«Քո մասին նիգյարան եմ»։
[1] Խմբագրի նշում. Ա.-ի անունը քողարկվել է գաղտնիության նկատառումներով:
ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը, որը մեկնարկել է 2020 թվականին Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ, նպատակ ունի համայնքներին միավորել կայուն զարգացման նպատակների սկզբունքների շուրջ, համատեղ բարձրացնել ինքնաբավությունը, ճգնաժամի նկատմամբ դիմակայունությունը, նպաստել մարդկանց բարեկեցությանը, ինչպես նաև նվազեցնել Հայաստանի սահմանամերձ համայնքներում տարածքային զարգացման անհամաչափությունը:
Հիմնական դրույթներից մեկը, որին աջակցում է ծրագիրը, հետևյալն է՝ երիտասարդների դրական և առողջ զարգացումը կենսական նշանակություն ունի յուրաքանչյուր հասարակության համար ավելի լավ ապագա կառուցելու տեսանկյունից: Երիտասարդները, ինչպես երբեք, կարող են նպաստել իրենց համայնքների դիմակայունությանը՝ առաջարկելով նորարարական լուծումներ, նպաստելով սոցիալական առաջընթացին և ոգեշնչելով փոփոխությունների իրագործումը:
Սահմանամերձ համայնքներում բնակվող երիտասարդներին աջակցելու համար ՄԱԶԾ-ն միավորել է ջանքերը ՊՀԾ-ի և «Ճյուղային սննդի ինստիտուտ»-ի (SIFI) դպրոցական սննդի ծրագրի հետ` Հայաստանի սահմանամերձ համայնքներում տեղակայված առավել խոցելի դպրոցների վերանորոգման և վերազինման համար։
Սահմանամերձ ավելի քան 30 դպրոց ուսումնասիրելուց հետո՝ ծրագիրն ընտրել է 10 հաստատություն և սկսել հիմնանորոգումը: Արդյունքում դպրոցներն ունեն ամբողջովին նորացված խոհանոցներ, ճաշարաններ, պահեստներ, սանհանգույցներ և ներքին ջրատար խողովակներ։ Ծրագրի համար կարևոր էր սենյակների վերանորոգումը ժամանակակից լուծումներով, և այժմ սահմանամերձ դպրոցներն ունեն գունեղ և հարմարավետ ճաշարաններ, որոնք համապատասխանում են սանիտարահիգիենիկ բոլոր նորմերին:
Որոշ դպրոցներում վերանորոգման աշխատանքները շարունակվել են՝ աղբահորերով կոյուղու համակարգեր կառուցելով՝ շրջակա միջավայրի պահպանման համար։ Իսկ Գեղամասար համայնքում վերանորոգվել է տանիք, ինչպես նաև տեղադրվել են նոր հեղեղատարներ՝ նոր վերանորոգված ճաշարան ջրի ներթափանցումից խուսափելու համար։
Նախաձեռնության հաջող իրականացումը սահմանամերձ համայնքների ավելի քան 500 երեխայի հնարավորություն տվեց հասանելիություն ունենալ ավելի լավ առողջապահական և հիգիենիկ հաստատություններ:
Դպրոցի վերանորոգման ծրագիրը ծառայեց որպես համայնքի այլ կարիքների բացահայտման բանալի: Օրինակ՝ դպրոցի հիմնանորոգման ժամանակ Վայոց ձորի մարզի Խաչիկ բնակավայրում ոռոգման համակարգի անհրաժեշտություն էր հայտնաբերվել։ Ծրագրային դիտարկումները ցույց են տվել, որ հողերի ոռոգման ժամանակ ոռոգման ջրի կորուստը կազմել է 60%։ Արդյունքում ծրագրով աջակցություն է ցուցաբերվել 45 հա հողատարածքի ոռոգման նոր համակարգի կառուցմանը՝ անմիջական օգուտ տալով 920 մարդու։ Նորակառույց համակարգը առավելագույնի է հասցնում օգտագործվող ջրի արդյունավետությունը՝ մինչև 90%: