Հայաստանը ԱՀԿ և ԵՄ աջակցությամբ ուժեղացնում է հոգեկան առողջության համայնքային ծառայությունները զինված հակամարտությունից տուժած բնակչության համար
23 հունիսի 2022
«Հոգեկան առողջություն բոլորի համար» ծրագիրն ուղղված է Հայաստանում հոգեկան առողջության ոլորտում առկա բացերին՝ զինված հակամարտությունից տուժած բնակչության համար։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), Եվրոպական հանձնաժողովի և ՀՀ առողջապահության նախարարության (ԱՆ) հետ համագործակցությամբ մեկնարկել է Հայաստանում հոգեկան առողջության ոլորտում առկա բացերին ուղղված գործողությունների ծրագիրը` զինված հակամարտությունից տուժած բնակչության համար։
«Հոգեկան առողջություն բոլորի համար» խորագրով ծրագիրը նպատակ ունի նպաստելու հակամարտությունից տուժած բնակչության համար հոգեկան առողջությանն և հոգեսոցիալական աջակցությանն ուղղված ծառայությունների հասանելիությանը՝ վերապատրաստելով առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողներին։ Հոգեկան առողջության ոլորտում առկա բացերին ուղղված գործողությունների ծրագիրը կիրականացվի Երևանում և չորս մարզերում՝ Կոտայքում, Արարատում, Գեղարքունիքում և Սյունիքում։ Ծրագրի շնորհիվ նշված մարզերում առաջնային բուժօգնության հաստատությունների 20 տոկոսը հնարավորություն կունենա տրամադրել հոգեկան առողջության և հոգեսոցիալական որակյալ և ապացուցահեն աջակցություն:
Հունիսի 16-ին Գորիսում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի, Եվրոպական հանձնաժողովի ԵՄ Հարևանության և ընդլայնման գլխավոր տնօրինության, տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպման ընթացքում ներկայացվեց «Հոգեկան առողջություն բոլորի համար» ծրագրի նպատակները և հիմնական ուղղությունները։
Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության գրասենյակի ղեկավար Անդրեա Վիկտորինը ընդգծեց հոգեկան առողջության կարևորությունը և հոգեկան առողջության ոլորտում առկա բացերին ուղղված գործողությունների ծրագրի դերը այս խնդրի հասցեագրման գործում:
«Հոգեկան առողջությունը առողջապահական ոլորտի օրակարգային առաջնահերթություններից մեկը դարձնելը կնպաստի անհատների, ընտանիքների և համայնքների բարեկեցությանը», - ասաց դեսպանը։
«Առողջապահության նախարարությունը բարձր է գնահատում ԱՀԿ-ի և ԵՄ-ի հետ այս կարևոր համագործակցությունը։ «Հոգեկան առողջություն բոլորի համար» ծրագիրը մեծ ներուժ ունի՝ բարելավելու համայնքներում որակյալ հոգեկան առողջության ծառայությունների հասանելիությունը և հասցեագրելու զինված հակամարտությունից տուժած բնակչության հոգեկան առողջության և հոգեսոցիալական խնդիրները», -նշեց հոգեկան առողջության ոլորտում առկա բացերին ուղղված գործողությունների ծրագրի ԱՆ համակարգող Քրիստինե Գալստյանը։
Մեկնարկային հանդիպմանը հաջորդեց շահագրգիռ կողմերի հանդիպումը Կապան քաղաքում՝ ԱՀԿ ներկայացուցիչների, Սյունիքի մարզպետարանի, հոգեկան առողջության ոլորտի մասնագիտական համայնքի և առողջապահական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ: Մասնակիցները քննարկեցին հոգեկան առողջության ոլորտում մարզում առկա հիմնախնդիրները և ծրագրի միջոցով հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության կարիք ունեցող մարդկանց որակյալ համայնքային ծառայություններ տրամադրելու հնարավորությունները:
Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ դոկտոր Ժիհան Թաուիլան նշեց. «Իրական փոփոխություններ իրականացնելու համար մենք պետք է աշխատենք Հայաստանում ավելի ճկուն համակարգեր կառուցելու ուղղությամբ: Մենք հուսով ենք, որ հոգեկան առողջության ոլորտում առկա բացերին ուղղված գործողությունների ծրագիրը կնպաստի առողջության առաջնային պահպանման օղակի աշխատակիցների կարողությունների հզորացմանը և լավ փորձ կհանդիսանա ազգային քաղաքականության համար՝ նպաստելով հոգեկան առողջության ծառայությունների ինտեգրմանը Հայաստանի առողջության առաջնային պահպանման ծառայություններում»: