Երկիր մոլորակը մեր միակ տունն է։ Կարևոր է, որ պահպանենք նրա մթնոլորտի առողջությունը, Երկրի վրա կյանքի հարստությունն ու բազմազանությունը, նրա էկոհամակարգերը և նրա սահմանափակ ռեսուրսները: Բայց մեզ դա չի հաջողվում: Չափազանց շատ ենք պահանջում մեր մոլորակից՝ միաժամանակ շարունակելով էկոլոգիապես կործանարար ապրելակերպ: Երկրի բնական համակարգերը չեն կարող բավարարել մեր պահանջները:
Սա ոչ միայն վնասում է Երկիր մոլորակին, այլև մեզ: Առողջ միջավայրը կարևոր է բոլոր մարդկանց և Կայուն զարգացման բոլոր 17 նպատակների համար: Այն ապահովում է սնունդ, մաքուր ջուր, դեղամիջոցներ, կլիմայի կարգավորում և պաշտպանություն էքստրեմալ եղանակային իրադարձություններից: Կարևոր է, որ խելամտորեն կառավարենք բնությունը և ապահովենք նրա ծառայություններից արդար հասանելիություն, հատկապես առավել խոցելի մարդկանց և համայնքների համար:
Ավելի քան 3 միլիարդ մարդ տուժում է քայքայված էկոհամակարգերից: Աղտոտվածությունը ամեն տարի մոտ 9 միլիոն վաղաժամ մահվան պատճառ է հանդիսանում: Ավելի քան 1 միլիոն բուսատեսակ և կենդանատեսակ ոչնչացման վտանգի տակ է, և նրանցից շատերը կարող են վերանալ առաջիկա տասնամյակների ընթացքում:
Մարդկության գրեթե կեսն արդեն գտնվում է վտանգավոր կլիմայական գոտում, որտեղ կլիմայական ազդեցություններից մահանալու հավանականությունը, ինչպիսիք են ծայրահեղ շոգը, ջրհեղեղները և երաշտը, 15 անգամ ավելի մեծ է: 50:50 հավանականություն կա, որ առաջիկա հինգ տարում գլոբալ միջին տարեկան ջերմաստիճանը կգերազանցի փարիզյան համաձայնագրով սահմանված 1,5 աստիճան Ցելսիուսի սահմանաչափը: Մինչև 2050 թվականը տարեկան ավելի քան 200 միլիոն մարդ կարող է տեղահանվել կլիմայական փոփոխությունների պատճառով:
Հիսուն տարի առաջ աշխարհի առաջնորդները հավաքվեցին Միավորված ազգերի կազմակերպության շրջակա միջավայրի խնդիրներին նվիրված խորհրդաժողովում և պարտավորվեցին պաշտպանել մոլորակը:
Վերջերս գումարված Ստոկհոլմ+50 բնապահպանական հանդիպումը վերահաստատեց, որ բոլոր 17 Կայուն զարգացման նպատակներին հասնելու անհրաժեշտ հիմքը մեր մոլորակի առողջությունն է: Բոլորս պետք է պատասխանատվություն ստանձնենք՝ կանխելու կլիմայի փոփոխության, աղտոտման և կենսաբազմազանության կորստի եռակի ճգնաժամերի հետևանքով առաջացած աղետը:
Կառավարությունները պետք է շտապ առաջնահերթություն տան կլիմայական գործողություններին և շրջակա միջավայրի պաշտպանությանը քաղաքական որոշումների միջոցով, որոնք նպաստում են կայուն առաջընթացին: Այդ նպատակով հինգ հստակ առաջարկ եմ արել՝ կտրուկ արագացնելու վերականգնվող էներգիայի տեղակայումն ամենուր, ներառյալ վերականգնվող էներգիայի աղբյուրների և հումքի օգտագործման տեխնոլոգիաների մատչելիության ապահովումը բոլորի համար, բյուրոկրատական քաշքշուկների կրճատումը, սուբսիդավորման պրակտիկայի փոփոխությունը և ներդրումների ծավալի եռապատկումը:
Ընկերությունները որոշումների կայացման հիմքում պետք է դնեն բնապահպանական կայունությունը՝ հանուն մարդկության և սեփական շահույթի: Առողջ մոլորակը երկրի վրա տնտեսության գրեթե ցանկացած ճյուղի հիմքն է:
Եվ, որպես ընտրողներ և սպառողներ, պետք է անենք այնպես, որ մեր գործողությունները կարևոր լինեն բոլոր առումներով՝ սկսած քաղաքական կուրսից, որին աջակցում ենք, մինչև սնունդը, որը ուտում ենք, փոխադրամիջոցը, որը ընտրում ենք, այն ընկերություններին, որոնց աջակցում ենք: Բոլորս կարող ենք կատարել էկոլոգիապես մաքուր ընտրություններ, որոնք թույլ կտան ապահովել մեզ անհրաժեշտ փոփոխությունները:
Հատկապես կանայք և աղջիկները կարող են փոփոխությունների ակտիվ գործակալներ լինել: Նրանք պետք է լիազորված լինեն և ընդգրկվեն որոշումների կայացման գործընթացների բոլոր մակարդակներում: Նմանապես,անհրաժեշտ է նաև հարգել և կիրառել բնիկ ժողովուրդների գիտելիքները և ավանդական գիտելիքները, որոնք կօգնեն պաշտպանել մեր փխրուն էկոհամակարգերը:
Պատմությունը ցույց է տվել՝ ինչի կարելի է հասնել, երբ միասին աշխատենք և առաջնահերթ մտածենք մոլորակի մասին: 1980-ականներին, երբ գիտնականները նախազգուշացրին օզոնային շերտում մայրցամաքի մեծության մահացու անցքի մասին, յուրաքանչյուր երկիր Մոնրեալի արձանագրությամբ պարտավորվեց աստիճանաբար վերացնել օզոնը քայքայող քիմիական նյութերը:
1990-ականներին Բազելի կոնվենցիան արգելեց թունավոր թափոնների բեռնաթափումը զարգացող երկրներում: Եվ անցյալ տարի բազմակողմ ջանքերով վերջ դրվեց էթիլացված բենզինի արտադրությանը. քայլ, որը կնպաստի ավելի լավ առողջությանը և ամեն տարի կկանխի ավելի քան 1,2 միլիոն վաղաժամ մահ:
Այս և հաջորդ տարի համաշխարհային հանրությունը ավելի շատ հնարավորություններ կունենա ցուցադրելու բազմակողմանի մոտեցման արդյունավետությունը բնապահպանական ճգնաժամերը լուծելու համար՝ սկսած կենսաբազմազանության պահպանման նոր գլոբալ շրջանակային ծրագրի շուրջ բանակցություններից, որը միտված է մինչև 2030 թվականը հակադարձել բնության կորուստը մինչև պլաստիկ աղտոտման դեմ պայքարի պայմանագրի կնքում:
Միավորված ազգերի կազմակերպությունը հանձնառու է առաջնորդելու այս համագործակցային գլոբալ ջանքերը, քանի որ առաջընթացի միակ ճանապարհը բնության հետ աշխատելն է, այլ ոչ թե նրա դեմ: Միասին կարող ենք ապահովել, որ մեր մոլորակը ոչ միայն գոյատևի, այլև բարգավաճի, քանի որ ունենք միայն մեկ Երկիր մոլորակ: