ԵՄ-ն և ԱՀԿ-ն Գորիսի բժշկական կենտրոնին են նվիրել նոր թվային ռենտգեն սարքավորում
26 մայիսի 2022
Ռենտգենյան նոր սարքերը հեշտացնում են հիվանդների բուժման ընթացքի մշտադիտարկումը եւ բարելավում կլինիկական ախտորոշումների իրականացումը։
Եվրոպական միությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ժամանակակից ռենտգեն սարքավորում են նվիրել Գորիսի բժշկական կենտրոնին՝ ռադիոլոգիայի կաբինետում օգտագործելու համար՝ երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող օժանդակության առավել լայն փաթեթի շրջանակում: Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
Եվրոպական միության ֆինանսավորմամբ մայրաքաղաք Երևանում և մարզերում ռենտգեն սարքավորումներ են ստացել ևս 6 հիվանդանոց։ Ռենտգենյան նոր սարքերը հեշտացնում են հիվանդների բուժման ընթացքի մշտադիտարկումը եւ բարելավում կլինիկական ախտորոշումների իրականացումը։ Ժամանակակից այս ռենտգեն սարքերն անգնահատելի են հատկապես այն հիվանդանոցների համար, որոնք օրական ընդունում են հարյուրավոր հիվանդներ: Թվային ռենտգեն սարքերն ապահովում են ավելի որակյալ պատկեր, ինչը թույլ է տալիս կատարել ճշգրիտ և արագ ախտորոշում։
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ոչ վարակիչ հիվանդությունների ծրագրերի ղեկավար Հենրիկ Խաչատրյանն այցելեցին Գորիսի բժշկական կենտրոն` հանձնելու ռենտգեն սարքավորումը:
«Կարևոր է աջակցել մարզերում առողջապահական համակարգին. ԵՄ-ն աջակցում է Հայաստանին՝ շարունակելու պայքարը վիրուսի դեմ և բարելավելու Հայաստանի քաղաքացիների կյանքը։»,- նշեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին COVID-19-ի դեմ պայքարում վերջին 2 տարվա ընթացքում մշտապես ու անգնահատելի աջակցության համար: Այժմ էլ «Համերաշխություն հանուն առողջության» նախաձեռնության շրջանակներում, ԵՄ ֆինանսավորմամբ և ԱՀԿ աջակցությամբ Գորիսի բժշկական կենտրոնին նվիրաբերվել է ռենտգեն սարք, որը հնարավորություն կտա անհրաժեշտ հետազոտությունները կատարել ժամանակակից սարքով` տրամադրելով ավելի որակյալ բուժօգնություն մեր հայրենակիցներին»,- նշել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։
Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Համերաշխություն հանուն առողջության» նախաձեռնության շրջանակում Գորիսի բժշկական կենտրոնը ԱՀԿ-ից ստացել է 1 էլեկտրասրտագրման սարք և 3 թթվածնի կոնցենտրատոր, որոնք օգնել են հարյուրավոր հիվանդների ապաքինվել COVID-19-ով առաջացած ծանր հիվանդությունից։
Հյուրերը նաև այցելեցին Գորիսի պոլիկլինիկայում իրականացվող «Պատվաստումը հոգատարություն է» արշավը և զրուցեցին բուժաշխատողների հետ՝ լսելու նրանց փորձառության և պատվաստանյութի կիրառման հետ կապված մարտահրավերների մասին: «Պատվաստումը հոգատարություն է» արշավը, որն իրականացվում է Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի բաշխմանն և պատվաստմանն ուղղված Եվրոպական միության/ԱՀԿ-ի համատեղ ծրագրի շրջանակում և Առողջապահության նախարարության հետ սերտ համագործակցությամբ, նպատակ ունի բնակչության համար ավելի մատչելի դարձնել Covid-19-ի դեմ պատվաստումը։ 65-ից բարձր տարիքիանձինք, ովքեր բնակվում են Հայաստանի մարզերում, կարող են պատվաստվել շարժական պատվաստումների խմբերի օգնությամբ, ովքեր այցելում են պոլիկլինիկաներ, ամբուլատորիաներ և համայնքային կենտրոններ: Բացի COVID-19-ի պատվաստումից, տարեց բնակչությունը հնարավորություն ունի օգտվելու այլ կարևոր առողջապահական ծառայություններից, ներառյալ ոչ վարակիչ հիվանդությունների հետազոտություններից։
«ԱՀԿ-ն շարունակում է աջակցել երկրին հզորացնել առողջապահական համակարգը՝ հատուկ ուշադրություն դարձնելով մարզերին, իրականացնելով բուժանձնակազմի համար վերապատրաստման դասընթացներ, տրամադրելով անհրաժեշտ բժշկական պարագաներ և սարքավորումներ, ինչն ավելի հասանելի է դարձնում բժշկական ծառայությունները բնակչության համար: «Պատվաստումը հոգատարություն է» արշավի շրջանակում Սյունիքի մարզի բնակչությունը հնարավորություն ունի ստանալ COVID-19-ի դեմ պատվաստում իրենց իսկ բժշկական կենտրոններում։»,- նշեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ոչ վարակիչ հիվանդությունների ծրագրերի ղեկավար Հենրիկ Խաչատրյանը»,- նշված է հաղորդագրության մեջ։