Մամուլի հաղորդագրություն

ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցում է Հանրային հեռուստաընկերության հետ՝ ծնողներին նվիրված դրական ծնողավարման անկյուն ստեղծելու համար

20 մայիսի 2022

  • «Առողջ ապրելակերպ» հաղորդաշարի «ՅՈՒՆԻՍԵՖ-ի անկյուն. դրական ծնողավարում» շարքը հյուրընկալելու է հոգեբանների և այլ մասնագետների, որոնք ծնողավարման մասին պրակտիկ խորհուրդներ կտան:

ԵՐԵՎԱՆ, 23-ը մայիսի, 2022թ. - ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը եզակի համագործակցություն են մեկնարկել «Առողջ ապրելակերպ» ամենօրյա ծրագրի շրջանակում՝ աջակցելու մայրիկներին և հայրիկներին դրական ծնողավարման վերաբերյալ վստահելի տեղեկատվություն ձեռք բերել առաջատար փորձագետների կողմից: Ծրագրի՝ «ՅՈՒՆԻՍԵՖ-ի անկյուն. դրական ծնողավարում» խորագրով հատվածը եթերում է լինելու շաբաթը երկու անգամ. այն մշակվել է «Ծնողի դպրոց» հասարակական կազմակերպության աջակցությամբ:



Շարքի ընթացքում գործնական խորհուրդներ են տրվելու ծնողներին, որոնք կբարելավեն ծնողավարման հմտությունները, երեխաների և ընտանիքի անդամների հետ փոխհարաբերությունները, ինչպես նաև կխթանեն ինքնախնամքի մշակույթը, ինչպես նաև հոգեկան առողջության և բարեկեցության վերաբերյալ դրական վերաբերմունք կսերմանեն:

«Մարզեր կատարած իմ այցերի ընթացքում հաճախ եմ լսել կանանցից, հատկապես նորաթուխ մայրերից, որ ակտիվորեն տեղեկատվություն են փնտրում երեխայի խնամքի և ծնողավարման մասին, բայց սովորաբար գտնում են կա՛մ ոչ արդիական տեղեկատվություն, կամ էլ՝ առցանց օտարալեզու աղբյուրներ: Համագործակցելով Հանրային հեռուստատեսության և «Ծնողի դպրոցի» հետ՝ մենք փորձել ենք օգտակար տեղեկատվություն տրամադրել խնամակալներին մայրենի լեզվով Հայաստանի առաջատար հոգեբանների կողմից»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին: «Մշակված նյութերը անդրադառնում են նաև դեռահասությանը՝ որպես մանկության շրջան: Սա յուրահատուկ ժամանակահատված է յուրաքանչյուրի կյանքում, երբ ծնողավարությունը պահանջում է  տվյալ զարգացման փուլին համապատասխան մոտեցում»:

«Առաջին ալիքը, որպես հանրային հեռարձակող, շատ կարևոր կրթական առաքելություն ունի, այդ թվում՝ առողջ հասարակության ձևավորման գործում: Շատ կարևոր ենք համարում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ դրական ծնողավարության թեմայով համագործակցության մեկնարկը: Սա շատ կարևոր նախաձեռնություն է, որն օգնելու է ունենալ ավելի իրազեկված, բարձր գիտակցությամբ  հասարակություն: Վստահ եմ, որ առաջիկայում այլ ձևաչափերով ևս կխթանենք ծնողավարության հմտությունների զարգացումը»,- նշել է Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր, գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

«Մեր փորձագետների համար հեշտ գործ չի եղել շարքի համար ամենահրատապ, գործնականում կիրառվող և ընդգրկուն թեմաներ ընտրելը: Գիտակցված և դրական ծնողավարման վերաբերյալ այնքան շատ բան կա ծնողներին ասելու, բայց մենք որոշեցինք կենտրոնանալ ավելի գործնական խորհուրդների և ծնողներին հմտությունների և սովորությունների գործիքակազմ տրամադրելու վրա, որոնք կօգնեն նրանց շոշափելի փոփոխություններ բերել ծնող-երեխա փոխհարաբերություններում: Մենք փոխանցում ենք տեղեկություն և մեթոդներ, թե ինչպես դառնալ հմուտ և երջանիկ ծնող, քանի որ հավատում ենք, որ միայն երջանիկ ծնողները կարող են մեծացնել երջանիկ երեխաներ»,- նշել է «Ծնողի դպրոց» ՀԿ-ի հիմնադիր Աննա Վելիցյանը: «ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ այս համագործակցությունը մեզ աննախադեպ հնարավորություն ընձեռեց հասնելու յուրաքանչյուր հայ ծնողի երկրի յուրաքանչյուր անկյունում, մի բան, որի մասին մենք՝ որպես ծնողավարության հոգեբաններ, միայն երազել կարող էինք:

Հաղորդաշարին հետևեք Հանրային հեռուստաընկերությամբ ժամը 18:00-ին կամ դիտեք առցանց ՅՈՒՆԻՍԵՖ-ի յություբյան ալիքով:



ՔՈՎԻԴ-19 համավարակով և Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ պայմանավորված սոցիալ-հոգեբանական աջակցությունը, այդ թվում դրական ծնողավարումը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հիմնական ծրագրային ուղղություններից են վերջին տարիներին: 2020-2022 թվականներին ավելի քան 32,000 ծնող և երեխա աջակցություն է ստացել անհատական և խմբային ձևաչափերով: Դրական ծնողավարմանը նպաստելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՀՀ առողջապահության նախարարությունը նաև ստեղծել են հայալեզու www.babycef.am կայքը, որի միջոցով հայրիկներն ու մայրիկները կարող են ստանալ վստահելի խորհուրդներ:

Zara Sargsyan

Զառա Սարգսյան

ՅՈՒՆԻՍԵՖ
Հաղորդակցության բաժնի ղեկավար

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ՅՈՒՆԻՍԵՖ
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ