Ոգեշնչող պատմություններին հաջորդեց հետաքրքիր քննարկում՝ անդրադարձ կատարելով տնտեսական իրավազորման, նորարարության, կանանց իրավունքների հիմնահարցերին։
2022թ.-ի մարտի 8-ին, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, տեղացի ավելի քան երկու հարյուր երիտասարդ աղջիկների և տղաների մասնակցությամբ, տեղի ունեցավ կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառում, որն իրականացվում էր ՄԱԿ-ի կողմից հայտարարված համընդհանուր խորագրի ներքո՝ «Գենդերային հավասարությունն այսօր՝ հանուն կայուն ապագայի»։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը ողջույնի խոսքում նշեց, որ գենդերային անհավասարությունը և խտրականությունը, ռեսուրսների և հնարավորությունների անհամաչափ հասանելիությունը հասարակության առաջընթացի լուրջ խոչընդոտ են հանդիսանում. «Այս փուլում հատկապես, Հայաստանի համար ամենակարևոր խնդիրներից է կայուն սոցիալական և տնտեսական զարգացման ապահովումը՝ գենդերային բաղադրիչի ներառմամբ, ինչը համահունչ է ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության ստեղծման ուղին որդեգրած մեր երկրի քաղաքականությանը»:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանն ընդգծեց, որ կանանց միջազգային օրն արտահայտում է կանանց իրավունքների համար պայքարը. «Այս օրն իրականում, բոլորիս համար է, քանի որ լիարժեք իրավահավասարությունը կբերի տնտեսական և սոցիալական բարեկեցության և կնպաստի մեր երկրի, աշխարհի զարգացմանը»։
Միջոցառումը մեկնարկեց «Safe YOU» հարթակի հիմնադիր Մարիամ Թորոսյանի, «ՎԻՆՆԵԹ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի նախագահ Ռուզաննա Տոռոզյանի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի ոգեշնչող պատմություններով։
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը, իր պատմությունը եզրափակելով, դիմեց երիտասարդներին. «Դուք խելացի եք, կրթված եք և բազմաթիվ տաղանդներ ունեք, մի վախեցեք նաև սխալվելուց, ուրեմն մի վարանեք ակտիվ դերերից, դուք կարո՛ղ եք»։
Ոգեշնչող պատմություններին հաջորդեց ընդլայնված կազմով հետաքրքիր քննարկում՝ անդրադարձ կատարելով տնտեսական իրավազորման, նորարարության, կանանց իրավունքների հիմնահարցերին։
Այնուհետև մեկնարկեց «ՎԻՆՆԵԹ Հայաստան» ցանցի անդամ կանանց ռեսուրս կենտրոնների շահառուների կողմից պատրաստված ձեռագործ աշխատանքների ցուցադրությունը և վարպետության դասը, որը վարում էին կենտրոնի Կապանի, Գորիսի և Վանաձորի ներկայացուցիչները։
Միջոցառմանը մասնակցում էին նաև աղջիկներ, որոնք ավիամոդելավորման բաց դաս անցկացրեցին մասնակիցների համար։ Իսկ ահա Վանաձորի գեղարվեստի դպրոցի սաները էկոպայուսակների վրա գունազարդեցին աղջիկ երեխային խորհրդանշող ՆԷ-ին, որն, այդ օրվա խորհրդով, սուպերհերոսի կերպար էր ստացել։ Ի դեպ, պայուսակները պատրաստել էին Վանաձորի, Կապանի և Գորիսի կենտրոնների կարի արհեստանոցների վարպետները:
Միջոցառումը նախաձեռնել էին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Հայաստանում ՄԱԿ-ի Մշտական համակարգողի գրասենյակի, ՎԻՆՆԵԹ Հայաստան կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի, Safe YOU հարթակի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ։ Միջոցառումն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Ապագան այսօր. Կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի շրջանակներում։
Ահա նաև տեսանյութ մեր միջոցառումից, որտեղ խոսնակները ընդգծում են լիարժեք իրավահավասարության կարևորությունը՝ անդրադարձ կատարելով տնտեսական իրավազորման, նորարարության, կանանց իրավունքների հիմնահարցերին և կիսվում ոգեշնչող պատմություններով։