Հայտնի են «Ճամպրուկ 2021» մրցույթի հաղթող, միգրացիան և տեղահանությունը լուսաբանող լրագրողները
24 դեկտեմբերի 2021
Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 17-ին, Երևանում։
Միգրացիայի Միջազգային Կազմակերպությունը (ՄՄԿ), ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԱԿ ՓԳՀ) և Հայաստանի Միգրացիոն ծառայությունը հպարտությամբ հայտարարեցին «Ճամպրուկ 2021» լրագրողական մրցանակաբաշխության հաղթողներին։ Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 17-ին, Երևանում։
Մրցույթը աջակցում է լրագրողներին, ովքեր ուշադրություն են հրավիրում Հայաստանում միգրացիայի ևտեղահանվածության բազմակողմանիության վրա՝ զեկուցելով այնպիսի թեմաների մասին, ինչպիսիք են ապաստանի համակարգ, փախստականներ, միջազգային պաշտպանություն և ինտեգրում ՀՀ-ում, միգրացիոն գործընթացներ և միգրանտներ, տեղահանություն և տեղահանված անձանց խնդիրներ։
Միգրացիան կարիք ունի ավելի լավ լուսաբանման: ՄՄԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը շեշտում է ԶԼՄ-ների կարևորությունը Հայաստանում միգրացիաի մարդասիրական հարցերի և միգրացիոն քաղաքականության մարտահրավերների վրա լույս սփռելու հարցում։
«Լրագրողները բարձրացնում են հարցեր, որոնք չեն կարող անտեսվել և ստեղծում են հոդվածներ, որոնք մեր վարքագծի մեջ փոփոխություններ են իրականացնում»:
«Բազմաթիվ փախստականների պատմություններ, եթե պատմվեն, ուղղակի ցնցող են։ Եթե դրանք շարադրվեն ճշգրիտ ու անկողմնակալ ձեւով, ապա այդ մարդկային պատմությունները կարող են հանրությանն ու որոշում կայացնողներին համոզել՝ համախմբել ջանքերն ու դրական փոփոխություններ բերել մարդկանց կյանք։ Զանգվածային լրատվամիջոցները, իսկ այսօր նաեւ՝ սոցիալական ցանցերն էական դեր են խաղում փախստականների ու նրանց իրավունքների նկատմամբ հանդուրժողականության ու հարգանքի խթանման գործում։ Հատկապես կարեւոր է հասարակության մոտ զարգացնել խտրականության բացառման, հավասարության, կրոնական հանդուրժողականության, բազմամշակութային միջավայրի եւ «ուրիշների» նկատմամբ հարգանքի կարեւորության զգացողությունը», նշում է Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ Աննա-Կարին Օստը։
«Գրագետ, ճշգրիտ և որակյալ մեդիա բովանդակությունը ձևավորում է առողջ հասարակական ընկալումներ, ինչն էլ իր հերթին բերում է կանոնավոր միգրացիոն վարքագիծ, կշռադատված որոշումներ և գիտակցում՝ կրելու այդ որոշման պատասխանատվությունը։ Ուստի մենք կարևորում ենք լրատվամիջոցների հետ արդյունավետ և կառուցողական համագործակցությունը և շարունակական քայլեր ձեռնարկում այդ ուղղությամբ», ավելացնում է Միգրացիոն Ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
Ստացվել է թվային, տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցներում աշխատող լրագրողների մասնակցության շուրջ 90 դիմում։ Ժյուրին ընտրել է միգրացիայի ոլորտում լրագրողական գերազանցություն ցուցաբերած ինը հաղթողների:
Առաջին հորիզոնականում EVN Report լրատվական գործակալության լրագրող Գոհար Աբրահամյանի «Օդից կախված. երբեմնի արցախաբնակների ոդիսականը» նյութն է, որը պատմում է Արցախցից տեղահանվածների մասին։ Աբրահամյանն ասում է, որ հույս ունի, որ մի օր իր հոդվածը կհնանա, և ոչ ոք այլևս «օդում կախված չի մնա»: Հեղինակը ստացավ 500 հազար դրամ՝ որպես մրցանակ, ինչպես նաև «Ճամպրուկ» մրցույթի խորհրդանշական բրոնզեաձույլ արձանիկը:
«ՃԱՄՊՐՈՒԿ » լրագրողական մրցույթի նպատակը թեմատիկ լուսաբանման ոլորտում լավագույն փորձը խրախուսելն է։ Հայաստանում փախստականների, տեղահանված անձանց և միգրանտների ու նրանց ինտեգրման գործընթացների վերաբերյալ գրագետ և ազդեցիկ մեդիա բովանդակությունը քաջալերելով՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԱԿ ՓԳՀ), Միգրացիայի Միջազգային Կազմակերպությունը (ՄՄԿ) և Հայաստանի Միգրացիոն ծառայությունը նպատակ ունեն ոգեշնչելու լրագրողներին՝ առավել ընդգրկուն, ճշմարիտ և անաչառ մոտեցումներ ցուցաբերելու տեղահանված անձանց և միգրանտների վերաբերյալ լրագրության և լուսաբանման գործում։