Մամուլի հաղորդագրություն

Նոր տարի, նոր փոքրիկներ։ Հայաստանում ավելի քան 105 երեխա լույս աշխարհ կգա Նոր տարվա օրը․ ՅՈՒՆԻՍԵՖ

01 հունվարի 2020

  • 2020թ-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում երկրների ղեկավարներին ներդրումներ անել հօգուտ բուժաշխատողների վերապատրաստման և համապատասխան սարքավորումների ձեռքբերման, որպեսզի հնարավոր լինի փրկել յուրաքանչյուր նորածնին:

Ըստ ՅՈՒՆԻՍԵֆ-ի գնահատականների,  Հայաստանում ավելի քան 105 երեխա լույս աշխարհ կգա Նոր տարվա առաջին օրը։ Աշխարհում այս խորհրդանշական օրը ծնվող 10,000 երեխայից 3-ը լույս աշխարհ կգան Հայաստանում։

«Նոր տարվա ու նոր դարաշրջանի սկիզբը հնարավորություն են տալիս մեզ վերագնահատել մեր հույսերն ու սպասելիքները ոչ միայն մեր ապագայի, այլև՝ մեր ապագա սերունդների հանդեպ»- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետտա Ֆորը։ «Յուրաքանչյուր տարվա հունվար ամսին մենք կրկին վերարժևորում ենք այն ներուժը, որին յուրաքանչյուր երեխա կարող է հասնել, եթե միայն ունենա դրա հնարավորությունը»։

Հավանաբար խաղաղօվկիանոսյան Ֆիջիում հենց կծնվի 2020թ-ի առաջին փոքրիկը, իսկ ԱՄՆ-ում՝ այդ օրվա վերջին փոքրիկը։ Ընդհանուր առմամբ, ստորև նշված ութ երկրներում են ծնվելու Ամանորի նորածինների կեսը․

  1. Հնդկաստան- 67,385
  2. Չինաստան- 46,299
  3. Նիգերիա-26,039
  4. Պակիստան-16,787
  5. Ինդոնեզիա- 13,020
  6. ԱՄՆ-10,452
  7. Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն-10,247
  8. Եթովպիա-8,493

Յուրաքանչյուր տարվա հունվար ամսին ՅՈՒՆԻՍԵՖ-ը տոնում է նոր երեխաների լույս աշխարհ գալը, քանի որ նոր տարվա սկիզբը իսկապես խորհրդանշական է։ Սակայն, ցավոք, շատ երեխաների համար իրենց ծննդյան օրը տոն այդպես էլ չի դառնում։

2018թ. 2,5 մլն երեխա չի ապրել մինչև իր մեկ ամսականը լրանալը, իսկ նրանցից 1/3-ը մահացել է իր ծննդյան հենց առաջին օրը։ Այս երեխաների կյանքը մեծամասամբ կարելի էր փրկել, քանի որ պատճառները կանխարգելելի էին․ վաղաժամ ծնունդ, ծննդաբերական բարդություններ, սեպսիսի նման ինֆեկցիաներ և այլն։ Ավելին, ամեն տարի ավելի քան 2,5 մլն երեխա մահացած է ծնվում։

Վերջին երեք տասնամյակներում, աշխարհը մեծ առաջընթաց է գրանցել՝ ավելի քան կիսով չափ կրճատելով մանկական մահացությունը։ Սակայն արդյունքները նույնքան տպավորիչ չեն նորածինների համար։ 2018թ. մանկական մահերի 47 տոկոսը պատահում են մինչև երեխայի մեկ ամսականը լրանալը, ինչը 40 տոկոսով գերազանցում է նույնիսկ 1990թ. ի ցուցանիշը։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի Կյանք յուրաքանչյուր երեխայի համար արշավը կոչ է անում հրատապ ներդրումներ անել հօգուտ բուժաշխատողների վերապատրաստման, նրանց զինել համապատասխան սարքավորումներով և դեղորայքով՝ այդպիսով ապահովելով, որ յուրաքանչյուր մայրիկ և յուրաքանչյուր նորածին հմուտ ձեռքերում լինեն, որոնք կարող են կանխարգելել և հաղթահարել հղիության, ծննդաբերության և կյանքի ընթացքում ի հայտ եկած բոլոր բարդությունները։

«Շատ մայրիկների և նորածինների համար, սակայն, վերապատրաստված բուժաշխատողները և համապատասխան սարքավորումները հասանելի չեն, ուստի կորուստներն էլ վիթխարի են»,- ավելացրել է տիկին Ֆորը։ «Մենք կարող ենք անել այնպես, որ միլիոնավոր երեխաներ ծնվեն և ապրեն, եթե նրանց համար ստեղծենք համապատասխան միջավայր ու տրամադրենք հմուտ բուժաշխատողներ»։

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատականների՝ Վրաստանում Նոր տարվա օրը լույս աշխարհ կգան 145, իսկ Ադրբեջանում՝ 433 փոքրիկներ։

190 երկրների ամբողջական գնահատականին կարող եք ծանոթանալ այստեղ։

Zara Sargsyan

Զառա Սարգսյան

ՅՈՒՆԻՍԵՖ
Հաղորդակցության բաժնի ղեկավար

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ՅՈՒՆԻՍԵՖ
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ