Մամուլի հաղորդագրություն

Միլլի Բոբբի Բրաունը և Սոֆյա Քարսոնը միացել են ՄԱԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի` Աշխարհի ամենածավալուն դասը նախաձեռնությանը

17 հունիսի 2020

  • Այսօր Աշխարհի ամենածավալուն դասը (World’s Largest Lesson) նախաձեռնությունը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ հայտարարում է Աշխարհի ամենածավալուն դասը- Live (կենդանի հեռարձակմամբ) միջոցառման մեկնարկը: Այս 35 րոպե տևողությամբ կրթական շոուի պրեմիերան տեղի կունենա YouTube հարթակում՝ 2020թ. հունիսի 16-ին՝ ժամը 19:00-ին (Երևանի ժամանակով): Դրա շրջանակներում մասնագետներն ու երիտասարդները համատեղ զրույց են վարելու՝ անդրադառնալով վերջին մի քանի ամիսներին, ինչպես նաև քննարկելու են, թե իրենք ինչպիսին կցանկանային տեսնել աշխարհը՝ հետկորոնավիրուսային ժամանակներում:

Երիտասարդներին հյուրընկալելու է NBC News լրատվական գործակալության և MSNBC լրատվական ալիքի հաղորդավար Սավաննա Սելլերը (Savannah Sellers)՝ քննարկելու կրթության, առողջապահության և ապագային վերաբերող թեմաներ՝ անդրադառնալով ողջ աշխարհի երիտասարդներին անհանգստացնող հիմնախնդիրներից մի քանիսին:

Աշխարհի ամենածավալուն դասը- Live-ի նպատակն է՝ ցույց տալ, որ թեև մենք ֆիզիկապես հեռու ենք միմյանցից, երիտասարդների ձայները, կարծիքներն ու գործողությունները կարող են փոփոխությունների բերել: Զրույցները վարելու են հետևյալ երեք թեմաներով․

Կրթություն: Հաշվի առնելով, որ վերջին մի քանի ամիսներին խաթարվել է ավելի քան մեկ միլիարդ երիտասարդի կրթությունը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ամինա Մոհամեդը (Amina Mohammed) և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ԱՄՆ գրասենյակի աջակից, դերասանուհի և երգչուհի Սոֆյա Քարսոնը (Sofia Carson) և Nord Anglia Education կրթական ցանցի ուսանող Ադրիան Հրաբոսը (Adrian Hrabos)՝ Պրաhայից, անդրադառնալու են այն մարտահրավերներին, որոնք երիտասարդները պետք է հաղթահարեն: Նրանք քննարկելու են, թե դպրոցների փակումը ինչպես է աշխարհին ստիպել վերարժևորել կրթությունը, և թե որքանով կարելի է դպրոցների փակումը դիտարկել որպես ապագան նորովի պատկերացնելու հնարավորություն:

Առողջապահություն։ Քանի որ համաշխարհային համավարակը մեծաթիվ թվով կյանքեր է խլել, Սավաննա Սելլերսը հարց է ուղղելու ԱՀԿ ներկայացուցիչ Մարիա Վան Կերկհովեին (Dr Maria Van Kerkhove), թե երիտասարդները ինչպես կարող են հետևել իրենց հոգեկան առողջությանը: Նրանց միանալու է ուսանող և սկաուտ Շաշանկ Դոլլինը (Shashank Dollin)՝ Հնդկաստանից, քննարկելու, թե ապագայում ինչպիսին կարող է լինել առողջապահությունը:

Ապագան. Եվ վերջապես, ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը (Henrietta Fore), ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Միլլի Բոբբի Բրաունը (Millie Bobby Brown) և արգենտինացի ուսանող Յաել Կուպրինոֆը (Yael Cuprinoff), քննարկելու են, թե իրենց կարծիքով, ինչը կարող է աշխարհը առաջ մղել համավարակից հետո: Հենրիետա Ֆորը և Միլլի Բոբբի Բրաունը, համավարակը ձևակերպելով որպես «վերագործարկում», այլ ոչ՝ «վերսկսում», քննարկելու են ավելի լավ ապագա կառուցելու գործում երիտասարդների էներգիայի ու ռեսուրսների ճիշտ օգտագործման հնարավորությունը:

Աշխարհի ամենածավալուն դասը-Live եզրափակելու է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմի (Dr Tedros Adhanom) ուղերձը, որով նա շնորհակալություն է հայտնելու երիտասարդներին՝ կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու գործում ունեցած ներդրման համար։ Հնչելու է նաև Բրուքլինի երիտասարդական երգչախմբի ոգեշնչող ելույթը՝ սիրված «You Will Be Found» երգի կատարմամբ, որը հռչակ է ձեռք բերել Բրոդվեյի Dear Evan Hansen հիթային մյուզիքլի շնորհիվ:

«Երեխաները կորոնավիրուսի թաքնված զոհերն են», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը: «Համավարակի պատճառով միլիոնավոր երեխաներ զրկվել են կրթություն ստանալու հնարավորությունից, խաթարվել է նրանց համար առողջապահական ծառայությունների հասանելիությունը, խորացել նրանց ընտանիքների աղքատությունը։ Համավարակը ազդել նրանց ֆիզիկական և հուզական բարօրության վրա: Հաշվի առնելով, թե որքան շատ երիտասարդ կյանքեր են տակնուվրա եղել՝ չափազանց կարևոր է, որ մենք բավարարենք երեխաների մեծացող կարիքները և համավարակի դեմ մեր արձագանքի ընթացքում նրանց օժտենք լսելի լինելու հնարավորությամբ, օգնենք, որ ընտանիքները ուշքի գան համավարակից և պատկերացնեն աշխարհը՝ առանց դրա»:

Հունիսի 16-ին կայանալիք դասախոսությանը միանալու համար կարող եք օգտվել հետևյալ հղումից՝ https://yt.be/WorldsLargestLesson:

Դասախոսության տեսագրությունը հասանելի կլինի այստեղ, իսկ նյութերի ներբեռնումը՝ այստեղ, ինչպես նաև՝ Աշխարհի ամենածավալուն դասի կայքէջում և YouTube-ի Learn@Home կայքէջում։ Վերջինս կրթական միջավայր է՝ հագեցած ընտանիքների համար նախատեսված նյութերով:

Zara Sargsyan

Զառա Սարգսյան

ՅՈՒՆԻՍԵՖ
Հաղորդակցության բաժնի ղեկավար

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ՅՈՒՆԻՍԵՖ
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ