Մամուլի հաղորդագրություն

Սուրբծննդյան բարեգործական տոնավաճառ` «Ավրորայի» և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համատեղ նախաձեռնությամբ

15 նոյեմբերի 2021

  • Գնելով տոնական նվերներ՝ դուք հնարավորություն ունեք բարեփոխելու մարդկանց կյանքը:

Ձմեռային տոներին ընդառաջ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը նախաձեռնել են Սուրբծննդյան տոնավաճառ՝ համատեղ ջանքերով օգնելու կարիքի մեջ հայտնված մարդկանց: Միջոցառման հիմնական գործընկերն է «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը։ Տոնավաճառին մասնակցությունը լավ առիթ է գնահատելու բարի գործն ու առաջ մղելու բարությանը բարությամբ պատասխանելու սովորությունը՝ աջակցելով «Ավրորայի» և Հայաստանում ՄԱԿ-ի ծրագրերին: Ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է աշխարհի տարբեր անկյուններում դժվարին պայմաններում հայտնված մարդկանց կյանքը բարեփոխելու ծրագրերին, որոնք տառապում են հակամարտությունների, մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների կամ մարդու իրավունքների այլ լուրջ խախտումների հետևանքով։

«Ձմեռային տոներն ուրախության և մեր ընկերների ու ընտանիքի հետ նշելու հրաշալի առիթ են, բայց ես կարծում եմ, որ սա նաև հիանալի հնարավորություն է՝ օգնության ձեռք մեկնելու նրանց, ովքեր այդքան բարեբախտություն չեն ունեցել: Ինչպես գիտեք, «Ավրորայի» հիմքում երախտագիտության համամարդկային գաղափարն է, որին կարող է միանալ յուրաքանչյուրը: Գործով արտահայտելով երախտագիտությունը՝ «Ավրորան» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է ոչ միայն վերապրել, այլև բարգավաճել և բարությանը պատասխանել բարությամբ՝  օգնության ձեռք մեկնելով այլոց: Մասնակցելով մեր Սուրբծննդյան բարեգործական տոնավաճառին՝ յուրաքանչյուրը հնարավորություն է ստանում վարվելու ճիշտ այդպես՝ միևնույն ժամանակ անցկացնելով հրաշալի ժամանակ»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Նիկոլա Ստանիշը: 

Սուրբծննդյան տոնավաճառը տեղի կունենա 2021 թ. դեկտեմբերի 12-ին՝ կիրակի, 10:00-ից մինչև 20:00-ը,  «Դվին» համերգասրահում (Պարոնյան 40, Երևան, Հայաստան): Ուրախ մթնոլորտն ու ապրանքների լայն տեսականին՝ գրքեր, խաղալիքներ, հուշանվերներ, բացիկներ, ձեռագործ աշխատանքներ, զարդեր և այլն, ինչպես նաև տոնական ուտեստներն ու ըմպելիքները, Սուրբծննդյան տոնավաճառը ժամանցի յուրահատուկ վայր կդարձնեն ողջ ընտանիքի համար: Մուտքն ազատ է բոլորի համար։ Միջոցառումը կանցկացվի՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները, ներառյալ՝ դիմակների կրումն ու սոցիալական հեռավորության ապահովումը: 

«Ձմեռային տոնավաճառները ջերմ ավանդույթ են շատ երկրներում և մշակույթներում, դրանք նաև հրաշալի տարբերակ են՝ ամենից կարիքավորներին օգնելու համար միջոցների հայթայթման տեսանկյունից: Մենք ուրախ ենք «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ այս միջոցառումը կազմակերպելու հնարավորության համար, քանի որ դեռ այնքան շատ համայնքներ կան աշխարհում և Հայաստանում, որոնք խիստ կարիքի մեջ են: Մեր հավաքական պատասխանատվությունն է շարունակել հոգ տանել և աջակցել այնքան ժամանակ, քանի դեռ կա դրա կարիքը, և օգնել կառուցելու ճանապարհը դեպի Կայուն զարգացման նպատակների իրագործում բոլորի համար: Ես հույս ունեմ, որ այս միասնական նախաձեռնությունը կդառնա նաև ավանդույթ, և միասին կկարողանանք օգնել ավելի շատ մարդկանց»,- ասաց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը:

Սիրով հրավիրում ենք Հայաստանի գործարար համայնքին, դեսպանություններին, օտար երկրների ներկայացուցիչներին և Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև այլ գործընկերների և կազմակերպությունների՝ մասնակցելու այս բարեգործական տոնավաճառին: Եթե ցանկանում եք ձեր տաղավարն ունենալ տոնավաճառին, խնդրում ենք կապ հաստատել մինչև 2021 թ. նոյեմբերի 23-ը՝ գրելով  info@auroraprize.com էլ. փոստին:

Armine Petrosyan

Արմինե Պետրոսյան

ՄԱՏԿ
Հաղորդակցության ղեկավար

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ՄԱՏԿ
ՄԱԿ-ի Տեղեկատվական կենտրոն

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ