Մամուլի հաղորդագրություն

ՄԱԿ ՓԳՀ-ն կոչ է անում կառավարություններին՝ արագացնել առաջընթացը և լուծել քաղաքացիություն չունեցող անձանց աղետալի խնդիրներն ամբողջ աշխարհում

04 նոյեմբերի 2021

  • Ամբողջ աշխարհում քաղաքացիություն դեռևս չունեցող միլիոնավոր մարդկանց խնդիրները լուծելու նպատակով անհրաժեշտ է ավելի շատ ջանքեր գործադրել, կոչ է արել ՄԱԿ ՓԳՀ-ն՝ ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը, այսօր, երբ լրացավ #IBELONG («Ես պատկանում եմ»)՝ ապաքաղաքացիությանը վերջ դնելուն ուղղված քարոզարշավի մեկնարկի յոթ տարին:

«Վերջին մի քանի տարվա ընթացքում գրանցվել է զգալի առաջընթաց, սակայն կառավարությունները պետք է ավելի շատ միջոցներ ձեռնարկեն՝ վերացնելու իրավական և քաղաքական բացերը, որոնց պատճառով միլիոնավոր մարդիկ շարունակում են ապրել՝ չունենալով քաղաքացիություն, կամ ծնվում են երեխաներ առանց քաղաքացիության», - ասել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին:  

Ապաքաղաքացիությունից, այլ խոսքերով՝ որևէ երկրի կողմից քաղաքացի չճանաչվելուց ամբողջ աշխարհում տուժում են միլիոնավոր մարդիկ: Քաղաքացիություն չունեցող անձանց համար հաճախ անհասանելի են ամենահիմնարար իրավունքները, ներառյալ՝ դպրոց հաճախելու, օրինական աշխատանք կատարելու, առողջապահական ծառայություններից օգտվելու, ամուսնանալու կամ երեխայի ծնունդը գրանցելու հնարավորությունները:

ՄԱԿ ՓԳՀ-ի #IBELONG արշավը, որի նպատակն է գլոբալ ապաքաղաքացիության հարցի նկատմամբ ուշադրություն հրավիրելը և դրա դեմ պայքարելը, մեկնարկել է 2014 թվականին և այդ ժամանակից ի վեր ավելի քան 400,000 քաղաքացիություն չունեցող անձ 27 երկրներում քաղաքացիություն է ձեռք բերել, իսկ տասնյակ հազարավոր մարդիկ Ասիայում, Եվրոպայում, Աֆրիկայում, ինչպես նաև Հյուսիսային և Հարավային Ամերիկայում այժմ ունեն քաղաքացիություն ստանալու հնարավորություն՝ նոր ընդունված օրենսդրական փոփոխությունների արդյունքում:

Վերջին յոթ տարվա ընթացքում 29 պետություն միացել է ապաքաղաքացիության մասին կոնվենցիաներին, ինչը վկայում է ապաքաղաքացիությանը վերջ դնելու քաղաքական կամքի ուժեղացման մասին ։

«Ապաքաղաքացիության դեմ պայքարում մեզ հուսադրում է այս գլոբալ պատեհությունը. մենք կարող ենք վերացնել այն՝ պետությունների համատեղ ու համակարգված ջանքերով: Սակայն եթե առաջընթացը չարագանա, քաղաքացիությունից զրկված միլիոնավոր մարդիկ չեն կարողանա իրացնել իրենց ամենահիմնարար իրավունքները», - ասել է Գրանդին:

Ապաքաղաքացիությունը բազմաթիվ պատճառներ ունի, որոնք, որպես կանոն, քաղաքացիության մասին օրենքներում առկա բացերի կամ թերությունների և դրանց կիրառման հետևանք են: Խտրականությունը, ներառյալ էթնիկ, կրոնական և սեռային պատկանելության հիման վրա, ապաքաղաքացիության հիմնական պատճառն է:

Քաղաքացիություն չունեցող անձինք հաճախ զրկվում են օրինական իրավունքներից կամ հիմնական ծառայություններից, քանի որ նրանք չեն հանդիսանում քաղաքացիներ: Դա նրանց դարձնում է քաղաքականապես և տնտեսապես մարգինալացված և խոցելի՝ խտրականության, շահագործման ու չարաշահումների նկատմամբ: Նրանց համար կարող են նաև անհասանելի լինել COVID-19-ի թեստավորման, բուժման կամ պատվաստման ծառայությունները, և քիչ հասանելի՝ աջակցությունը կամ պաշտպանությունն ի դեմս կլիմայական ռիսկերի:

Կառավարությունները իրավասու են իրականացնել իրավական և քաղաքական բարեփոխումներ, որոնք կարող են օգնել իրենց տարածքում քաղաքացիություն չունեցող անձանց՝ ձեռք բերելու քաղաքացիություն, կամ ի սկզբանե կանխել ապաքաղաքացիությունը՝ երբեմն գրչի մեկ հարվածով կամ համեմատաբար պարզ իրավական փոփոխությամբ: Այն մնում է հեշտությամբ խուսափելի և լուծելի խնդիր։

ՄԱԿ ՓԳՀ-ի տասնամյա #IBELONG արշավը կոչ է անում պետություններին վերացնել ապաքաղաքացիությունը մինչև 2024 թվականը:

 

Ընդհանուր տեղեկություններ.

Համաձայն ՄԱԿ ՓԳՀ-ի վիճակագրական զեկույցների, աշխարհի մոտ 94 երկրներում ապրում է 4.2 միլիոն քաղաքացիություն չունեցող անձ: Հաշվի առնելով, որ երկրներից շատերն ապաքաղաքացիության վերաբերյալ տվյալներ չեն հավաքագրում, ենթադրվում է, որ նրանց իրական թիվը զգալիորեն ավելի բարձր է:

Ներկայում 96 պետություն հանդիսանում է ՄԱԿ-ի 1954 թ. Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին կոնվենցիայի մասնակից, իսկ 77-ը` 1961 թ. ՄԱԿ-ի Ապաքաղաքացիության կրճատման մասին կոնվենցիայի մասնակից:

 

#IBELONG արշավի մեկնարկից ի վեր.

  • 1 պետություն՝ Ղրղըզստանը, լուծում է տվել ապաքաղաքացիությանն առնչվող բոլոր ի հայտ եկած դեպքերին, և 11 այլ պետություն առաջընթաց է գրանցել ապաքաղաքացիության հիմնախնդիրների լուծման ուղղությամբ:
  • 17 պետություն՝ իրենց տարածքում քաղաքացիություն չունեցող անձանց նույնականացման նպատակով սահմանել են նաև ապաքաղաքացիության որոշման ընթացակարգեր, իսկ որոշ պետություններ առաջարկում են քաղաքացիություն ստանալու հեշտացված ճանապարհ:
  • 12 պետություն մեկնարկել են գործընթացներ, որոնք հեշտացնում են քաղաքացիություն չունեցող միգրանտների՝ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը։
  • 14 պետություն փոփոխել են քաղաքացիության մասին իրենց օրենքները որպեսզի քաղաքացիություն շնորհվի իրենց տարածքում ծնված երեխաներին, ովքեր այլապես քաղաքացիություն չէին ունենա:
  • 2 պետություն բարեփոխել են քաղաքացիության մասին իրենց օրենքները, որպեսզի մայրերին թույլատրվի իրենց երեխաներին փոխանցել քաղաքացիություն՝ հայրերի հետ հավասար հիմունքներով:

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ՄԱՓԳՀ
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ