Պարենի համաշխարհային ծրագիրը կաջակցի երբևէ եղած ամենամեծ թվով սովյալներին, քանի որ կորոնավիրուսը խոցում է հիմնականում աղքատ ժողովուրդներին
01 հուլիսի 2020
- ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն (ՊՀԾ) այսօր հայտարարեց սովյալների թվի զանգվածային աճ աշխարհում, որոնց պլանավորում է օժանդակել, քանի որ ՔՈՎԻԴ-19-ի համավարակի սոցիալ-տնտեսական ավերիչ ազդեցությունը ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում միլիոնավոր մարդկանց մղում է դեպի պարենային անապահովություն:
ՊՀԾ գործադիր տնօրեն Դեյվիդ Բիզլին նշել է.- «Կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագիծը հարուստ աշխարհից տեղափոխվում է դեպի աղքատ աշխարհ: Մինչև բժշկական պատվաստանյութ ունենալը սնունդը քաոսի դեմ լավագույն պատվաստանյութն է: Առանց դրա մենք հնարավոր է տեսնենք սոցիալական անկարգությունների և բողոքի ցույցերի աճ, միգրացիայի աճ, հակամարտությունների խորացում, ինչպես նաև համատարած թերսնուցում այն բնակչության շրջանում, որոնք նախկինում պաշտպանված էին սովից»:
Սովի աճող ալիքին զուգահեռ խնդիրները լուծելու նպատակով ՊՀԾ-ն իրականացնում է իր պատմության մեջ ամենամեծ մարդասիրական օգնությունը՝ աջակցություն ստացող մարդկանց թիվը հասցնելով մինչև 138 միլիոնի՝ 2019 թ.-ի ռեկորդային 97 միլիոնի փոխարեն: Սակայն անհրաժեշտ է կայուն ֆինանսավորում, որպեսզի հնարավոր լինի շտապ աջակցել համաճարակի հետևանքով տուժած ամենախոցելի խմբերին, ինչպես նաև աջակցել կառավարություններին և գործընկերներին, քանի որ նրանք զսպում են հիվանդության տարածումը և զբաղվում համաճարակի հետևանքների հաղթահարումով:
ՊՀԾ-ի ավելի վաղ արված կանխատեսումներն այն մարդկանց թվաքանակի վերաբերյալ, ովքեր ՔՈՎԻԴ-19-ի հետևանքով կհայտնվեն պարենային անապահովության մեջ, այժմ զտվել են և արտացոլում են իրական ժամանակում մոնիթորինգի և գնահատման արդյունքները: Այդ արդյունքները ցույց են տալիս, որ սովյալների թիվն այն երկրներում, որտեղ գործում է ՊՀԾ-ն, մինչև տարեվերջ կարող է հասնել մինչև 270 միլիոնի, ինչը 82 տոկոսով գերազանցում է մինչհամաճարակային ցուցանիշը:
Այս ճգնաժամն ընթանում է այնպիսի ժամանակաշրջանում, երբ աշխարհում սննդային անապահովության մեջ գտնվող մարդկանց թիվը վերջին չորս տարիների ընթացքում արդեն իսկ աճել էր գրեթե 70 տոկոսով՝ բարդացնելով կլիմայի փոփոխության, կոնֆլիկտների և սոցիալ-տնտեսական ցնցումների հետևանքներն աշխարհի այն շրջաններում, որոնք նախկինում կարողացել են խուսափել պարենային անապահովության խիստ բարձր մակարդակից:
«Այս աննախադեպ ճգնաժամն աննախադեպ պատասխան է պահանջում: Եթե մենք արագորեն և արդյունավետ չարձագանքենք այս վիրուսային սպառնալիքին, ապա արդյունքը չափվելու է մարդկային կորուստներով, և քաղցը զսպելու համար ջանքերն այլևս ապարդյուն կլինեն», - նշել է Բիզլին:
Սովի նոր դեմքը պահանջում է մասնագիտական արձագանքներ՝ մեծացնելով կանխիկ փոխանցումների օգտագործումը, ինչպես նաև մեծ ուշադրություն դարձնելով քաղաքային միջավայրերի վրա: Ըստ ՊՀԾ-ի նոր մոտեցման՝ աջակցությունը կտրամադրվի կանխիկ և վաուչերներով, որոնք քաղաքային համայնքներին հնարավորություն կտան բավարարել իրենց պարենի պահանջները տեղական շուկաներում` միաժամանակ խթանելով տնտեսությունը։
Կյանքեր փրկելու նպատակով օգնություն տրամադրելու շրջանակներում ՊՀԾ-ն իր յուրօրինակ աջակցությունը կտրամադրի նաև կառավարություններին՝ սոցիալական պաշտպանության և սննդի համակարգերին աջակցելու միջոցով, այսպիսով օգնելով և հզորացնելով խոցելի համայնքները։