Չորացրած միրգն ու բանջարեղենը բարելավում են Հայաստանի գյուղական բնակավայրերի դպրոցական սնունդը
ՀՀ Արարատի մարզի երկու միջնակարգ դպրոցներում ՊԳԿ-ի աջակցությամբ պտուղ-բանջարեղենի չորանոցներ են կառուցվել։
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը Արարատի մարզի երկու գյուղական դպրոցներում պտուղ- բանջարեղենի չորանոցներ է գործարկում, որի նպատակն է ընդլայնել դպրոցական սննդի բազմազանությունը և բարելավել սնուցումը։ Չորանոցները, որոնք կառուցվել են Վեդիի թիվ 1 և Լուսառատի միջնակարգ դպրոցներում, հագեցած են պտուղ-բանջարեղենի չորացման ժամանակակից արտադրական սարքավորումներով, որոնք նախատեսված են չորացման գործընթացի արդյունավետության բարձրացման, թափոնների նվազեցման և պահեստավորման պայմանների բարելավման համար:
Նախատեսվում է, որ այս տարի դպրոցներն ավելի քան 1,500 կգ բնական չիր կարտադրեն (խնձոր, սալոր, ծիրան և այլն): Նախնական հաշվարկներով, գործունեության առաջին երեք տարիների ընթացքում ընդհանուր արտադրության կեսից ավելին կօգտագործվի դպրոցական սննդի որակի բարելավման նպատակով, իսկ մնացածը կվաճառվի տեղական շուկայում:
«Մենք արդեն որոշակի քանակությամբ դեղձի չիր ենք ստացել և է՛լ ավելի մեծ քանակությամբ խնձորի ու սալորի չրի արտադրությունը ընթացքի մեջ է, որի վաճառքը կարող է բավականին լուրջ ֆինանսական եկամուտ բերել դպրոցին», - ասում է Լուսառատի միջնակարգ դպրոցի տնօրեն Վերգինե Առաքելյանը։ «Դպրոցի անձնակազմը և համայնքն իրենց երախտագիտությունն են հայտնում ՊԳԿ-ին՝ նման հսկայական աջակցության համար»։
Այս փորձնական ծրագիրը մեկ համալիր նախագծի մաս է, որն ուղղված է Կովկասի և Կենտրոնական Ասիայի առանձին երկրներում պարենային անվտանգության ու սնուցման բարելավմանը։ Ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության և իրականացվում ՊԳԿ-ի կողմից: Այն կդառնա մոդել, որը կարող է կրկնօրինակվել՝ այդպիսով ապահովելով դպրոցական սննդի ազգային ծրագրի կայունությունը։
Ծրագրի շրջանակում վերանորոգվել է ընտրված դպրոցների արտադրական տարածքները՝ ըստ սննդամթերքի անվտանգության չափորոշիչների ու պահանջների, ինչպես նաև ձեռք բերվել սարքավորումներ, գործիքներ և արտադրական ներդրանք: Պտուղ-բանջարեղենի չորանոցային տարածքի արտադրական հզորությունը ժամում 300 կգ է։
«Երկու դպրոցում չորանոցների ստեղծմամբ ՊԳԿ-ն նպատակ ունի վիտամիններով ու հանքանյութերով հարուստ չրերի օգնությամբ, որոնք նաև բարերար ազդեցություն ունեն առողջության վրա, ոչ միայն բարելավել դպրոցական մթերքի սննդային արժեքը, այլև դպրոցներին ու երեխաներին գործնական, գյուղատնտեսական ու ձեռնարկատիրական փորձ ձեռք բերելու հնարավորություն տալ», - նշում է ՊԳԿ ազգային ծրագրերի ղեկավար Զարուհի Բեգլարյանը։
Դպրոցներին տրամադրվող աջակցությունը ներառում է նաև դպրոցի պատասխանատու անձնակազմի վերապատրաստման համապարփակ դասընթաց՝ չրերի արտադրության կազմակերպման, կառավարման և շուկայահանման վերաբերյալ։ Դասընթացների թեմաները վերաբերում են չորացման տեխնոլոգիաներին, փաթեթավորմանը, պարենային անվտանգությանը, որակի ստանդարտներին, արտադրության պլանավորմանն ու արտադրանքի շուկայահանմանը։
Չրերի արտադրությունը Հայաստանում երկարամյա ավանդույթ ունի։ Երկրում աճեցված միրգն ու բանջարեղենը բացառիկ համ ու հոտ ունեն՝ շնորհիվ աշխարհագրական դիրքի եւ շրջակա միջավայրի պայմանների, որոնք բերքին առատ արև և բարձրորակ ջուր են ապահովում։ Այս ամենը հնարավորություն է տալիս ծիրան, դեղձ, տանձ, խնձոր, կարմիր ու սև սալոր և այլ մրգեր աճեցնել և վերջիններից էլ չիր պատրաստել: Չրերը հարուստ են վիտամիններով և հանքային տարրերով, որոնց 100 գրամը մոտ 250 կկալ է և 1.5-5 գ սպիտակուց է պարունակում։ Դրանք պահպանման երկար ժամկետ ունեն և սառեցում չեն պահանջում: Սա չրի հիմնական առավելություններից մեկն է, և այս առումով այն բերքի սեզոնից դուրս թարմ մրգի հիանալի այլընտրանք է: