Մարտի 8-ին՝ կանանց միջազգային օրը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ տեղի ունեցավ TEDxMoskovyanSt համաժողովը, որն այս անգամ անցկացվեց «Պայքարելով հավասարության համար» խորագրի ներքո:
Միջոցառման բանախոսները ներկայացրեցին իրենց անձնական փորձը, հաջողության պատմությունները, շեշտեցին գենդերային հավասարության կարևորությունը հասարակության զարգացման համար: Օրվա թեմայով TEDx համաժողովն ամփոփեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը:
Իր ելույթի ընթացքում պրն Շարփը կոչ արեց միանալ իրեն և մարտահրավեր նետել գենդերային կարծրատիպերին և կողմնակալությանը։ Նա ներկայացրեց ոգեշնչող սոցիալական փորձ և նույնիսկ մեկ այլ փորձ անցկացրեց հենց ելույթի ժամանակ՝ ցույց տալու, թե ինչպես են կարծրատիպերն ազդում մեր հայացքների վրա և ինչպես դա կարող է փոխվել վաղ տարիքում: Հանդիսատեսի հետ կիսելով իր անձնական պատմությունը՝ նա ցույց տվեց, որ գենդերային կարծրատիպերը սոցիալական ֆանտաստիկա են, որոնք անհետանում են, երբ թույլ ենք տալիս: Եվ գենդերային հավասարությունն իրական դարձնելու համար անհրաժեշտ է, որ կանայք և աղջիկները, տղամարդիկ և տղաները միասին աշխատեն:
«Մենք պետք է հավասարապես ներդնենք թե կանանց, թե տղամարդկանց ներուժի զարգացման մեջ, որպեսզի հասնենք լավագույն արդյունքի», - ելույթի ժամանակ նշեց պրն. Շարփը:
Ելույթը տեղի էր ունեցել TEDx միջոցառմանը և TED համաժողովի ձևաչափով, սակայն կազմակերպվել է անկախ՝ տեղական համայնքի կողմից։