35-ամյա Վարդան Մուրադյանն ասում է, որ 2019-ի կեսերին Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասից Հայաստան իրեն բերեցին հարազատների կարոտը և Հայաստանում կատարված հեղափոխությունը։
«Մերոնց շատ էի կարոտում՝ երեք էրեխեքիս, կնոջս, դե, ոնց կարաս ապրես, երբ քո կեսը, ընտանիքը քեզանից կիլոմետրերով հեռու է: Ու բացի էդ, իմ գալու համար 60 տոկոսով մեղավոր էր երկրում կատարված իշխանափոխությունը»,- թվերի է վերածում իր վերադարձի հավանականությունը Վարդանը։
Վարդանը Ալավերդի քաղաքի բնակիչ է, Կրասնոդար արտագաղթել է 2017-ին։ Լոռու մարզի Ալավերդի քաղաքը գտնվում է մայրաքաղաքից շուրջ 170 կմ դեպի հյուսիս։ Ալավերդին հանքարդյունաբերական քաղաք է, որտեղ գլխավոր խնդիրներից մեկը մշտապես մնում է գործազրկությունը։ Վարդանն էլ մեկն է բազմաթիվ ալավերդցիներից, որն օտարության ճանապարհն է բռնել գործազրկության պատճառով։
«Աշխատանք չկար, ապրելու միջոց չկար, մենք էլ որոշեցինք գնալ, մեր հացի փողը օտար երկրում ստանալ»,- պատմում է նա:
Վարդան Մուրադյանը պատմում է, որ Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում գործերը վատ չէին, ելակ ու այլ հատապտուղներ էին աճեցնում: Նշում է, որ կարճ ժամանակում հիմնած փոքրիկ բիզնեսը ոտքի կանգնեցնելու համար նույնիսկ մի քանի հարազատների է Հայաստանից հրավիրել Ռուսաստան:
«Ամեն ինչ լավ էր, բայց եկավ մի պահ, որ ասինք՝ ինչի՞ ենք էստեղ բիզնես դնում, ուրիշ երկիր հարստացնում, գնանք նույնը մեր երկրում անենք, հատկապես որ նախկին իշխանությունները էլ չկային, ու փոխարենը հույս կար՝ նորը փորձելու»,- պատմում է Վարդան Մուրադյանը:
Ասում է՝ որոշեց և անցյալ տարվա կեսերին վերադարձավ Հայաստան։ Սակայն ամեն ինչ հեշտ չէր։ Վերադարձի ու սեփական երկրում ոտքի կանգնելու, բիզնեսում առաջին քայլերն անելու համար Մուրադյանների ընտանիքին օգնել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը:
Պատմում է, որ կազմակերպության հայաստանյան գրասենյակը Մուրադյանների ընտանիքին ֆինանսական աջակցություն է տրամադրել, որի օգնությամբ կարողացել են հատապտուղների մշակության համար անհրաժեշտ շուրջ 2,5 հեկտար տարածքը ցանկապատել, հողը վարել, փխրեցնել, հարթեցնել։
«Կազմակերպությունը մեզ շատ օգնեց, թեթևացրեց մեր հոգսը, կարողացանք հիմնական գործն անել, այժմ ջրագծի անցկացման խնդիր կա, փորձում ենք էդ հարցը լուծենք, տեսնենք՝ ինչ կլինի»,- ասում է Վարդան Մուրադյանը։
Հողատարածքը, որի վրա աշխատում են Մուրադյան եղբայրները, անմշակ է եղել, ինչը հավելյալ ջանքեր և աշխատանք են պահանջում։ Եղբայրներով փորձում են հողին հաղթել, որ լավ բերք ստանան. փափկացնում են տարածքը, քարերից մաքրում, որ հողը բերրի լինի։ Նրանք անհամբեր են՝ այս տարի սպասում են հատապտուղների առաջին բերքին։
«Նոր-նոր ենք սկսում, առաջին տարվանից հետո կտեսնենք՝ ո՛նց կստացվի։ Գործը դրել ենք ու լավատեսորեն սպասում ենք, որ լավ կլինի»,- ասում է Վարդան Մուրադյանը։