Հայաստանում ՊՀԾ փոխտնօրենը և ԱՄՆ ՄԶԳ-ի տարածաշրջանային մարդասիրական հարցերով խորհրդատուն այցելել են Սյունիքի մարզ
28 հունիսի 2021
Այցի շրջանակում նրաք հանդիպել են Գորիսի փոխքաղաքապետի հետ՝ քննարկելու ԼՂ հակամարտության և ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը համայնքի վրա։
Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) փոխտնօրեն Նաննա Սկաուն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) տարածաշրջանային մարդասիրական հարցերով խորհրդատու Ջոն Փաթթերսոնի հետ համատեղ հանդիպում է ունեցել Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի հետ՝ քննարկելու ԼՂ հակամարտության և ՔՈՎԻԴ-19 համավարակի ազդեցությունը համայնքի վրա։
Հանդիպման ընթացքում տիկին Յոլյանը ներկայացրել է տեղահանված և սննդի կարիք ունեցող մարդկանց կարիքների առնչությամբ ներկայիս իրավիճակը: Բացի այդ, տիկին Յոլյանն ընդգծել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ արդեն իսկ իրականացված ծրագրերի, ինչպես նաև հնարավոր գյուղատնտեսական ծրագրերի կարևորությունը՝ տեղահանվածներին աշխատուժի տարբեր ոլորտներում արդյունավետորեն ընդգրկելու համար:
Տիկին Նաննա Սկաուն և պարոն Փաթթերսոնը շեշտել են համայնքների զարգացման ծրագրերի կարևորությունը, որոնք ներառում են մարդասիրական և զարգացման ծրագրեր՝ բնակչության առջև ծառացած պարենային ապահովության խնդիրները լուծելու և ծրագրերի կայունությունն ապահովելու համար: Վերջինս թույլ կտա երկարաժամկետ դրական աջակցություն ցուցաբերել ՝ մարդկանց ապրուստի միջոցները բարելավելու համար:
Պարոն Փաթթերսոնն այցելել է նաև ՊՀԾ պահեստ՝ սննդի ծանրոցները տեսնելու համար, ինչը ՔՈՎԻԴ-19 համավարակի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության արձագանքի մի մասն էր: ՊՀԾ-ն պարենային օգնություն է տրամադրել ավելի քան 36,000 անապահով անձանց` ԵՄ-ի, ԱՄՆ ՄԶԳ-ի, Ֆրանսիայի և Ֆլանդրիայի կառավարություններից ստացված միջոցների շնորհիվ: