Հնգօրյա ճամբար երեխաների համար, որ անվտանգ միջավայրում խաղան և սովորեն
12 մայիսի 2021
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը մասնակցել է ՖԻՖԱ-ի Հիմնադրամի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից կազմակերպված ՖԻՖԱ Ճամբարին։
ՖԻՖԱ-ի Հիմնադրամը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի Փախստականների գրասենակի մասնակցությամբ, կազմակերպել էին հնգօրյա ճամբար՝ Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից 100 երեխաների համար։ Մայիսի 4-9 տեղի ունեցած Ճամբարը վարում էր լեգենդար ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը։
Ճամբարի նպատակն էր երեխաներին անվտանգ միջավայրում խաղալու և սովորելու հնարավորություն ընձեռել։ Այս հինգ օրերի ընթացքում երեխաները կատարելագործել են իրենց ֆուտբոլային, հաղորդակցական, թիմում աշխատելու հմտությունները, մասնակցել են տարատեսակ թեմաներին առնչվող ինտերակտիվ խաղերի, ունեցել են դիմացկության հմտությունների վերաբերյալ հատուկ դասընթաց և ծանոթացել են Կայուն զարգացման նպատակներին։
Ճամբարն ավարտվեց առանձնահատուկ ֆուտբոլային հանդիպմամբ՝ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։
Հանդիպման ավարտին, բոլոր երեխաները ստացան մասնակցության հավաստագրեր և նվերներ ՖԻՖԱ-ի Հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ջորկաեֆից, Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանից, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփից և հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանից։
Ճամբարի ընթացում տեղի ունեցավ նաև ընկերական հանդիպում ՖԻՖԱ-ի Հիմնադրամի և Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի միջև, որին միացել էր նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը։