ՄԱԿ ՓԳՀ-ն, Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի և ՀՖՖ-ի հետ համատեղ, համագործակցում է ՖԻՖԱ-ի Հիմնադրամի հետ
26 մայիսի 2021
ՄԱԿ ՓԳՀ-ն իր ներդրումն ունեցավ «Campus» նախագծում՝ կազմակերպելով հետաքրքիր ու մասնակցային միջոցառում՝ տեղացի և Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաների համար։
ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը (ՄԱԿ ՓԳՀ), համագործակցելով Հայաստանում ՄԱԿ-ի այլ գործակալությունների ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, օժանդակեց մեր երկրում ՖԻՖԱ-ի Հիմնադրամի կողմից իրականացվող «Campus» նորարարական ճամբարի կազմակերպմանը. մի նախագիծ, որն աշխարհի տարբեր երկրներում բնակվող՝ կյանքի դժվարին իրավիճակում գտնվող աղջիկներին և տղաներին անվտանգ ու ներդաշնակ մթնոլորտում ֆուտբոլ խաղալու, սովորելու և ընկերներ ձեռք բերելու հրաշալի հնարավորություն է ընձեռում:
Հայաստանն առաջին երկիրն էր, որn ընտրվել էր մեկշաբաթյա այս ծրագիրն իրականացնելու համար: Այս նորարարական ճամբարում հյուրընկալվեց շուրջ 100 հայաստանցի և Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխա՝ համախմբվելով աշխարհի ամենասիրված թիմային խաղերից մեկի՝ ֆուտբոլի շուրջ: «Campus»-ը հենց այն խելամտորեն մշակված ուսուցողական ու բազմամշկութային հարթակն էր, որը նոր հմտություններ պարգևեց մասնակից երեխաներին, մտերմացրեց նրանց ու թիմային աշխատանքի ու համագործակցության ոգի ներշնչեց: Ճամբարում երեխաները հնարավորություն ունեցան մարզվել ՖԻՖԱ-ի պրոֆեսիոնալ մարզիչների ղեկավարությամբ, ինչպես նաև հանդիպեցին լեգենդար ֆուտբոլիստ, ՖԻՖԱ Հիմնադրամի գործադիր տնօրեն, Ֆրանսիայի հավաքականի կազմում Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաեֆին:
ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունն իր ներդրումն ունեցավ «Campus» նախագծում՝ կազմակերպելով հետաքրքիր ու մասնակցային սոցիալական միջոցառում՝ տեղացի և Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաների համար: Միջոցառման ընթացքում երեխաներն իրազեկվեցին ՄԱԿ ՓԳՀ-ի՝ փախստականների պաշտպանության և ինտեգրման գլոբալ մանդատի մասին, լսեցին ֆուտբոլի մոգական ուժի մասին՝ այդ հիասքանչ թիմային խաղի, որ խթանում է համերաշխություն ու համագործակցություն, իմացան հյուրընկալ համայնքներում փախստականների ներգրավվածության մասին: Մասնակիցները լսեցին նաև մի շարք ակնառու փախստականների` հայտնի գիտնականների, մարզիկների, դերասանների, երաժիշտների և արվեստի գործիչների մասին պատմություններ: Երեխաներին առանձնապես հետաքրքրեց աշխարհահռչակ ֆուտբոլիստ, Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսի մասին պատմությունը, որը ծնվել է Գանայում՝ փախստականների ճամբարում, այնուհետև ապրել Կանադայում, իսկ այսօր դարձել է ՄԱԿ ՓԳՀ-ի Բարի կամքի դեսպանն աշխարհում: Երեխաներն ուշադրությամբ լսում էին, ակտիվորեն մասնակցում քննարկումներին, ներգրավվում հարցուպատասխանի և հետաքրքրաշարժ վիկտորինայի մեջ:
Միջոցառման ավարտին՝ երեխաները ՄԱԿ ՓԳՀ-ից հուշանվերներ ստացան՝ Էյնշտեյնի դիմանկարով վերնազգեստ՝ «Իսկ ի՞նչ կլիներ, եթե աշխարհը երես թեքեր Էյնշտեյնից» գրությամբ, ինչպես նաև՝ գլխարկներ։ Օրն ավարտվեց խմբային լուսանկարով՝ որպես ՄԱԿ ՓԳՀ-ի հետ անցկացրած հրաշալի օրվա մի հուշ: