COVAX-ը հայտարարում է ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերի նոր պայմանագրերի և առաջնային մատակարարումների ծրագրերի մասին
28 հունվարի 2021
- COVAX նախաձեռնության շրջանակում նախատեսվում է մեկ շաբաթվա ընթացքում բոլոր 190 մասնակից երկրներին տրամադրել դեղաչափերի անհատական ցանկ։
Ժնև / Օսլո, հունվարի 28, 2021 թ․ – COVAX միջազգային նախաձեռնությունը հանձն է առել ապահովել ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութի արագ և հավասարաչափ բաշխումը բոլոր երկրներում, անկախ եկամտի մակարդակից: Այսօր հայտարարվել է Pfizer ընկերության հետ կնքված նախնական գնման պայմանագրի մասին, որում ներառվելու է Pfizer-BioNTech պատվաստանյութի՝ մինչև 40 միլիոն դեղաչափ։ Տվյալ պատվաստանյութն արդեն իսկ ընդգրկված է ԱՀԿ-ի՝ արտակարգ իրավիճակներում օգտագործման ցուցակում (WHO Emergency Use Listing)։ Նախաձեռնությունը կմեկնարկի հաջող բանակցությունների և մատակարարման պայմանագրերի կնքման գործընթացներն ավարտվելուն պես։
Ցածր եկամուտ ունեցող երկրներում պատվաստանյութի վաղաժամկետ հասանելություն ապահովելու և ՔՈՎԻԴ-19 համավարակի բարձր ցուցանիշը նվազեցնելու նպատակով, COVAX-ը, Հնդկաստանի «Serum Institute»-ի հետ կնքված համաձայնագրի միջոցով, կփորձի ստանալ Օքսֆորդի համալսարանում մշակված և SII-ի կողմից արտադրվող AstraZeneca պատվաստանյութի առաջին 100 միլիոն դեղաչափը։
Վերը նշված առաջին 100 միլիոն դեղաչափի հիմնական մասը նախատեսվում է մատակարարել տարվա առաջին եռամսյակում՝ ըստ ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակներում օգտագործման ցուցակի։ ԱՀԿ-ի վերանայման գործընթացը, որն ընթացքի մեջ է, հետևում է այս ամսվա սկզբին՝ Հնդկաստանի դեղամիջոցների գլխավոր վերահսկչի կողմից՝ արտակարգ իրավիճակներում սահմանափակ օգտագործման հաստատմանը: Սա կարևոր պայման է՝ COVAX-ի միջոցով ձեռք բերված ցանկացած պատվաստանյութի որակի ապահովման գործընթացում։ Ըստ ԱՀԿ-ի վերջին տեղեկատվության, վերոնշյալ պատվաստանյութի հետ կապված որոշումն ակնկալվում է ամենաշուտը փետրվարի կեսին։
COVAX-ը նաև նախատեսում է, որ, AstraZeneca-ի հետ արդեն գոյություն ունեցող համաձայնագրի միջոցով, AstraZeneca/Օքսֆորդյան պատվաստանյութի առնվազն 50 միլիոն հավելյալ դեղաչափ հասանելի կլինի COVAX-ի մասնակիցներին 2021 թ.-ի առաջին եռամսյակի ընթացքում, երբ ԱՀԿ-ի կողմից ստացվի այս դեղաչափերի համար COVAX-ին հատուկ արտադրական ցանցի մասին կանոնակարգի հաստատումը: ԱՀԿ-ի կողմից այս պատվաստանյութի հետ կապված որոշումն ակնկալվում է փետրվարի երկրորդ կեսից ոչ շուտ։
«Գնման այս համաձայնագրերը հնարավորություն են ընձեռում, որ կենսական կարևորության պատվաստանյութերը հասանելի դառնան ամենախոցելի երկրներում բնակվող մարդկանց», ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը։ «Բայց պատվաստանյութերի հասանելիությունն ապահովելու հետ միաժամանակ, պետք է վստահ լինենք, որ այդ երկրները պատրաստ են դրանք ընդունել, կիրառել և վստահել դրանց արդյունավետությանը»։
Հիմնվելով երկրներում նախապատրաստական աշխատանքներին աջակցելու նախորդ ամիսների փորձի վրա՝ ԱՀԿ-ն այս ամիս կգործարկի «Երկրի պատրաստվածության մասին» (Country Readiness Portal) հարթակը, որը թույլ կտա AMC-ի (նորարար ֆինանսավորման գործիք) մասնակիցներին ներկայացնել համազգային կիրառման և համատարած պատվաստումների իրենց վերջնական ծրագրերը։ Սա կարևորագույն քայլ է, որպեսզի, նախքան պատվաստանյութերի բաշխումը, հավաստիանանք, որ մատակարարված դեղաչափերը արդյունավետ կկիրառվեն, և պարզենք, թե որ երկրին է հավելյալ աջակցություն անհրաժեշտ։
«Այս ամենը ոչ միայն մեծ նշանակություն ունի COVAX-ի համար, այլև մեծ առաջընթաց է պատվաստանյութերի հասանելիության բարելավման և համավարակը հաղթահարելու համաշխարհային ջանքերին աջակցելու գործում։ Մենք ապահով կլինենք ցանկացած վայրում, եթե անվտանգություն ստեղծենք ամենուր», - նշել է ԳԱՎԻ պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքի գլխավոր գործադիր տնօրեն Սեթ Բերկլին (Seth Berkley), որը ղեկավարում է COVAX-ի գնումների և մատակարարման գործընթացը։
COVAX նախաձեռնության շրջանակում նախատեսվում է մեկ շաբաթվա ընթացքում բոլոր 190 մասնակից երկրներին տրամադրել դեղաչափերի անհատական ցանկ։ Արդյունքում՝ յուրաքանչյուր մասնակից երկրին կտրվի սկզբնական ուղղորդում, որը կօգնի առաջնային պլանավորման սցենար կազմել և հնարավորություն կտա պատրաստվել դեղաչափերի վերջնական բաշխմանը։
COVAX-ն արդեն պայմանագրեր ունի պատվաստանյութերի մի քանի խոստումնալից արտադրողների՝ ավելի քան երկու միլիարդ դեղաչափերի հասանելիության վերաբերյալ: COVAX-ը ակնկալում է, որ արդեն 2021 թ.-ի առաջին եռամսյակում մասնակիցներին կկարողանա տրամադրել պատվաստանյութի անվտանգ և արդյունավետ դեղաչափեր, որոնք բավարար կլինեն բուժաշխատողների և առաջնագծի այլ աշխատողների, ինչպես նաև որոշ բարձր ռիսկային գոտում գտնվող անձանց պաշտպանության համար։ Նպատակն է՝ մինչև տարեվերջ, պատվաստանյութ ապահովել յուրաքանչյուր մասնակից երկրի բնակչության առնվազն 20 տոկոսի համար, եթե մասնակիցը չի պահանջել դեղաչափերի ավելի քիչ քանակ։ 2021 թ.-ի վերջում այդ դեղաչափերից առնվազն 1.3 միլիարդը հասանելի կդառնան այն 92 տնտեսություններին, որոնք իրավասու են դիմել Gavi COVAX AMC-ին:
Տարվա ընթացքում երկու միլիարդ անվտանգ և արդյունավետ պատվաստանյութ ապահովելու իր նպատակին հասնելու համար՝ COVAX-ը կազմել է պատվաստանյութերի թեկնածուների ցուցակ: Դա հնարավորություն է տալիս նվազեցնել արտադրանքի ձախողման ռիսկերը և ապահովել արտադրանքի առկայությունը տարբեր միջավայրերում:
Պատվաստանյութերի հետագա մատակարարման գործընթացը կշարունակվի 2021 թ.-ին և դրանից հետո, բնակչության ավելի լայն շրջանակներում: