ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչները նաև հանդիպել են համայնքապետարանում ԼՂ-ից տեղահանված մոտ 25 կանանց հետ:
Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ՝ Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (ՄԱԿ ՓԳՀ) աշխատակիցները հրավիրվել էին տեղահանված ընտանիքների հյուրընկալ համայնք՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի թիվ 1 հիմնական դպրոց՝ մասնակցելու դպրոցի սաների գարնանային հանդեսին:
Նկարագրություն՝ Մեծամոր քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի դպրոցականները, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաները իրենց հանդեսի ժամանակ:
Միջոցառմանը ներկա էին Արմավիրի փոխմարզպետը, Արմավիրի մարզպետարանի, ՄԱԿ ՓԳՀ, մի շարք համայնքահեն կազմակերպությունների ներկայացուցիչներ, դպրոցի ուսուցիչներ, աշակերտներ ու նրանց ծնողներ։
Նկարագրություն՝ Հանդիսատեսը վայելում է Մեծամոր քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի դպրոցականների համերգը:
Հանդիսատեսները մեծ բավականություն ստացան համերգից, վայելեցին աշակերտների, նրանց թվում՝ Լեռնային Ղարաբաղից երեխաների ոգևորիչ ասմունքը, երգն ու պարը: Ներկայում դպրոցում ուսանում է շուրջ 40 աշակերտ Լեռնային Ղարաբաղից․ դպրոցը ջերմորեն ընդունել և հոգատարություն է ցուցաբերում նրանց նկատմամբ։ Հավասարապես ներգրավելով տեղացի և տեղահանված սովորողներին՝ դպրոցը հաճախ նախաձեռնում է տարբեր արտադասարանական և ժամանցային միջոցառումներ, որպեսզի տեղահանված երեխաները հաջողությամբ հարմարվեն նոր դպրոցին ու համայնքային միջավայրին, ինչպես նաև սահուն ու արդյունավետ ձևով ներգրավվեն ուսումնական գործընթացում։
Մայրության և գեղեցկության տոնի նախապատրաստումն ու բուն միջոցառումն օգնեցին երեխաներին՝ ընկերանալ միմյանց հետ, անկաշկանդ ներկայացնել արվեստում իրենց կարողությունները և արտահայտել իրենց նվիրվածությունը հյուրընկալող համայնքին՝ Մեծամորին:
Նկարագրություն՝ Մեծամոր քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի դպրոցականները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաները, իրենց հանդեսին ներկայացրեցին երգեր, պարեր և բանաստեղծություններ:
Միջոցառման ավարտին՝ ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչներն իրենց գոհունակությունը հայտնեցին դպրոցի տնօրինությանն ու աշակերտներին՝ գեղեցիկ համերգի համար։ Նրանք բարձր գնահատեցին Մեծամորի հյուրընկալ համայնքի ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բարօրության ապահովմանը, ինչպես նաև ընդգծեցին տեղական իշխանությունների, համայնքահեն և միջազգային կազմակերպությունների օպերատիվ աշխատանքը, ցուցաբերվող մարդասիրական աջակցությունն ու ամենօրյա ուշադրությունը Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Մեծամորում հյուրընկալված ընտանիքներին։ Երախտիքի խոսքով հանդես եկան նաև ԼՂ-ից տեղահանված աշակերտների մայրիկները․ նրանք կարևորեցին դպրոցի դերն ու նվիրվածությունը երեխաներին, նրանց անամպ մանկությունը, ուսումն ու ժամանցը Մեծամորի հյուրընկալ համայնքում ապահովելու համար։
Նկարագրություն՝ ՄԱԿ ՓԳՀ աշխատակիցները ԼՂ-ից տեղահանված մի խումբ կանանց, այդ թվում` Մեծամորի թիվ 1 միջնակարգ դպրոց հաճախող դպրոցականների մայրերի և տատիկների հետ հանդիպմանը:
Այդ օրը Մեծամորի համայնքը ևս մի կարևոր միջոցառում էր կազմակերպվել․ հանդիպում համայնքապետարանում Լեռնային Ղարաբաղից տեղահանված մոտ 25 կանանց հետ, նրանց շրջանում Մեծամորի թ․ 1 հիմնական դպրոցի աշակերտների մայրիկներ ու տատիկներ։ Հանդիպմանը մասնակցեցին փոխքաղաքապետը և համայնքապետարանի աշխատակիցները, Արմավիրի մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետըը, Հայկական Կարմիր խաչի ընկերության Արմավիրի մարզային մասնաճյուղի նախագահը, Սերունդների համերաշխություն ՀԿ-ի ներկայացոցուչը և ՄԱԿ ՓԳՀ աշխատակիցները։
Նկարագրություն՝ ՄԱԿ ՓԳՀ աշխատակիցները ԼՂ-ից տեղահանված մի խումբ կանանց հետ հանդիպմանը:
Հանդիպումն ընթացավ ջերմ և անկեղծ մթնոլորտում. մասնակիցները խոսեցին իրենց խնդիրների՝ առաջնային և երկարատև լուծում պահանջող կարիքների մասին, բարձրաձայնելով մարդասիրական աջակցության, կացարանի, կրթության և զբաղվածության կարևորության մասին, ինչպես նաև իրենց բարօրության և առողջության, ներառյալ՝ COVID-19 համավարակի հետ պայմանավորված խոչընդոտները: Հանդիպման ընթացքում կանայք մտքեր փոխանակեցին և հանդես եկան առաջարկություններով՝ ցանկություն հայտնելով վերապատրաստման դասընթացների միջոցով ներգրավվել ձեռարվեստի, արհեստների և այլ ոլորտներում ձեռներեցության մեջ՝ կարևորելով աշխատանքային պրակտիկան, իսկ երեխաների համար՝ առավել թիրախային և նպատակաուղղված արտադասարանական միջոցառումներն ու մասնագիտական կողմնորոշումը։
Նկարագրություն՝ ՄԱԿ ՓԳՀ-ի աշխատակիցները գործակալության շապիկներից են նվիրում մի պատանու:
ՄԱԿ ՓԳՀ-ն, Մեծամորի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ, կվերլուծի հանդիպման ընթացքում քննարկված խնդիրներն ու առաջարկությունները և կաջակցի հյուրընկալ համայնքին, որպեսզի մշակվեն նախագծեր՝ ուղղված տեղահանված ընտանիքների ներգրավածությանը համայնքի կյանքում: Առավել ուշադրությամբ կդիտարկվեն կանանց զբաղվածությանն ու երեխաների կրթությանը վերաբերող խնդիրները:
Ներկայում Մեծամոր համայնքը հյուրընկալում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված 340 անձի (83 ընտանիք), որոնք բնակվում են համայնքի ենթակայության ներքո գտնվող հյուրանոցում, վարձակալված բնակարաններում կամ բարեկամների տներում: