Մամուլի հաղորդագրություն

Դպրոցական սննդի միջազգային օր

17 մարտի 2026

Վանաձոր, Հայաստան, 2026թ․ մարտի 17 - Դպրոցական սննդի միջազգային օրը (2026թ․ մարտի 12) դպրոցներն ու շահագրգիռ կազմակերպություններն ողջ աշխարհում նշում են դպրոցական սննդի կենսական կարևորությունը՝ երեխաներին սնուցելու, ուսումը բարելավելու և կայուն սննդի համակարգերին աջակցելու հարցում։ Օրվան նվիրված միջոցառումները եզրափակվեցին Վանաձորի թիվ 27 հիմնական դպրոցում կայացած փակման արարողությամբ, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ), ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի և Սոցիալական և արդյունաբերական սննդի ծառայությունների ինստիտուտի կողմից՝ դպրոցականների շրջանում առողջ սննդային սովորությունները խթանելու և սննդի կրթությունը ամրապնդելու համար։

Այս տարի հատուկ ուշադրություն է դարձվում նրան, թե ինչպես է առողջ դպրոցական կերակուրն ընդլայնում սննդի սահմանները՝ դիտարկվելով որպես ներդրում եկամտաբեր մարդկային կապիտալի ձևավորման գործում, ստեղծելով տեղական աշխատատեղեր և բարձրացնելով կլիմայի նկատմամբ դիմակայունությունը։

International School Meals Day
Լուսանկարը՝ © WFP

Միջոցառմանը բարձր մակարդակով ներկայացված էր ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ՀՀ կառավարությունում ՊՀԾ-ի հիմնական գործընկերը, որը ստանձնել է մարզերում «Դպրոցական սնունդ»  ծրագրի հետագա ընթացքի պատասխանատվությունը, և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը՝ «Դպրոցական սնունդ» ծրագրի հիմնական դոնորը։ Հյուրերի թվում էին նաև ՊՀԾ միջազգային գործընկերներ և տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպություններ։ Նրանց մասնակցությունը ևս մեկ անգամ վկայում է ներպետական և միջազգային մակարդակներում ձևավորված հանձնառության մասին՝ ուղղված Հայաստանի երեխաների սննդառության բարելավմանը և դպրոցական սննդի համակարգին աջակցությանը։

«Դպրոցական սնունդը հանրային քաղաքականության ազդեցիկ, ռազմավարական ուղղություն է», - իր խոսքում նշեց ՄԱԿ ՊՀԾ հայաստանյան գրասենյակի տնօրեն և ներկայացուցիչ Լեյլա Մելիուն։ «Ապահովելով սննդարար կերակուրներ՝ մենք խթանում ենք սերունդների առողջ ապագան և աջակցում տեղական գյուղատնտեսությանը»։

2010թ․-ին ծրագրի սկզբնավորումից ի վեր՝ ՊՀԾ-ն համագործակցել է ՀՀ կառավարության հետ՝ Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորմամբ, կայուն, պետական տնօրինմամբ դպրոցական սննդի ծրագիր մշակելու ուղղությամբ։ 2023թ․հունվարին ՊՀԾ-ն ավարտեց 10 մարզերում «Դպրոցական սնունդ» ծրագրի հանձնումը Հայաստանի Հանրապետության կառավարությանը, և այժմ 1-4-րդ դասարանների համար ամենօրյա տաք սնունդը ֆինանսավորվում է պետական բյուջեից։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսյա Սվաջյանն իր ողջույնի խոսքում նշեց.

«Մեր երկրում իրականացվող «Դպրոցական սնունդ» ծրագիրը համարվում է օրինակելի, քանի որ ունի գյուղատնտեսական բաղադրիչ, որով տարբերվում է բազմաթիվ այլ երկրներում իրականացվող ծրագրերից: Այս բաղադրիչի շրջանակում հնարավորություն ունենք դպրոցներում նոր ենթակառուցվածքներ ստեղծել՝ հիմնելով ջերմատներ, ինտենսիվ այգիներ, տաք սննդի խոհանոցային ենթակառուցվածքներ, որոնք նաև ուսումնական միջավայրեր են հանդիսանում։ Այս ենթակառուցվածքները կարևոր են նաև գյուղատնտեսությունն ուսումնասիրելու, երեխաների մոտ առողջ սնվելու գիտելիքներ, կարողություններ, հմտություններ ձևավորելու, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշման առումներով»:

«Առողջ սննդի շաբաթվա» հյուրերը հետևում էին, թե ինչպես են չորրորդ դասարանցիները ներգրավվում ժամանցային բաղադրիչներով ուսումնական գործընթացում, մինչդեռ ավագ դասարանների աշակերտներն աջակցում էին ուսուցիչներին որպես առողջ սննդի գծով օգնականներ: Ողջ ծրագիրը թե՛ գործնական և թե՛ ստեղծագործական ուղղվածություն ուներ, և միավորեց բոլորին՝ սովորելու, ուսումնասիրելու և խմբային աշխատանքով զբաղվելու համար: Յուրաքանչյուր թեմատիկ դաս խրախուսում էր երեխաներին բացահայտել սննդի խմբերը, խոսել այն մասին, թե ինչից է կազմված հավասարակշռված կերակուրը և հասկանալ, թե ինչպես է իրենց կերած սնունդը խաղալու, սովորելու և աճելու էներգիա ապահովում:

««Դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման հայաստանյան ուղին կայուն զարգացման օրինակելի մոդել է աշխարհի համար», - նշեց ՄԱԿ ՊՀԾ հայաստանյան գրասենյակի տնօրեն և ներկայացուցիչ Լեյլա Մելիուն։ «Միջազգային աջակցության մոդելից  անցում կատարելով դեպի պետական տնօրինմամբ իրականացվող ծրագրի՝ Հայաստանը ներդրումներ է կատարում իր ամենաթանկարժեք ռեսուրսի՝ իր երեխաների մեջ՝ ապահովելով, որ նրանք ունենան սովորելու, աճելու և բարգավաճելու համար անհրաժեշտ սնունդը։ Անցյալ ամիս Հռոմում ՊՀԾ-ի 2026-2030թթ Հայաստանի ռազմավարական ծրագրի ընդունմամբ, հատուկ ուշադրություն է դարձվում այն բանի վրա, որ ոչ մի երեխա անտեսված չմնա։ Սա ներառում է Երևանի համար դպրոցական սննդի տեղայնացված ծրագիր մշակելու շարունակական ջանքերը, որից կօգտվի ևս 40,000 երեխա»։

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհավորեց Դպրոցական սննդի միջազգային օրվան նվիրված միջոցառման բոլոր մասնակիցներին։ Նա նշեց, որ Ռուսաստանը տարիներ շարունակ զգալի ներդրում է ունեցել Հայաստանում կայուն դպրոցական սննդի համակարգի ստեղծմանն ու զարգացմանն ուղղված միջազգային ծրագրերի իրականացման գործում։ Դեսպանը նշեց, որ 2010-2024թթ Ռուսաստանի Դաշնությունը ֆինանսավորել է ծրագրի 4 փուլ՝ ընդհանուր առմամբ մոտ 43 միլիոն ԱՄՆ դոլար, որի շնորհիվ հանրապետության 10 մարզերի հայ դպրոցականները ստանում են բարձրորակ տաք սնունդ, ստեղծվել են լրացուցիչ աշխատատեղեր, իսկ դպրոցների աշխատակիցներին տրամադրվել են մասնագիտական վերապատրաստման հնարավորություններ։

«Առողջ սննդի շաբաթն» ընդգծում է երեխաների սննդի մեջ ներդրումներ կատարելու կարևորությունը՝ որպես ուսուցման և ապագա զարգացման հիմք, և հիշեցնում է, որ «Դպրոցական սննդի» ծրագրում ներդրված յուրաքանչյուր դրամը կարող է հինգ տարվա ընթացքում մինչև 7.1 դրամ եկամուտ ապահովել՝ երեխաների առողջության, կրթության և ապագա արտադրողականության միջոցով։ Օգտվելով առիթից, որ Հայաստանում նշվում է Դպրոցական սննդի միջազգային օրը, մենք՝ գործընկերներս, վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ ամրապնդելու ազգային մակարդակով տնօրինվող դպրոցական սննդի համակարգերը և ներդնելու սննդի վերաբերյալ կրթությունը ամենօրյա ուսուցման մեջ։

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի մասին

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Հայաստանում գործում է 1993թ․-ից: Ներկայումս նրա ուշադրության կենտրոնում է գտնվում ազգային պարենային անվտանգության ամրապնդումը, արտակարգ իրավիճակների նկատմամբ դիմակայունության բարձրացումը և կառավարությանը մինչև 2030թ․սովի վերացմանը հասնելու գործում աջակցությունը: Պարենի համաշխարհային ծրագիրն աշխարհում առաջատար մարդասիրական կազմակերպություն է, որն իրականացնում և աջակցում է դպրոցական սննդի ծրագրերին: Այս նախաձեռնություններն այժմ ճանաչվում են որպես աշխարհի ամենաարդյունավետ սոցիալական անվտանգության ցանցերից մեկը, որ կենսական նշանակություն ունի միլիոնավոր երեխաների կյանքում: 2024թ․ դրությամբ աշխարհում մոտավորապես 466 միլիոն երեխա ստանում է դպրոցական սնունդ, ինչը 80 միլիոնով ավելի է, քան 2020թ․: 2024թ․ ՊՀԾ -ն ուղղակի սնունդ, սննդի փաթեթներ կամ դրամական փոխանցումներ է տրամադրել 61 երկրի շուրջ 20 միլիոն դպրոցականի: ՊՀԾ -ն աջակցում է 74 երկրների կառավարություններին՝ ազգային ծրագրերի միջոցով ևս 139 միլիոն երեխայի աջակցություն ցուցաբերելու համար:

Լրացուցիչ տեղեկությունների համար կապվեք 

Արտակ Օրդյանի հետ, 
Գործընկերության և հաղորդակցության ղեկավար 
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիր
Էլ. փոստ՝ artak.ordyan@wfp.org

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ՊՀԾ
Պարենի համաշխարհային ծրագիր

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ