Մամուլի հաղորդագրություն

Եվրոպական գյուղատնտեսական հանձնաժողովի նստաշրջանը քննարկել է՝ ինչպես կարելի է ավելի շատ արտադրել՝ օգտագործելով ավելի քիչ ռեսուրսներ

02 հոկտեմբերի 2025

Եվրոպայից և Կենտրոնական Ասիայից Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության անդամ երկրները քննարկում են պարենի և գյուղատնտեսության ոլորտի հրատապ խնդիրները:

Լուսանկարը՝ © Guzal Fayzieva

02/10/2025, Բուդապեշտ - Այսօր Բուդապեշտում (Հունգարիա) մեկնարկում է Եվրոպական գյուղատնտեսական հանձնաժողովի հերթական նստաշրջանը, որը երկամյա քննարկումների կարևոր հարթակ է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների համար՝ պարենի և գյուղատնտեսության հետ կապված հարցերի շուրջ։ Հերթական՝ քառասունչորսերորդ նստաշրջանի գլխավոր թեման կենտրոնանում է «Արտադրել ավելի շատ՝ օգտագործելով ավելի քիչ ռեսուրսներ» գաղափարի իրագործման մարտահրավերների վրա։ Քննարկվող առանցքային ուղղություններից են՝ ներառական գյուղատնտեսական և պարենային քաղաքականությունները, թվային լուծումները և կայուն ներդրումները։

Երկօրյա հանդիպումը նախապատրաստական գործընթացի մի մաս է կազմում Եվրոպայի տարածաշրջանային համաժողովի համար, որը Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) բարձրագույն կառավարման մարմինն է տարածաշրջանում։ Ինչպես նախորդ տարիներին, նստաշրջանը հյուրընկալվում է Հունգարիայում և անցկացվում է ՊԳԿ-ի 48 անդամ երկրների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և միջազգային հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

«Մեր տարածաշրջանը միաժամանակ բախվում է թե՛ հնարավորությունների, և թե՛ մարտահրավերների եզակի համադրության», - իր բացման խոսքում ասել է ՊԳԿ-ի Գլխավոր տնօրենի օգնական և Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչ Վիորել Գուտուն: «Մենք պետք է բարձրացնենք արտադրողականությունը՝ աճող բնակչությանն  առողջ և սննդարար սնունդով ապահովելու, ինչպես նաև գյուղական բնակչության բարեկեցությանը նպաստելու համար: Միևնույն ժամանակ, մեր համատեղ պատասխանատվությունն է պահպանել հողը, ջուրը, կենսաբազմազանությունը և մեր գյուղատնտեսական համայնքների դիմադրողականությունը: Սա ընտրություն չէ արտադրողականության և կայունության միջ, սա ճանապարհ է երկուսին համատեղ հասնելու ուղղությամբ»:

«Մեր ընդհանուր շահերից է բխում մեր գյուղատնտեսական համակարգերի վերափոխումը այնպես, որ ապահովվի ինչպես բարձր արտադրողականություն, այնպես էլ երկարաժամկետ կայունություն», - իր բացման խոսքում ասաց Հունգարիայի գյուղատնտեսության նախարարության պետքարտուղարի տեղակալ Օսկար Օկրոշը։

«Հունգարիան իրականացնում է համապարփակ, երկարաժամկետ ռազմավարություն՝ կենտրոնանալով իր գյուղատնտեսական տնտեսության կայուն և ներառական վերափոխման վրա», - ասաց նա։ «Հունգարիան հանձնառու է ընդլայնել օրգանական և էկոլոգիական գյուղատնտեսությունը, նվազեցնել սննդի արտադրության շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, խթանել շրջանաձև տնտեսությունը և աջակցել տեղական սննդի շղթաներին»։

«Արտադրել ավելի շատ՝ օգտագործելով ավելի քիչ ռեսուրսներ»

Կլիմայական փոփոխությունները, շրջակա միջավայրի բնապահպանական խնդիրները, սահմանափակ ռեսուրսներն ու քաղաքական անորոշությունները նորովի ուժեղ ճնշում են գործադրում պարենի և գյուղատնտեսության ոլորտների վրա ամբողջ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում։ Քանի որ տարածաշրջանը դեռևս մեծապես հիմնված է այնպիսի գյուղատնտեսական մեթոդների վրա, որոնք պահանջում են մեծ քանակությամբ ներդրումներ, ինչն իր հերթին կարող է վնաս հասցնել շրջակա միջավայրին և թուլացնել երկարաժամկետ դիմադրողականությունը, գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության և կայունության հավասարակշռությունը պահպանելը շարունակում է լուրջ մարտահրավեր մնալ, սակայն տարածաշրջանը նաև զգալի ներուժ ունի։

Հաշվի առնելով խնդրի բարդությունը՝ արդյունավետության բարձրացումն ու բնական ռեսուրսների պաշտպանությունը պահանջում են համակարգված մոտեցում։ Սա հատկապես կարևոր է նստաշրջանի ընթացքում քննարկվող երեք առանցքային բնագավառներում՝ ավելի արդյունավետ քաղաքականություններ, թվային գործիքներ և կայուն ու ներառական ֆինանսավորում:

ՊԳԿ-ն խթանում է համակարգային մոտեցումը, որը միավորում է գյուղատնտեսությունը, շրջակա միջավայրի պահպանությունը, ջրային և էներգետիկ ռեսուրսները, ինչպես նաև գյուղական համայնքների զարգացումը՝ ապահովելով, որ մեկ ոլորտում ձեռնարկվող գործողությունները նպաստեն մյուսների առաջընթացին՝ հակամարտություններ ստեղծելու փոխարեն:

Մասնակիցները կուսումնասիրեն գյուղատնտեսության կարճաժամկետ արտադրողականության աճից դեպի այնպիսի մոտեցումների անցնելու ուղիներ, որոնք կայունությունը դիտարկում են որպես երկարաժամկետ դիմադրողականության հիմք։ Քաղաքականությունները պետք է համապատասխանեցված լինեն գյուղատնտեսության, բնապահպանության և առևտրի ոլորտներին՝ հակասական արգելքներից խուսափելու համար։ Միևնույն ժամանակ, ավելի նպատակային ֆինանսավորումը հավանաբար կհեշտացնի մասնավոր ներդրումների ուղղորդումը դեպի կայուն գործելակերպեր։ Թվային գյուղատնտեսությունը կարող է օգնել արագացնել այս անցումը, սակայն այն պետք է լինի ներառական և աջակցություն ստանա նպաստավոր կառավարման միջոցով։ 

Գենդերային հավասարությունը, կանանց և գյուղական երիտասարդության ներգրավվածությունը նորարարության և դիմադրողականության հիմնական շարժիչ ուժերն են: Այսպիսով՝ ՊԳԿ-ի անդամ երկրները կվերանայեն վերջին երկու տարիների ընթացքում գենդերային հավասարության ուղղությամբ գրանցված առաջընթացը՝ ավելի համակարգված գործողություններ իրականացնելու համար: Նրանք կքննարկեն նաև ՊԳԿ-ի ջանքերը՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գյուղական երիտասարդությանը ներգրավելու և հզորացնելու ուղղությամբ՝ դիտարկելով նրանց կարիքները և առկա քաղաքականության աջակցությունը:

Մեկ այլ առաջնահերթություն է հանդիսանում կենսաբազմազանության պաշտպանությունը՝ որպես գյուղատնտեսության հենասյուն։ Նիստում կներկայացվեն այն ուղիները, թե ինչպես կարելի է ամրապնդել կապերը գյուղատնտեսական քաղաքականությունների և կենսաբազմազանության միջև՝ բազմակողմանի օգուտներ ստանալու նպատակով։

Նստաշրջանի շրջանակներում տեղի կունենա «Փոփոխությունների սերմերը» խորագրով ցուցահանդեսը, որը այցելուներին կծանոթացնի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գյուղատնտեսական պարենային համակարգերի վերափոխման գործընթացին: Ցուցահանդեսը նվիրված է ՊԳԿ-ի հիմնադրման ութսունամյակին և միաժամանակ նպաստում է գաղափարների ու լավագույն փորձի փոխանակմանը, ինչպես նաև ոգեշնչում գործողությունների կատարման՝ ավելի լավ պարենային ապագա ունենալու համար։

Առաջին անգամ ՊԳԿ-ն պարգևատրում կշնորհի տարածաշրջանի երեք երիտասարդ գյուղատնտեսներին՝ սննդամթերքի արտադրության և գյուղական համայնքների բարելավման գործում իրենց ունեցած նշանակալի ներդրման համար։

Կարդալ ավելին՝

Եվրոպական գյուղատնտեսական հանձնաժողովի 44-րդ նստաշրջան

ՊԳԿ-ն Հունգարիայում

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երիտասարդ գյուղատնտեսների պարգևատրում

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ՊԳԿ
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ