Մամուլի հաղորդագրություն

ԵՄ-ն և ԱՀԿ-ն միավորում են ուժերը՝ Հայաստանում բուժաշխատողների կարողությունները և հոգեկան առողջության ծառայությունները հզորացնելու նպատակով

26 փետրվարի 2025

Երևան, 26 փետրվարի 2025թ․ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)՝ Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսավորմամբ, Հայաստանում սկսում է նոր նախաձեռնություն՝ ուղղված երկրի բուժաշխատողների կարողությունների և հոգեկան առողջության համակարգի հզորացմանը։ Այս նախաձեռնությունն Արևելյան գործընկերության հինգ երկրներում իրականացվող առողջապահական կայուն համակարգի ձևավորմանն ուղղված ավելի ընդարձակ ծրագրի մի մաս է։ Այսօր Երևանում պաշտոնապես մեկնարկած ծրագիրը նշանակալի իրադարձություն է ԵՄ-ԱՀԿ համագործակցության համար՝ ուղղված դիմակայուն և ավելի առողջ Հայաստանի կառուցմանը:

COVID-19 համավարակը բացահայտեց աշխարհում առողջապահական համակարգերի ինչպես ուժեղ, այնպես էլ խոցելի կողմերը՝ հատկապես ընդգծելով առողջապահության ոլորտում դիմակայուն և աջակցություն վայելող բուժաշխատողների առկայության կարևորությունը: Հայաստանում, ինչպես ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի շատ երկրներում, բուժաշխատողների պակասը, նրանց անհամաչափ բաշխվածությունը, սթրեսի ու մասնագիտական այրման լայն տարածվածությունը հսկայական ճնշում են գործադրել առողջապահական համակարգերի վրա: Երկար ժամանակ անտեսված հոգեկան առողջությունը ևս առաջնահերթություն է դարձել, քանի որ ավելի ու ավելի է ճանաչվում համայնքահենք, մարդակենտրոն և մարդու իրավունքների վրա հիմնված հոգեկան առողջության ծառայությունների անհրաժեշտությունը։ Այսպիսի ծառայությունները նվազեցնում են խարանը և բարձրացնում են բուժման և խնամքի հասանելիությունը:

«Հոգեկան առողջությունը մարդու համընդհանուր իրավունք է, որի պահպանումը կենսական է անձի ընդհանուր առողջության և բարեկեցության համար: Ուստի մենք մշակել և հաստատել ենք «Հոգեկան առողջության պահպանման և բարելավման միջոցառումների ծրագիր», սահմանել ենք մասնագետի գործունեության էթիկայի կանոնները, պատրաստել ենք կլինիկական ուղեցույցներ և գործելակարգեր, ինչպես նաև իրականացնում ենք հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ դասընթացներ: Սակայն այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է նաև ամուր և լավ պատրաստված առողջապահական անձնակազմ։ Այս նախաձեռնությունը մեզ հնարավորություն է տալիս լուծելու բուժաշխատողների հիմնական մարտահրավերները՝ ստեղծելով ավելի բարենպաստ աշխատանքային պայմաններ, բարձրացնելով մասնագետների պատրաստվածության մակարդակը և ապահովելով մասնագետների շարունակական զարգացումը։ Միայն ուժեղ և պաշտպանված բուժանձնակազմի միջոցով կարող ենք հասնել առողջապահական ծառայությունների ամբողջական և արդյունավետ ներդրմանը՝ յուրաքանչյուր քաղաքացու համար հասանելի դարձնելով որակյալ բուժօգնությունը»,- նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«ԵՄ-ն հանձնառու է աջակցել Հայաստանի առողջապահության ոլորտին՝ ապահովելով, որ այսօրվա ներդրումները տանեն տևական և էական փոփոխությունների։ ԱՀԿ-ի հետ մեր գործընկերության միջոցով մենք հզորացնում ենք Հայաստանի առողջապահական համակարգը՝ հասցեագրելով աշխատուժի կարևոր մարտահրավերները և ընդլայնելով հոգեկան առողջության աջակցության հասանելիությունը։ Առողջապահական դիմակայուն համակարգն ամուր հասարակության ողնաշարն է, և մենք միասին աշխատում ենք որակյալ առողջապահությունը Հայաստանում բոլորի համար իրականություն դարձնելու ուղղությամբ»,-նշել է Հայաստանում Եվրոպական միության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ 

«Եվրամիության ֆինանսավորման միջոցով ԱՀԿ-ն աջակցում է Հայաստանին ամրապնդելու բուժաշխատողների կարողությունները և տրամադրվող հոգեկան առողջության ծառայությունները՝ դրանով իսկ ճանապարհ հարթելով դեպի առողջապահական կայուն համակարգեր՝ ունակ հաղթահարելու առողջական մարտահրավերները և արտակարգ իրավիճակները», - ասել է Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ դոկտոր Սիդարթա Դատտան: «Ծրագրի մեկնարկը կարևոր քայլ է բուժաշխատողների շրջանում ներդրումներ կատարելու և նրանց աջակցելու, ինչպես նաև հոգեկան առողջության ծառայությունների ինտեգրվածությունն ու հասանելիությունն ապահովելու համար»:

Բուժաշխատողներին ուղղված մարտահրավերների հասցեագրում 

Որակյալ կրթություն ունեցող և համաչափորեն բաշխված բուժաշխատողների առկայությունը կարևոր է որակյալ առողջապահություն ապահովելու համար: ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող այս ծրագրի համար առանցքային կլինեն հետևյալ ուղղությունները. 

• բարելավել առողջապահության ոլորտում մասնագետների ներգրավումն ու պահպանումը` առաջարկելով նրանց աշխատանքային ավելի լավ՝ հոգեկան առողջությանը նպաստող պայմաններ, 

• բարձրացնել բժշկական և բուժքույրական կրթության որակը՝ այն առավել համահունչ դարձնելով երկրի առողջապահական կարիքներին, 

• աջակցել առողջապահության ոլորտի աշխատուժի ապացուցահենք պլանավորմանը՝ ապահովելով առողջապահական համակարգի կայուն զարգացումը։

Հոգեկան առողջության ծառայությունների հասանելիության բարձրացում և խարանի նվազեցում 

Հայաստանի առողջապահության համակարգում հոգեկան առողջությունը կարևոր և հաճախ անտեսված ոլորտ է: Խարանն ու ինստիտուցիոնալացված խնամքի մոդելների սահմանափակ հասանելիությունը բացասաբար են ազդում հոգեկան առողջության որակյալ և մարդու իրավունքների վրա հիմնված աջակցության վրա: Այս ծրագրի միջոցով ԱՀԿ-ն և ԵՄ-ն ջանքեր կգործադրեն՝ 

• ամրապնդելու երկրում հոգեկան առողջության ոլորտի կառավարումն ու ծառայությունների տրամադրումը, 

• վերապատրաստելու բուժաշխատողներին՝ իրավունքների վրա հիմնված, մարդակենտրոն մոտեցում խթանելու համար, 

• նվազեցնելու խարանն ու խտրականությունը հանրային իրազեկման արշավների միջոցով, ինչպես նաև խթանելու հոգեկան առողջությունն ու բարեկեցությունը՝ այդ թվում նաև արվեստի միջոցով, ինչպես նաև նպաստելու հոգեկան առողջության համայնքահենք ծառայությունների հասանելիությանը:

ԵՄ-ԱՀԿ համագործակցությունն առողջապահության ոլորտում 

Շեշտադրելով առողջապահական արտակարգ իրավիճակների հանդեպ դիմակայունությունը՝ ԵՄ-ԱՀԿ համագործակցությունն ապահովում է, որ երկրներն ավելի լավ դիմակայեն ապագա ճգնաժամերին՝ միաժամանակ խթանելով համապարփակ առողջապահական ծածկույթի և Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացման ապահովումը: Այսօրվա մեկնարկով Հայաստանը նշանակալի քայլ է կատարում դեպի ավելի ուժեղ և կայուն առողջապահական համակարգ, որն աջակցում է իր բուժաշխատողներին և տրամադրում է ներառական հոգեկան առողջության ծառայություններ բոլորի համար:

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել ԱՀԿ հայաստանյան գրասենյակ Էլ․ հասցե՝ ohanyanh@who.int Հռիփսիմե Օհանյան, Հաղորդակցության պատասխանատու 

ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակ eupress@who.int 

ԱՀԿ-ի մասին 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) աշխատում է ողջ աշխարհում առողջությունը խթանելու, աշխարհն անվտանգ պահելու և խոցելի խմբերին ծառայելու համար։ Եվրոպական տարածաշրջանում ԱՀԿ-ն աջակցում է կառավարություններին՝ ամրապնդելու իրենց առողջապահական համակարգերը և արձագանքելու հանրային առողջապահության մարտահրավերներին: 

Եվրոպական միության մասին 

Եվրոպական միությունը (ԵՄ) հավատարիմ է աջակցելու առողջապահական նախաձեռնություններին ամբողջ աշխարհում, մասնավորապես՝ իր Արևելյան հարևանության երկրներում՝ ռազմավարական գործընկերությունների և ֆինանսավորման այնպիսի ծրագրերի միջոցով, որոնք ուղղված են առողջապահության դիմակայունության և հասանելիության բարելավմանը:

 

WHO Risk Communication and Community Engagement Consultant

Հռիփսիմե Օհանյան

ԱՀԿ
Ռիսկերի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ԵՄ
Եվրոպական Միություն
ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ