ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը mpox (նախկինում՝ Կապիկի ծաղիկ) հիվանդության բռնկումը հայտարարել է հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ
16 օգոստոսի 2024
Ժնև-14 օգոստոսի 2024թ - ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն դոկտոր Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) և Աֆրիկայի՝ աճող թվով երկրներում mpox-ի տարածումը հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է (PHEIC)՝ համաձայն Միջազգային առողջապահական կանոնների (2005) (IHR)։
Դոկտոր Թեդրոսի հայտարարությունը հնչել է անկախ փորձագետներից կազմված Արտակարգ իրավիճակների կոմիտեի խորհրդով, որոնք հանդիպել են ԱՀԿ-ի և տուժած երկրների փորձագետների կողմից ներկայացված տվյալները դիտարկելու համար: Կոմիտեն տեղեկացրեց Գլխավոր տնօրենին, որ այն mpox-ի աճը համարում է արտակարգ իրավիճակ (PHEIC), որը կարող է հետագայում տարածվել Աֆրիկայի երկրներում և, հնարավոր է, մայրցամաքի սահմաններից դուրս:
Գլխավոր տնօրենը կկիսվի Կոմիտեի նիստի զեկույցով և Կոմիտեի խորհուրդների հիման վրա ժամանակավոր հանձնարարականներ կտա երկրներին:
Հայտարարելով արտակարգ իրավիճակ (PHEIC)` դոկտոր Թեդրոսն ասել է. «Mpox-ի նոր ենթախմբի առաջացումը, դրա արագ տարածումը արևելյան ԿԴՀ-ում և գրանցվող դեպքերի մասին մի քանի հարևան երկրներից ստացվող հաղորդումները շատ մտահոգիչ են: Ակնհայտ է, որ ԿԴՀ-ում և Աֆրիկայի մյուս երկրներում mpox-ի այլ ենթախմբերի բռնկմանը դիմագրավելու համար անհրաժեշտ է համակարգված միջազգային արձագանք՝ այս բռնկումները դադարեցնելու և կյանքեր փրկելու համար»:
ԱՀԿ-ի Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն դոկտոր Մատշիդիսո Մոետին նշել է. «Արդեն զգալի ջանքեր են գործադրվում համայնքների և կառավարությունների հետ սերտ համագործակցությամբ, իսկ մեր երկրների թիմերն աշխատում են առաջնագծում՝ օգնելու ամրապնդել mpox-ը զսպելու միջոցառումները: Վիրուսի տարածման հետ մեկտեղ մենք ավելի ենք ընդլայնում միջազգային համակարգված գործողությունները՝ աջակցելու երկրներին բռնկումներին արձագանքելու հարցում»:
Կոմիտեի նախագահ, պրոֆեսոր Դիմի Օգոինան ասաց. «Աֆրիկայի որոշ մասերում mpox-ի ներկայիս աճը, ինչպես նաև սեռական ճանապարհով փոխանցվող mpox-ի նոր ենթախմբի տարածումը, արտակարգ իրավիճակ է ոչ միայն Աֆրիկայի, այլև ողջ երկրագնդի համար: Թեև mpox-ը ծագել է Աֆրիկայում, սակայն այն անտեսվել է այնտեղ, և հետագայում 2022 թվականին համաշխարհային բռնկման պատճառ է դարձել: Ժամանակն է վճռականորեն գործելու՝ կանխելու պատմության կրկնությունը»:
Արտակարգ իրավիճակի (PHEIC) հայտարարման այս որոշումը երկրորդն է երկու տարվա ընթացքում՝ կապված mpox-ի հետ: Օրթոպոքսվիրուսով առաջացած mpox-ն առաջին անգամ հայտնաբերվել է մարդկանց մոտ 1970 թվականին, ԿԴՀ-ում: Հիվանդությունը համարվում է էնդեմիկ կենտրոնական և արևմտյան Աֆրիկայի երկրների համար:
2022 թվականի հուլիսին մի քանի երկրներում գրանցված mpox-ի բռնկումը հայտարարվեց արտակարգ իրավիճակ (PHEIC), քանի որ այն սեռական շփման միջոցով արագորեն տարածվեց մի շարք երկրներում, որտեղ վիրուսը նախկինում չէր նկատվել: Այդ արտակարգ իրավիճակը (PHEIC) դադարեցվեց 2023 թվականի մայիսին այն բանից հետո, երբ աշխարհում դիտարկվեց դեպքերի կայուն անկում:
Ավելի քան մեկ տասնամյակ է՝ ԿԴՀ-ից հաղորդումներ են ստացվում mpox-ի վերաբերյալ, և այդ ժամանակահատվածում գրանցված դեպքերի թիվը տարեց տարի անշեղորեն աճել է: Անցյալ տարի արձանագրված դեպքերը զգալիորեն աճել են, և արդեն մինչ այժմ արձանագրված դեպքերի թիվը այս տարի գերազանցել է նախորդ տարվա ընդհանուր թիվը՝ ավելի քան 15 600 դեպք և 537 մահ։
Անցյալ տարի ԿԴՀ-ում վիրուսի նոր ենթախմբի՝ կլադ 1b-ի հայտնվելը և արագ տարածումը, ինչն ըստ երևույթին, փոխանցվում է հիմնականում սեռական ճանապարհով, և դրա հայտնաբերումը ԿԴՀ-ի հարևան երկրներում հատկապես մտահոգիչ է, և արտակարգ դրության (PHEIC) հայտարարման հիմնական պատճառներից մեկն է:
Անցած ամսվա ընթացքում 1b-ի ավելի քան 100 լաբորատոր հաստատված դեպք է գրանցվել ԿԴՀ-ի հարևան չորս երկրներում, որտեղից նախկինում հաղորդումներ չեն ստացվել mpox-ի մասին՝ Բուրունդիում, Քենիայում, Ռուանդայում և Ուգանդայում: Փորձագետները կարծում են, որ դեպքերի իրական թիվն ավելի մեծ է, քանի որ կլինիկորեն համադրելի դեպքերի մեծ մասը չի հետազոտվել:
Տարբեր երկրներում mpox-ի տարբեր տեսակների մի քանի բռնկումներ են տեղի ունեցել՝ փոխանցման տարբեր եղանակներով և ռիսկի տարբեր մակարդակներով:
ԱՀԿ-ի Իմունականխարգելման հարցերով փորձագետների ռազմավարական խորհրդատվական խումբը խորհուրդ է տալիս կիրառել mpox-ի դեմ երկու պատվաստանյութ, որոնք ինչպես նաև հաստատված են ԱՀԿ-ի գործընկեր ազգային կարգավորող մարմինների, ինչպես նաև առանձին երկրների կողմից, ներառյալ Նիգերիան և ԿԴՀ-ն:
Անցյալ շաբաթ Գլխավոր տնօրենը գործարկեց mpox-ի պատվաստանյութերի Արտակարգ իրավիճակներում կիրառման ցուցակը, որը կընդլայնի պատվաստանյութերի հասանելիությունը ցածր եկամուտ ունեցող այն երկրների համար, որոնց ազգային կարգավորող մարմինը դեռ պաշտոնական հաստատում չի տվել: Արտակարգ իրավիճակների օգտագործման ցուցակը նաև հնարավորություն է տալիս գործընկերներին՝ ներառյալ պատվաստանյութերի ԳԱՎԻ դաշինքին և ՅՈՒՆԻՍԵՖ-ին ձեռք բերել պատվաստանյութեր հետագա բաշխման համար:
ԱՀԿ-ն աշխատում է երկրների և պատվաստանյութ արտադրողների հետ պատվաստանյութերի հնարավոր նվիրատվությունների ուղղությամբ և Բժշկական հակաքայլերի ներքին ցանցի միջոցով համակարգում է գործընկերների հետ աշխատանքը՝ հեշտացնելու պատվաստանյութերի, բուժական միջոցների, ախտորոշման և այլ գործիքների հավասար հասանելիությունը:
ԱՀԿ-ն ակնկալում է նախնական 15 միլիոն ԱՄՆ դոլարի անհապաղ ֆինանսավորում՝ հսկողության, պատրաստվածության և արձագանքման գործողություններին աջակցելու համար: Կազմակերպության երեք մակարդակներում իրականացվում է կարիքների գնահատում:
Իր գործողությունների անհապահ ընդլայնման նպատակով ԱՀԿ-ն 1,45 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացրել ԱՀԿ-ի Արտակարգ իրավիճակների հիմնադրամից և առաջիկա օրերին կարող է ընդլայնել հատկացումները: Կազմակերպությունը դիմում է դոնորներին mpox-ի դիմագրավման համար անհրաժեշտ կարիքների ամբողջ ծավալը ֆինանսավորելու համար: