Աշխատանքի տեսուչները զարգացրել են հմտությունները և ձեռք բերել դասընթացավարների որակավորում` վերապատրաստման դասընթացի ավարտական փուլի շրջանակում
13 նոյեմբերի 2023
Դասընթացն իրականացվել է ԱՄԿ կողմից իրականացվող «Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը» ծրագրի շրջանակում։
Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող «Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը» ծրագրի շրջանակում, նոյեմբերի 8-9-ը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) աշխատանքի տեսուչների համար անցկացվել է դասընթացավարների վերապատրաստման դասընթացների ավարտական փուլը։
Մրցակցային կարգով ընտրված աշխատանքային տեսուչները մասնակցել են Ծաղկաձորում կայացած երկօրյա դասընթացին, որը վարել է ԱՄԿ միջազգային խորհրդատու Հելենա Պերեսը՝ ազգային խորհրդատու Էդիտա Հովհաննիսյանի հետ միասին:
Դասընթացի առաջին օրվա ընթացքում մասնակիցներին են փոխանցվել աշխատանքային կարևոր հմտություններ և տեխնոլոգիաներ, իսկ երկրորդ օրվա ընթացքում շեշտը դրվել է առաջին օրվա սովորածը գործնականում կիրառելու վրա: Մասնակիցները կիրառել են տարբեր մեթոդներ՝ ցուցադրելով իրենց՝ գրավիչ վերապատրաստման փորձառություններ ստեղծելու կարողությունները և դրանք համապատասխան խմբերին, հատկապես գործընկերներ տեսուչներին արդյունավետ կերպով մատուցելու ուղիները։
Բացման խոսքում Աշխատանքի միջազգային կազմակերպության ծրագրի համակարգող Նվեր Սարգսյանն ընդգծել է ամուր գիտելիքների հիմքի անհրաժեշտությունը:
««Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը» ծրագիրը նպատակ ունի վերապատրաստել աշխատանքային տեսուչներին՝ արդյունավետ փոխգործակցելու տարբեր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ գործընկերների, գործատուների և իրավաբանների հետ: Նման դասընթացներն անփոխարինելի են, քանի որ դրանք մասնակիցներին տրամադրում են աշխատանքային օրենսդրության արդյունավետ կիրառման համար անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ՝ ապահովելով արդար և անվտանգ աշխատանքային պայմաններ՝ խթանելով ձեռնարկությունների համապատասխանությանը»,- նշել է նա։
«Մենք շատ ենք կարևորում տեսչական մարմնի անձնակազմի կարողություններն ու հմտությունները, մասնագիտական կոմպետենտությունը, ինչով պայմանավորված է նաև մեր աշխատանքի արդյունավետությունը, տեսչական մարմնի դերն ու հեղինակությունը։ Ուստի, անձնակազմի, տեսուչների վերապատրաստումները, մասնագիտական զարգացմանն ուղղված միջոցառումները պետք է լինեն շարունակական, բայց նաև նպատակային և գնահատելի։ Վերապատրաստման այս ծրագիրը տարբերվում էր իր ձևաչափով ու բովանդակությամբ, և այն ընտրյալները, որոնք ընտրվեցին շուրջ 30 աշխատանքային տեսուչներից, պետք է առաջնորդի դեր ստանձնեն և պատրաստ լինեն իրենց ստացած գիտելիքներն ու կարողությունները փոխանցել գործընկերներին»,- նշել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) աշխատանքի տեսուչների համար դասընթացավարների վերապատրաստման առաջին դասընթացը կազմակերպվել էր հունիսի 26-30-ը Աղվերանում։ Հնգօրյա դասընթացին մասնակցել էին ԱԱՏՄ բաժինների ղեկավարները և աշխատանքի փորձառու տեսուչները։
Բացի «փափուկ» հմտությունները, ինչպիսիք են հաղորդակցությունը, ներգործությունը, հարցազրույցները, զեկույցների պատրաստումը, կոնֆլիկտների կառավարումը, որոշումների կայացումը, էթիկական վարքագիծը, ներկայացումը/հրապարակային ելույթները, վերապատրաստման նախապատրաստումը և գնահատումը, ծրագիրը նաև ներառել է հատվածներ, որոնք նվիրված են Աշխատանքի միջազգային ստանդարտներին (ILS), Աշխատանքի անվտանգությանը և առողջությանը (OSH), Թիվ 81 Կոնվենցիայի ուղեցույցներին և գենդերային հավասարության հարցերին։
Աշխատանքի տեսուչների համար դասընթացավարների վերապատրաստման դասընթացն իրականացվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող «Միասին նպաստենքՀայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ-ի Աշխատանքի դեպարտամենտի կողմից։
Հեղինակ՝
Նարինե Դանեղյան
ԱՄԿ
Հաղորդակցության գծով խորհրդատու, Աշխատանքի միջազգային կազմակերպության «Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների
իրացմանը» ծրագիր
Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները
ԱՄԿ
Աշխատանքի միջազգային կազմակերպություն
Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ