«Իրավիճակը ճգնաժամային է»: Արագ արձագանքման բժշկական թիմերը (Emergency Medical Teams, EMTs) հայ բժիշկների հետ համատեղ բժշկական օգնություն են ցուցաբերում ծանր այրվածքներ ստացած փախստականներին
Այրվածքներ ստացածներին բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով ԱՀԿ եվրոպական գրասենյակն ակտիվացրեց ԱՀԿ Արագ արձագանքման բժշկական թիմերի համակարգման մեխանիզմը։
Երկուշաբթի` սեպտեմբերի 25-ին, երբ հազարավոր փախստականներ շարժվում էին դեպի Հայաստան, վառելիքի պահեստում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհվեց ավելի քան 200 մարդ և ծանր վիրավորվեցին ավելի քան 300-ը: Այրվածքներ ստացած մարդկանց շարունակական բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակը (ԱՀԿ Եվրոպա) Առողջապահության նախարարության գլխավորությամբ ակտիվացրեց ԱՀԿ Արագ արձագանքման բժշկական թիմերի համակարգման մեխանիզմը (EMTCC): Մի շարք երկրներից այրվածքաբան մասնագետների բուժօգնության խմբերը շտապեցին Հայաստան և առ այսօր համատեղ աշխատում են հայ բուժաշխատողների հետ՝ բուժումներ իրականացնելով այրվածքներ ստացած մեծաթիվ հիվանդների շրջանում՝ սկսած բուժման վաղ փուլից մինչև վերականգնում։
Իսրայելի արագ արձագանքման բժշկական թիմը
Իսրայելի արագ արձագանքման բժշկական թիմն առաջինն էր, որ պայթյունից անմիջապես հետո ժամանեց Հայաստան և այստեղ աշխատեց գրեթե երկու շաբաթ: 14 հոգուց բաղկացած շտապ բուժօգնության խմբի ղեկավար բժիշկ Շայ Շուլն այն ժամանակ ներկայացրեց խմբի կազմը. «Մեր թիմը բաղկացած է պլաստիկ վիրաբույժներից, անեսթեզիոլոգից, բուժքույրերից և ցավի կառավարման մասնագետներից: Մենք աշխատում ենք չորս տարբեր վիրահատարանում»։
Արտերկրի բուժօգնության մասնագետները հայ բժիշկներին օգնել են բուժման ծառայություններ մատուցել շուրջ 250 հոգու, որոնցից ոմանք ստացել են ծանր այրվածքներ իրենց մարմնի մակերեսի 70-90%-ի վրա:
«Երբ պայթյունը տեղի է ունեցել, շատերը բնազդաբար փորձել են պաշտպանել իրենց դեմքերը՝ ծածկելով իրենց ձեռքերով, որոնք և խիստ այրվել են։ Մյուսներն էլ ծնկի են իջել և փորձել սողալով դուրս պրծնել՝ այրվածքներ ստանալով իրենց ոտքերին», - բացատրում է բժիշկ Շուլը:
Հիվանդների թվում կային երեխաներ։
«Վիրահատել ենք այրվածքներով մեկ տարեկան երեխայի: Նա դեմքին այրվածքներ չէր ստացել, քանի որ մայրը կամ հայրը ծածկել էին նրա գլուխը։ Բոլոր այրվածքները եղել են մեջքի կամ ոտքերի շրջանում: Ծնողները պաշտպանել են նրան: Բժիշկ Շայ Շուլը ներկայացրել է, թե ինչպես է իր թիմն օր ու գիշեր աշխատել վիրահատարաններում՝ Հայաստանի բժիշկների թիմի հետ ուս ուսի՝ միմյանցից սովորելով ։
«Մեր թիմը սովոր է այրվածքներ բուժել: Սա նրանց առօրյա աշխատանքն է: Երուսաղեմի ամենամեծ հիվանդանոցում, օրինակ՝ նրանք առնչվում են շաբաթական մեկ կամ երկու դեպքի հետ: Այստեղ, սակայն, վիրահատական դեպքերը հաջորդում են մեկը մյուսին և նրանք օրական 20 վիրահատություն են կատարում», - ասում է բժիշկը:
Բելգիայի B-FAST արագ արձագանքման բժշկական թիմը
Բելգիայի B-FAST Medevac թիմի ղեկավար Բերտ Տորֆսը նույնպես ցնցված էր վնասվածքների մասշտաբով:
«Բելգիայում սովորական պայմաններում բժիշկներն ամիսը մեկ անգամ են գործ ունենում այսպիսի ծանր այրվածներ ստացած մարդկանց հետ: Այստեղ միաժամանակ 200 այդպիսի հիվանդ կա։ Առողջապահության նախարարությունը և ողջ բուժանձնակազմը փայլուն աշխատանք են կատարում եղած միջոցներով, սակայն դա գերազանցում է նրանց հնարավորությունները և դա կգերազանցեր բուժանձնակազմի հնարավորությունները շատ երկրներում, ներառյալ՝ Բելգիայում»։
Բերտ Տորֆսի թիմը պատասխանատու էր հիվանդների տարհանման համար: Այրվածքների մասնագետների և այլ բժշկական անձնակազմի հետ միասին արտակարգ իրավիճակների նրանց կառավարման թիմն ապահովել է, որ տարհանման բարդ գործընթացի յուրաքանչյուր փուլ սահուն ընթանա ինչպես բժշկական, այնպես էլ՝ նյութատեխնիկական առումով:
«Երբ հիվանդներով ինքնաթիռը ժամանի Բրյուսելի օդանավակայան, հիվանդներին կդիմավորի շտապօգնության մեքենան։ Այստեղի մեր մասնագետները շտապօգնության աշխատակիցներին նախապես կտեղեկացնեն հիվանդների մասին, այնպես, որ երբ հիվանդներին դուրս բերեն ինքնաթիռից, բժիշկներն արդեն իմանան, թե ովքե՞ր են և ի՞նչ վիճակում են նրանք։ Այնուհետև, նրանց կտեղափոխեն այրվածքաբանության կենտրոն»,- բացատրում է Բերտը:
Եվրոպական միության Քաղաքացիական պաշտպանության ծրագրի շրջանակներում Բուլղարիան, Իտալիան, Ռումինիան և Իսպանիան աջակցել են մարդկանց հետագա բժշկական տարհանման գործընթացին:
Իտալիայի արագ արձագանքման բժշկական թիմը Հայաստանում
Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ITA բժշկական թիմը ՀՀ կառավարության խնդրանքով կազմակերպել է այրվածքների մասնագիտական խմբի տեղակայումը: Փորձառու մասնագետների վեց հոգանոց թիմը աշխատում էր Երևանի բժշկական կենտրոններում՝ բուժումներ իրականացնելով 23 տուժածի համար, որոնցից հինգը վերակենդանացման բաժանմունքում են։
Թիմն աշխատում էր հիվանդանոցի պլաստիկ վիրաբույժների և անեսթեզիոլոգների հետ՝ իրականացնելով գնահատումներ և կատարելով համատեղ վիրահատություններ:
«Տեղի բժշկական թիմի հետ համագործակցությունը չափազանց կարևոր է», - ասում է Գաբրիելլա Պրոիետտին, ով ղեկավարում է Իտալիայի արագ արձագանքման բժշկական թիմը: «Վիրաբուժական միջոցառումների պլանավորումն ըստ առկա ռեսուրսների էական է հաջողության հասնելու համար: Միասին մենք կարող ենք սահմանել առաջնահերթությունները և մշակել հետագա գործողությունները: Օրինակ՝ անհրաժեշտ է ստորին վերջույթների փոխարեն սկսել ձեռքերի մաշկի փոխպատվաստումից, որպեսզի բուժումը սկսելիս հիվանդը կարողանա ինքնուրույն ուտել, ինչը կնպաստի նրա վերականգնմանը»:
Երբ հոկտեմբերի վերջին մասնագետների թիմը մեկնեց, տեղի փորձառու բժիշկներն ստանձնեցին հիվանդների այրվածքների վերականգնման բարդ գործընթացը:
«Հայաստանում վիրաբույժները շատ փորձառու են, սակայն իրավիճակը ճգնաժամային է հիվանդների մեծ թվի պատճառով, ինչն ազդել է եղած ռես», -սների վրա»,- ասում է Գաբրիելլա Պրոիետտին։
Samaritan’s Purse-ի արագ արձագանքման բժշկական թիմը
Վերոհիշյալից բացի Միացյալ Նահանգներում գործող Samaritan’s Purse միջազգային մարդասիրական կազմակերպության ջանքերով Հայաստան էր ժամանել այրվածքաբանության տասնմեկ փորձագետ, ովքեր Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում աշխատում էին հիվանդանոցային հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ, ինչպես նաև մատուցում էին վերականգնողական ծառայություններ, կատարում վիրահատումներ և վիրակապումներ:
Samaritan’s Purse թիմը գլխավորում էր Սաշա Թյուն:
«Հայ բժիշկներն անհավատալիորեն հյուրընկալ են: Ես գիտեմ, որ նախորդ տասն օրերը շատ դժվար են եղել նրանց համար, ուստի նրանց հետ համատեղ աշխատելը շատ օգտակար էր: Ես հույս ունեմ, որ մենք այստեղ իսկապես կարող ենք այդ հիվանդների համար ապահովել հնարավոր լավագույն արդյունքները: Ես նաև հույս ունեմ, որ մենք կարող ենք ընդլայնել առողջապահական համակարգի կարողությունները և իրապես աջակցել այրվածքաբանության ոլորտի բժիշկներին և բուժքույրերին»:
Սաշայի գործընկեր Ջեսիկա Բուրգերը մասնակցել է այրվածքներ ստացած անձանց վերականգնողական աշխատանքներին:
«Այս հիվանդների հետ աշխատանքը պատիվ էր: Չնայած հոգեկան և ֆիզիկական դժվարություններին՝ մեզ համար մեծ պատիվ էր նվազեցնել տեղական առողջապահական համակարգի բեռը, ինչպես որ մեծ պատիվ էր թեթևացնել այն անձանց տառապանքները, ում հետ առիթ ունեցանք գործ ունենալ», - պատմում է Ջեսիկան:
Միացյալ Թագավորության UK-Med արագ արձագանքման բժշկական թիմը
Արտաքին հարցերով համագործակցության և զարգացման գրասենյակի աջակցությամբ, UK-Med բժշկական օգնության կազմակերպությունը Հայաստան ուղարկեց մասնագետների բժշկական թիմ՝ մասնակցելու այստեղ ընթացող արագ արձագանքման աշխատանքներին: Երևանի Միքայելյանի անվան հիվանդանոցում աշխատում է վիրաբույժների և ֆիզիոթերապևտների փոքր խումբ՝ այրվածքներ ստացած հիվանդներին վիրահատական և վերականգնողական ծառայություններ մատուցելու նպատակով:
ԱՀԿ-ն սերտորեն համագործակցել է Առողջապահության նախարարության և արագ արձագանքման բժշկական թիմերի հետ՝ ընդլայնելու տեղական բժշկական կարողություններն այրվածքների վերականգնման ոլորտում: UK-Med-ը և Samaritan’s Purse-ը վերապատրաստման դասընթացների կազմակերպման հիմնական գործընկերներն էին։ Դասընթացի թեման էր«Արագ արձագանքման բժշկական թիմեր. վերապատրաստողների վերապատրաստման դասընթաց «Անհրաժեշտ վերականգնում այրվածքների դեպքում»»:
«Դասընթացն արտացոլում է Առողջապահության նախարարության հանձնառությունը՝ շարունակաբար ընդլայնել այրվածքներով անձանց ուղղված վերականգնողական աշխատանքները: Ինձ դուր եկավ դասընթացի մասնակիցների հետ մեր համատեղ գործունեությունը, ինչպես նաև և այն հմտություններն ու հոգատար վերաբերմունքը, որով նրանք ներգրավված էին իրենց աշխատանքում», - ասում է բժիշկ Էյպրիլ Գեմբլը` UK-Med թիմի վերականգնողական ծառայության ղեկավարը:
Աջակցությոն հիվանդներին՝ դեպի վերականգնում երկար ճանապարհին
Վիրահատությունից և այրվածքների ապաքինումից հետո հիվանդները ինտենսիվ վերականգնման կարիք ունեն: Արմենուհի Պողոսյանը Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի վերականգնողական թերապիայի մասնագետ է:
«Երբ վերականգնման աշխատանքների արդյունքում հիվանդները զգում են, որ ցավը նվազել է, շարժումները դարձել են հեշտ և սահուն և վերջույթներում զգում են հարմարավետություն, նրանք անհամբեր սպասում են ձեզ», - ասում է նա:
Դառն իրականությունն այն է, որ սա միայն դեպի բուժում տանող ճանապարհի սկիզբն է բոլոր նրանց համար, ովքեր ծանր այրվածքներ են ստացել:
«Այրվածքների պարագայում վերականգնումը երկար գործընթաց է, որը պահանջում է մինչև մեկ տարի, իսկ որոշ դեպքերում՝ ավելի երկար»,- բացատրում է Արմենուհին։
Ներկայումս բուժանձնակազմը Երևանի ութ հիվանդանոցում շարունակում է բուժօգնություն ցուցաբերել այրվածքներով 118 հիվանդի։
ԱՀԿԵվրոպանկշարունակի աշխատել Հայաստանի կառավարության հետ, ինչպես նաև ընդլայնել փախստականների և նրանց ընդունող համայնքների ֆիզիկական և հոգեկան առողջության պահպանմանն ուղղված աշխատանքները՝ որպես Հայաստանում փախստականներին աջակցության ընդլայնված մաս:
Անդամ երկրների մասնակցությամբ՝ ԱՀԿ/Եվրոպան մշակում է արագ արձագանքման բժշկական թիմերի 2024-2030թթ. գործողությունների ծրագիր՝ բարձրացնելու առողջապահական համակարգերի արտակարգ իրավիճակների պատրաստվածությունն ու դիմակայունությունը՝ արագ արձագանքման բժշկական թիմերի կարողությունները ներառելով ազգային շրջանակներում: