ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Գրադարակ» կրթամշակութային ՀԿ-ի համատեղ ջանքերի շնորհիվ, Միացյալ Նահանգների կառավարության աջակցությամբ, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրում երեխաների համար երեխայակենտրոն ժամանցային կենտրոն է հիմնվել: Այն կծառայի որպես համայնքային գրադարան՝ կրթական ռեսուրսներով և խաղերով, ինչպես նաև որպես ապահով ու անվտանգ վայր՝ երեխաներին և դեռահասներին անհրաժեշտության դեպքում հոգեսոցիալական աջակցություն և երեխաների պաշտպանության ծառայություններ տրամադրելու համար:
Աղավնաձորի «Գրադարակ» կենտրոնի հիմնումը կյանքի է կոչվել Արենիի համայնքապետարանի հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ. կենտրոնի ստեղծման համար տրամադրվել է համապատասխան տարածք և 5,000,000 դրամ վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար: Արենիի համայնքապետարանը կհոգա նաև կենտրոնի ընթացիկ ծախսերը՝ ապահովելով, որ այն տարեկան սպասարկի շուրջ 300 երեխաների, դեռահասների և երիտասարդների։ «Գրադարակ» կրթամշակութային ՀԿ-ի հետ համատեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերանորոգել և կահավորել է կենտրոնը, ինչպես նաև տրամադրել գրքեր, գույք, զարգացման խաղեր, այդ թվում՝ տարբեր տարիքի երեխաների համար նախատեսված կրթական և ժամանցային նյութերի լայն ընտրանի: ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև աջակցել է գրադարանավար-համակարգողների վերապատրաստմանը՝ երեխաների տարբեր տարիքային խմբերի հետ աշխատելու հիմունքների, երեխաների համար ինտերակտիվ միջոցառումներ մշակելու և ղեկավարելու համար, ինչպիսիք են թատերական խաղերը, նկարչության դասերը, ֆիլմերի ցուցադրությունները, գրքի ակումբները, վերապատրաստումները և հետաքրքրության առարկա հանդիսացող սեմինարները:
«ՅՈՒՆԻՍԵՖ-ում հավատացած ենք, որ յուրաքանչյուր համայնք պետք է ունենա բազմամասնագիտական ծառայությունների ցանց բոլոր տարիքի երեխաների համար, որը կարող է տրամադրել նրանց անվտանգ և երեխայակենտրոն միջավայր՝ համախմբվելու և կրթելու, ընթերցանությամբ զբաղվելու, խաղալու, զվարճանալու, ինչպես նաև համատեղ ծրագրերի վրա աշխատելու համար՝ օգնելու իրենց համայնքը բարգավաճել և զարգանալ: Այս կենտրոնը բազմաթիվ գործընկերների համագործակցության կարևոր օրինակ է՝ աջակցելու երեխաների համար որակյալ ծառայություն ստեղծելու գործում», - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:
Աղավնաձորի «Գրադարակի» հիմնադրմամբ ամփոփվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և PRM-ի համագործակցությունը՝ ուղղված Հայաստանում փախստականի նման իրավիճակում հայտնված երեխաներին և ընտանիքներին բազմաոլորտ աջակցություն տրամադրելուն, որն իրականացվել է խոցելի երեխաների և նրանց ընտանիքների համար կրթական միջավայրի և սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման, սոցիալական պաշտպանության ծառայությունների հասանելիության հզորացման և խնամքի ու պաշտպանության ապահովման միջոցով:
«Որպես Պետդեպարտամենտի մարդասիրական բյուրո՝ PRM-ն պաշտպանություն է տրամադրում, թեթևացնում տանջանքնեըը և լուծում հալածված և բռնի տեղահանված անձանց դեմ ծառացած դժվարություններն ամբողջ աշխարհում: Մենք դա անում ենք՝ համակարգելով հումանիտար քաղաքականությունը, տրամադրելով կյանքի շարունակականությունն ապահովող աջակցություն և աշխատելով բազմակողմ կազմակերպությունների հետ, ինչպիսին ՅՈՒՆԻՍԵՖ-ն է՝ խթանելու մարդասիրական արձագանքման գործում լավագույն փորձը: ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ այս ծրագրի միջոցով մենք հնարավորություն ունեցանք հասնելու հազարավոր երեխաների և ծնողների/խնամակալների՝ նրանց տրամադրելով առաջին անհրաժեշտության պարագաներ, հիմնական ծառայություններ և պաշտպանություն, ինչպես նաև՝ այլ ծառայություններից օգտվելու համար ներառական հնարավորություններ՝ միաժամանակ աջակցելով Հայաստանին փորձ ձեռք բերել հումանիտար արձագանքման նոր միջոցների կիրառման գործում, ինչպիսիք են կանխիկ դրամական աջակցությունը կամ վաուչերները», - նշել է ԱՄՆ Պետդեպարտամենտի փախստականների հարցերով տարածաշրջանային համակարգող Ռենե Լարիվիերը:
2021-2023 թվականներին ՅՈՒՆԻՍԵՖ-ը Սյունիքի հինգ դպրոցներում վերանորոգել է 17 սանհանգույց, տրամադրել նոր կահույք, ինչպես նաև կանխիկ դրամական աջակցություն է ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանում հաստատված 3,159 երեխայի և նրանց ընտանիքներին։ Բացի Աղավնաձորում «Գրադարակի» հիմնադրումից, ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում վերանորոգել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն առընթեր երեխայի և ընտանիքի աջակցության հինգ կենտրոններ, Կապանի կենտրոնին տրամադրել է անհրաժեշտ նյութեր և սարքավորումներ, ինչպես նաև վերանորոգել և վերազինել է Երևանում գործող երեխայի աջակցության մեկ կենտրոն, որը գործում է Հայ օգնության ֆոնդի «Երեխաների պաշտպանության կենտրոնի» տարածքում։ Ընդհանուր առմամբ, այս ամենի շնորհիվ խոցելի երեխաներն ու նրանց ընտանիքներն ավելի լայն, ընդգրկուն ու ներառական աջակցություն ստացան:
Հոգեսոցիալական ծառայությունների տրամադրումն առաջնահերթ խնդիրներից մեկն է եղել: Այս ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը կարողացել է հասնել 17,000 երեխայի և 5000 ծնողի/խնամակալի՝ տրամադրելով հոգեկան առողջության ծառայություններ և հոգեսոցիալական աջակցություն անհատական և խմբակային թերապիայի միջոցով: «Ծնողի դպրոց» ՀԿ-ի հետ համատեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեկնարկել է դրական ծնողավարման առցանց դասընթաց, որին մասնակցել է 700 ծնող: Ի լրումն, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությամբ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը մշակել և հեռարձակել է 16 դրվագից բաղկացած «Առողջ ապրելակերպ» հաղորդաշարը, որի հիմքում հոգեկան առողջությունն ու դրական ծնողավարումն էր: