Սա անցյալում այս հանցագործությունը կանխել չհաջողելու հետևանքով մեր հավաքական քայլերը վերանայելու, և ներկայի ու ապագայի համար կանխարգելիչ ջանքերը կրկնապատկելու օր է:
«Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի ընդունումից ավելի քան 70 տարի անց ցեղասպանության սպառնալիքը դեռևս առկա է աշխարհի շատ վայրերում: Խտրականությունն ու ատելության խոսքը՝ ցեղասպանության վաղ նախազգուշացման նշանները, տարածվում են ամենուր:
Պետք է ավելին անենք ուժեղ քաղաքական առաջնորդության և այս վտանգավոր միտումների դեմ վճռական քայլեր խթանելու համար: Պետք է ավելին անենք՝ կյանքի կոչելու մեր հանձնառությունը՝ ազատագրելու մարդկությանը ցեղասպանության արհավիրքից:
Վերջերս այցելեցի Կամբոջայի Պնոմպեն քաղաքում գտնվող Տուոլ Սլենգի ցեղասպանության թանգարան, որտեղ պատիվ ունեցա հանդիպելու դաժան հանցագործությունները վերապրած անձանց հետ:
Նրանց հուզիչ վկայությունները ուժգին կերպով հիշեցնում են ցեղասպանության ու դաժան հանցագործությունների անհատական տառապանքները, ցավն և սարսափը:
Կոչ եմ անում յուրաքանչյուր անդամ երկրի կոնկրետ քայլեր ձեռնարկել վտանգի տակ գտնվող համայնքներին, ներառյալ փոքրամասնություններին, պաշտպանելու և խտրականության և հալածանքների դեմ պայքարելու համար:
Երկրները ցեղասպանությունը կանխելու առաջնային պարտավորություն ունեն, սակայն կրոնական և համայնքային առաջնորդները, քաղաքացիական հասարակությունը, մասնավոր հատվածը և լրատվամիջոցները, ներառյալ սոցիալական մեդիան, ևս մեծ դեր են խաղում:
Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը կոչ եմ անում բոլոր շահագրգիռ կողմերին օգտագործել իրենց տրամադրության տակ եղած բոլոր միջոցները` այս հանցագործությունը կանխելու և վերջ տալու համար։