COVID-19 համավարակից քաղված դասերը կենսական առաջնահերթություն են դարձրել առողջապահական տեղեկատվական համակարգերի բարելավման անհրաժեշտությունը։ Վերոհիշյալը առաջնահերթություն է նաև ՀՀ կառավարության և Առողջապահության նախարարության համար և առաջնային է իրենց օրակարգում։ Առողջապահական տեղեկատվական համակարգի բարելավումը կնպաստի տվյալների վրա հիմնված որոշումների կայացմանը, բնակչության վրա արտակարգ իրավիճակների ազդեցությունը նվազագույնի հասցնելուն և առողջապահական համակարգի առավել ամրապնդմանը՝ այն դարձնելով ավելի արդյունավետ և նպատակային քաղաքացիների կարիքներին արձագանքելու համար:
Առողջապահության նախարարությանը թվայնացման ոլորտում առաջնահերթությունների իրականացման գործում աջակցելու նպատակով և որպես մեկնարկային քայլ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները, սերտորեն համագործակցելով Առողջապահության նախարարության հետ, գնահատել են առողջապահական տեղեկատվական համակարգի (ԱՏՀ), ինչպես նաև ընթացիկ և COVID-19-ի պատվաստումների գրանցման ու հաշվետվություների ներկայացման թվայնացման մակարդակները։
Փորձագետները սերտորեն համագործակցել են նաև ԱՏՀ ոլորտի հիմնական շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ Առողջապահության նախարարության, Առողջապահության ազգային ինստիտուտի առողջապահական տեղեկատվական վերլուծական կենտրոնի, Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի և ArmMed էլեկտրոնային համակագրի ներկայացուցիչների հետ:
ԱՀԿ փորձագետներն այցելել են նաև առողջապահության ոլորտում գործող տարբեր հաստատություններ, այդ թվում՝ Հայաստանի ամերիկյան համալսարան, Երևանի պետական բժշկական համալսարան, Երևանի պետական համալսարան, Հայ-Ռուսական համալսարան, ինչպես նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն և Թվային առողջապահության հայկական ասոցիացիա: Հանդիպել են նաև միջազգային գործընկերների՝ ԱՄՆ ՄԶԳ-ի և Համաշխարհային բանկի հետ:
Հայաստանն ունի մի քանի ուժեղ կողմեր իր թվային ենթակառուցվածքի, տվյալների հասանելի աղբյուրների և բժշկական էլեկտրոնային քարտերի կառավարման առումներով: COVID-19 համավարակին ազգային արձագանքը և այդ ուղղությամբ եղած ներդրումները նպաստել են ազգային Armed թվային առողջապահական համակարգի արդիականացմանը՝ բարելավված հսկողության, իրական ժամանակի վահանակների, հիվանդանոցների և ինտենսիվ թերապիայի ընդունման վերաբերյալ օգտատերերի որոշումների, որակի մասին տվյալների, ինչպես նաև պատվաստանյութերի և այլ կարևոր ապրանքների մատակարարման կառավարման առումներով:
«Էլեկտրոնային առողջապահության ներդրումը Առողջապահության նախարարության առանցքային ուղղություններից է։ Գնահատման հաշվետվությունը կօգնի ոլորտում բարեփոխումների իրականացմանը»,- փորձագետների և հիմնական շահագրգիռ կողմերի հետ հանդիպմանը նշել է Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը։
Հիմնվելով ներկայիս ուժեղ կողմերի վրա՝ ԱՀԿ փորձագետները նախանշել են հետագա ռազմավարական գործողությունները՝ ավելի ճկուն և կայուն առողջապահական համակարգ ունենալու նպատակով։ Դրանց թվում են նաև առողջապահական թվային համակարգի ամբողջական ինտեգրումը, առողջապահական հաստատությունների տեղեկատվական համակարգերի էլեկտրոնային հավաստագրումը, հանրային առողջության և արհեստական ինտելեկտի թեմաներով վերապատրաստումների անցկացումը, ինչպես նաև հեռաբժշկության ներդրումը և հետազոտությունների ու որոշումների կայացման համար երկրորդային տվյալների օգտագործումը:
«Թվային առողջապահությունը ԱՀԿ 2022-2025 աշխատանքային եվրոպական ծրագրի առանցքային առաջնահերթ նախաձեռնություններից է: Այս գնահատման միջոցով ուսումնասիրեցինք Հայաստանի էլեկտրոնային առողջապահության համակարգի խորությունը, ներուժը և այն առանցքային դերակատարությունը, որ կարող է ունենալ հայկական էլեկտրոնային առողջապահական համակարգը հետագայում առողջապահական ծառայությունների լայն սպեկտրում՝ հիվանդությունների վաղ նախազգուշացումից և հսկողությունից, հանրային առողջապահության խթանման աշխատանքներով սկսած և ինչպես առողջության առաջնային պահպանման օղակում, այնպես էլ հիվանդանոցներում առողջապահական ծառայությունների և աշխատուժի գործելակարգի որակի բարելավմամբ վերջացրած», - ասել է Ժիհան Թաուիլան՝ ԱՀԿ ներկայացուցիչը Հայաստանում։
Գնահատումն ավելի մեծ աջակցության մի մաս է։ Այդ աջակցությունը տրամադրվում է ԵՄ և ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից իրականացվող COVID-19 դեմ պատվաստանյութերի հասանելիության ապահովման և պատվաստումների իրականացման ծրագրի ֆինանսական աջակցությամբ։ Ծրագիրն իրականացվում է Արևելյան գործընկերության վեց երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: