ԵՄ-ն և ՄԱԱԶԿ-ն աջակցում են Հայաստանին որակի առաջին ազգային քաղաքականությունը մշակելու հարցում լավ կառավարման համար
20 հոկտեմբերի 2022
ՄԱԱԶԿ-ն «Աջակցություն Հայաստանի որակի ենթակառուցվածքների զարգացմանը» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր սեմինար։
«Աջակցություն Հայաստանի որակի ենթակառուցվածքների զարգացմանը» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից, ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ/UNIDO) կազմակերպել էր սեմինար՝ որակի ազգային քաղաքականության և որակի ազգային ենթակառուցվածքների (ՈԱԵ) ռազմավարության շուրջ կոնսենսուսի հասնելու նպատակով՝ ի շահ երկրի, նպաստելու համար նրա կայուն զարգացմանը՝ որակի ենթակառուցվածքների կայուն համակարգ ապահովելու միջոցով։
Սեմինարը հարթակ էր տրամադրել ավելի քան հիսուն մասնակիցների ոլորտային նախարարություններից, որակի ենթակառուցվածքային հաստատություններից և մասնավոր հատվածից։ Սեմինարի ընթացքում մասնակիցները վերանայեցին Հայաստանում որակի ենթակառուցվածքի ներկայիս համատեքստը և քննարկեցին Հայաստանում որակի ենթակառուցվածքի ապագա տեսլականը և դրա հետ կապված նպատակները, գործողությունները և արդյունքները որակի ենթակառուցվածքների համակարգի յուրաքանչյուր բաղադրիչի համար՝ ելնելով շուկայի կարիքներից։
Հայաստանում ԵՄ պատվիրակության առևտրի ծրագրերի պատասխանատու Կարեն Ազարյանը, կարևորելով միջոցառման անցկացումը և դրան պետական տարբեր կառույցների մասնակցությունը, ընդգծեց որակի ենթակառուցվածքների զարգացած համակարգի կարևորությունը Հայաստանի համար։ Նա մասնավորապես նշեց, որ որակի ենթակառուցվածքների ծառայություններն անհրաժեշտ են կյանքի բոլոր ասպեկտների համար՝ լինի դա գիտություն, պաշտպանություն, թե սննդի անվտանգություն:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Ժաննա Զաքարյանը ընդգծեց ԵՄ ֆինանսավորմամբ և ՄԱԱԶԿ-ի կողմից իրականացվող ծրագրի կարևորությունը, որի հիմնական առաջնահերթությունը Հայաստանում չափագիտության համակարգի բարելավումն է՝ այդ ոլորտում ազգային շահագրգիռ կողմերի գիտելիքների ամրապնդման և 4 չափման լաբորատորիաների ստեղծման միջոցով։
Հայաստանում ՄԱԱԶԿ ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը նշեց, որ այս աշխատաժողովը հուլիսին մեկնարկած որակի ազգային ենթակառուցվածքի քաղաքականության և ռազմավարության մշակման կարևոր գործընթացի շարունակությունն է։ Տիկին Սիմոնյանի խոսքով տարբեր նախարարությունների և գերատեսչությունների ավելի լայն ներկայությունը ճանապարհ է հարթում ամուր ինստիտուցիոնալ շրջանակի և միջոլորտային երկխոսության համար։
«Աջակցություն Հայաստանի որակի ենթակառուցվածքների զարգացմանը» ծրագրի նպատակն է զարգացնել չափագիտության ազգային կարողությունները, ինչպես նաև կայուն և միջազգայնորեն ճանաչված ծառայություններ տրամադրել Հայաստանի Հանրապետության շահագրգիռ կողմերին: