ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի թիմն Իրաքի կրթության նախարարության հետ կիսվել է Ազգային դպրոցական սննդի ծրագրի սեփական փորձով
19 օգոստոսի 2022
ՊՀԾ-ն ներկայացրել է կատարված ներդրումները, որոնք նպաստում են տեղական տնտեսությանը, բարելավում են առողջությունը և նպաստում բնակչության պարենային ապահովությանը:
Այս շաբաթ Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) ուրախությամբ ընդունեց Իրաքի կառավարության ներկայացուցիչներին, ովքեր մանրամասն քննարկում ունեցան Հայաստանում «Դպրոցական սնունդ» ազգային ծրագրի, դրա գործառնական ասպեկտների և տարիների ընթացքում ծրագրի ունեցած ազդեցության մասին՝ տարբեր շահագրգիռ կողմերի հետ հաջող համագործակցությունների շնորհիվ։
Մասնավորապես, Իրաքի կրթության նախարարության ներկայացուցիչները Իրաքի տեխնիկական հարցերով փոխնախարար պարոն Հուսեյն Սաբրի Համադ Ալ-Լամի գլխավորությամբ հանդիպեցին ՊՀԾ-ի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն և տնօրենի պաշտոնակատար տկն․ Նաննա Սկաուին՝ քննարկելու երկու երկրներում Դպրոցական սնունդ ծրագիրը և արտակարգ իրավիճակներում դրա կայունությունն ու ճկունությունն ապահովելու էական ջանքերը:
Հայաստանն ունի «Դպրոցական սնունդ» ծրագրի մեծ փորձ՝ որպես համայնքի զարգացման հարթակ և Հայաստանի՝ պարենային ապահովության, կրթության և սնուցման տեսլականի կարևոր բաղադրիչ:
Փոխնախարարը և Իրաքի կառավարության և ՊՀԾ-ի իրաքյան գրասենյակի գործընկերների ներկայացուցիչները, Իրաքում ՊՀԾ փոխտնօրեն տիկին Էքրամ Էլ-հունիի գլխավորությամբ, «Հարավ-Հարավ» եռանկյուն համագործակցության շրջանակում ճանաչողական այց են ունեցել Հայաստանի տարբեր մարզերում։
Շրջայցի ընթացքում ՊՀԾ-ն ներկայացրել է տարիների ընթացքում կատարված ներդրումները, որոնք ապահովում են ծրագրի կայունությունը, նպաստում են տեղական տնտեսությանը, բարելավում են առողջությունը և նպաստում բնակչության պարենային ապահովությանը:
Պատվիրակությունը հանդիպել է նաև Տավուշի փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանի հետ՝ քննարկելու «Ամբողջ հացահատիկային ցորենի արժեշղթա» և «Դպրոցական սնունդ» ծրագրերում մասնավոր ներդրումների հետ կապված հարցերը։
Կողմերն ընդգծել են ՊՀԾ ծրագրերի կարևորությունը համայնքների զարգացման և մարդկանց կյանքի որակը փոխելու գործում։
Հիշեցնենք, որ ՊՀԾ-ի աջակցությամբ Տավուշի մարզում հիմնվել է ամբողջահատիկ ցորենի ալրաղաց՝ արևային կայանով: Բացի այդ, ՊՀԾ ծրագրերի շրջանակում Տավուշի 75 դպրոցների շուրջ 7100 դպրոցականներ հնարավորություն են ստացել փոխարինել սպիտակ ցորենից պատրաստված հացամթերքը ավելի սննդարար և առողջ ամբողջահատիկ հացով: