Առողջություն և բարօրրություն կյանքի ընթացքում. Հայաստանը խթանում է առողջապահական բարեփոխումների իրականացումը ԱՀԿ-ի աջակցությամբ
03 օգոստոսի 2022
Հայաստանում ԱՀԿ-ի ներկայացուցիչը և ԱԳ նախարարը քննարկեցին գործընկերության ներկայիս և հետագա գերակայությունները։
Հայաստանի արտաքին գործերի նախարար պարոն Արարատ Միրզոյանը և Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ դոկտոր Ժիհան Թաուիլան հանդիպել են օգոստոսի 3-ին և քննարկել համատեղ նախաձեռնություններն ու առաջնահերթությունները։
Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ԱՀԿ-ի գործունեությունը Հայաստանում և երախտագիտություն հայտնել COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում և համավարակի հետևանքները հաղթահարելու գործում կազմակերպության աջակցության համար։
Դոկտոր Թաուիլան նշել է, որ չնայած վերջին երկու տարիների մարտահրավերներին և COVID-19 շարունակվող համավարակին, Հայաստանը կայուն կերպով առաջ է շարժվում առողջապահական բարեփոխումների իրականացման գործում՝ հիմք ստեղծելով ապագա սերունդների բարեկեցության համար։ ԱՀԿ-ն շարունակում է աջակցել զարգացման ազգային այն բարեփոխումների իրականացման գործում, որոնք առողջությունը դնում են սոցիալ-տնտեսական աճի կենտրոնում՝ աշխատելով զարգացման բոլոր գործընկերների հետ և խթանելով առողջապահության ոլորտում իրականացվող աշխատանքների համակարգումն ու պլանավորումը «2020-2025 Աշխատանքի եվրոպական ծրագրի» (ԱԵԾ) շրջանակում: ԱԵԾ-ն առողջապահության գերակայությունների համապարփակ շրջանակ է, որն առաջնորդում է ԱՀԿ-ի աշխատանքը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում և վավերացված է բոլոր 53 անդամ պետությունների, այդ թվում նաև Հայաստանի կողմից:
«Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանում աշխատելը։ ԱՀԿ-ն շարունակում է սերտորեն համագործակցել կառավարության, քաղաքացիական հասարակության, ակադեմիայի, զարգացման գործընկերների և այլ շահակից կողմերի հետ՝ որակյալ առողջապահական ծառայությունների հասանելիությունն ամրապնդելու, հանրային առողջապահության արտակարգ իրավիճակներին նախապատրաստվելու և առավել լավ արձագանքելու, ինչպես նաև խթանելու Հայաստանում մարդկանց, այդ թվում նաև ամենախոցելիների առողջությունն ու բարեկեցությունը »,- իր հավատարմագրերը հանձնելիս նշել է դոկտոր Թաուիլան:
Դոկտոր Թաուիլան շնորհակալություն է հայտնել պարոն Միրզոյանին 2022 թվականի հոկտեմբերի 5-ից 7-ը ԱՀԿ-ի գլխավորած Արագ արձագանքման բժշկական թիմերի հանդիպումը Հայաստանում հյուրընկալելու համար։ Այն եզակի միջոցառում է՝ բարձրաստիճան պաշտոնյաների և առողջապահության նախարարների մասնակցությամբ։ Միջոցառման շրջանակում սպասվում է ավելի քան 450 մասնակից ամբողջ աշխարհից։ «ԱՀԿ-ի հայաստանյան և եվրոպական տարածաշրջանային գրասենյակները ջանքեր չեն խնայի թե՛ երկրում, և թե՛ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում, Հայաստանի Հանրապետության և առողջապահության ոլորտի մի շարք գործընկերների հետ մեր երկարատև և արդյունավետ համագործակցությունը զարգացնելու համար՝ տեղի և ողջ տարածաշրջանի բոլոր քաղաքացիների բարօրրության համար», - նշել է դոկտոր Թաուիլան:
«Առողջությունը բոլորի գործն է և երկրի զարգացման ու տնտեսական բարգավաճման անբաժանելի մասը։ Այն պահանջում է բազմակողմանի համագործակցություն՝ հաղթահարելով ցանկացած անհամաձայնություն և բացահայտելով ընդհանուր հետաքրքրություններ, որոնք կծառայեն բոլոր մարդկանց: Այս առումով Հայաստանը կարող է հավաստիացած լինել, որ ԱՀԿ-ն կշարունակի մնալ վստահելի գործընկեր հետագա տարիների համար»: