Հայաստանը, Եվրոպական միության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ, հզորացնում է պատվաստանյութերի սառը շղթայի համակարգը
11 հուլիսի 2022
Նվիրատվությունը ԵՄ և ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից տրամադրվող ավելի մեծ աջակցության մի մաս է։
Եվրոպական միությունն (ԵՄ) ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19 համավարակի արձագանքմանն ուղղված շարունակական աջակցության շրջանակում այսօր սառցարան-մեքենա են նվիրաբերել ՀՀ Առողջապահության նախարարության (ԱՆ) Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին (ՀՎԿԱԿ): Սառցարան-մեքենան հերթական ներդրումն է՝ ապահովելու համար պատվաստանյութերի պատշաճ պահեստավորումն ու տեղափոխումը Հայաստանի ողջ տարածքում։
«ԵՄ-ն շարունակում է մասնակցել ողջ աշխարհում առողջապահական համակարգերի ամրապնդմանը և COVID-19-ի հաղթահարմանն ուղղված ջանքերին։ Գիտական առաջընթացի շնորհիվ պատվաստանյութերն այդ նպատակին ծառայող ամենաարդյունավետ միջոցներից են, և մենք պետք է երաշխավորենք, որ դրանք ապահով և արդյունավետ կերպով հասնեն մարդկանց: Այսպիսով, սառնարանային բեռնատարը ևս մեկ ներդրում է պատշաճ սառնարանային սարքավորումների ապահովման և ողջ Հայաստանի տարածքով պատվաստանյութերի տեղափոխման գործում։ Մենք ուրախ ենք համագործակցել Առողջության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու մարդկանց մնալ առողջ և դիմակայուն վիրուսի նկատմամբ», - նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։
Սառցարան-մեքենայի, ինչպես նաև արդեն տրամադրված 30 բժշկական սառնարանների և 4 բարձր ջերմաստիճանի սառցարանների միջոցով ապահովվելու է պատվաստանյութերի անվտանգությունն ու արդյունավետությունը պահեստներից մինչև մարզային կենտրոններ և առողջապահական հաստատություններ:
Սառցարան-մեքենայի տարողությունը 9 խմ է։ Մեքենայի սառնարային կարողությունները փոփոխվել և համապատասխանեցվել են ԱՀԿ պահանջներին։ Սառցարան-մեքենան ունի առանձին էլեկտրական ապահովում և դիզելային գեներատոր՝ շաբաթը 7 օր 24 ժամ պատվաստանյութերի անվտանգությունն ու արդյունավետությունն ապահովելու համար, նաև արտակարգ իրավիճակների և էլեկտրաէներգիայի բացակայության պայմաններում:
«Վերջին շրջանում ամբողջ աշխարհում համավարակի թվերի հաստատուն աճ է գրանցվում: Մեր վիճակագրությունը ևս անհանգստացնող է: Մենք, ինչպես պատվաստումային գործընթացի մեկնարկից առաջ, այնպես էլ այսօր, վստահ ենք, որ պատվաստումները գործուն միջոց են համավարակի դեմ պայքարում: Սակայն պատվաստանյութերի հասանելիությունից բացի, պետք է հոգալ նաև մարզային պոլիկլինիկա կամ ամբուլատորիա հասնող պատվաստանյութի պահման ճիշտ պայմանների մասին: Մեր գործընկերների նվիրաբերած այս սառցարան-մեքենան թույլ կտա բաշխումն իրականացնել առավել անվտանգ ու արդյունավետ պայմաններով»․ - նշել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։
ԱՀԿ ներկայացուցիչ Ժիհան Թաուիլան նշել է․ «ԵՄ ֆինանսավորման, ինչպես նաև ՀՎԿԱԿ-ի և ԱՆ-ի հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ, ԱՀԿ-ին հնարավորություն է տրվել իր նյութատեխնիկական աջակցությունը հաջողությամբ տրամադրել Հայաստանին COVID-19 համավարակին դիմակայելու համար։ Պատվաստումն առավել ծախսարդյունավետ և ապացուցված միջոցներից է ավելի առողջ և երկարատև կյանք և գործող հանրային առողջապահական համակարգեր ունենալու համար: Կարևոր է ապահովել այն, որ պատվաստանյութերը լինեն անվտանգ և արդյունավետ երկրի ողջ տարածքում։ Այժմ, երբ COVID-19 շարունակում է տարածվել և կյանքեր խլել, պատվաստված լինելը չափազանց կարևոր է։ Այդ կերպ դուք պաշտպանում եք Ձեզ հիվանդության ծանր ընթացքից և այն մարդկանց ում մասին հոգ եք տանում՝ Ձեր ընտանիքին, ընկերներին, հարևաններին և համայնքին»։
Նվիրատվությունն ավելի մեծ աջակցության մի մաս է։ Այդ աջակցությունը տրամադրվում է ԵՄ և ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից իրականացվող COVID-19 դեմ պատվաստանյութերի հասանելիության ապահովման և պատվաստումների իրականացման ծրագրի ֆինանսական աջակցությամբ։ Ծրագիրն իրականացվում է Արևելյան գործընկերության վեց երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: