Փախստականների համաշխարհային օրը անդրադառնում ենք պատերազմից, բռնությունից և հալածանքներից փախչող անձանց քաջությանն ու դիմակայունությանը և ողջունում ենք նրանց ջերմորեն ընդունող մարդկանց կարեկցանքը։
Այսօր աշխարհում փախստականների թիվը ռեկորդային բարձր մակարդակի վրա է։
Ուկրաինայում պատերազմը երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայում ամենամեծ և ամենաարագ տեղահանման պատճառ է դարձել:
Աշխարհի այլ մասերում հակամարտությունից փախչող կանանց, երեխաների և տղամարդկանց հետ միասին՝ բռնի տեղահանվածների ընդհանուր թիվը հասել է 100 միլիոնի․ մեր ժամանակների դաժան մեղադրանքը:
Այս տարվա Փախստականների համաշխարհային օրը հաստատում է մարդկության հիմնական սկզբունքը. յուրաքանչյուր ոք ունի ապահով պայմանների ձգտելու իրավունք՝ ով էլ նա լինի, որտեղից էլ լինի, երբ էլ հարկադրված լինի փախուստի դիմել։
Միջազգային իրավունքը հստակ է։
Ապաստան հայցելու իրավունքը մարդու հիմնարար իրավունքն է։
Բռնությունից կամ հետապնդումներից փախչող մարդիկ պետք է կարողանան անվտանգ հատել սահմանները:
Նրանք չպետք է սահմաններին խտրականության ենթարկվեն կամ անարդարացիորեն զրկվեն փախստականի կարգավիճակ կամ ապաստան ստանալուց իրենց ռասայի, կրոնի, սեռի կամ ծագման երկրի պատճառով:
Նրանց չի կարելի ստիպել վերադառնալ, եթե նրանց կյանքը կամ ազատությունը վտանգի կենթարկվի։
Եվ ինչպես յուրաքանչյուր մարդու, այնպես էլ նրանց պետք է հարգանքով վերաբերվել։
Բայց անվտանգությունը միայն առաջին քայլն է։
Հայտնվելով ապահով վայրում՝ փախստականներին անհրաժեշտ են հնարավորություններ։
Բուժվելու, սովորելու, աշխատելու և զարգանալու հնարավորություններ:
Հնարավորություններ՝ տուն վերադառնալու, եթե այդպես ցանկանան, կամ իրենց կյանքը այլ վայրում վերակառուցելու՝ ապահով և արժանապատիվ պայմաններում։
Ամբողջ աշխարհում փախստականները նոր կյանք, բարգավաճում և հարուստ մշակութային բազմազանություն են բերել իրենց հյուրընկալող համայնքներին։
Փախստականների պաշտպանությունը պատասխանատվություն է, որը բոլորս կիսում ենք։
Այսօր եկեք պարտավորություն ստանձնենք անել ավելին փախստականների համար ամենուր և այն երկրների համար, որոնք հյուրընկալում են փախստականների, մինչդեռ բախվում են բազում մարտահրավերների։
Համերաշխ լինենք միմյանց հետ։
Պահպանենք միջազգային պաշտպանության ռեժիմի ամբողջականությունը։
Եվ թող երբեք չկորցնենք մարդասիրությունը: