2022 թվականի մարտի 8-ի Կանանց միջազգային օրվա թեման է՝ «Գենդերային հավասարությունն այսօր՝ հանուն կայուն ապագայի»: Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան թիմը շնորհավորում է Հայաստանի բոլոր կանանց և աղջիկներին այս կարևոր օրվա կապակցությամբ:
Ինչպես հայտարարել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը, այս օրը մենք նշում ենք կանանց և աղջիկների ներդրումը կյանքի բոլոր ոլորտներում` ամբողջ աշխարհում նրանց առաջնորդության համար, ինչպես նաև նրանց գաղափարների, նորարարությունների և ակտիվության համար, որոնք փոխում են մեր աշխարհը դեպի լավը:
Ցանկանում ենք շնորհավորել Հայաստանին գենդերային հավասարության հարցում համաշխարհային մակարդակով առաջատար դեր ստանձնելու համար։ 2020 թվականից Հայաստանը հանդիսանում է Գենդերային հավասարությանը միտված տեխնոլոգիաների և նորարարության գործողությունների կոալիցիայի առաջատարներից մեկը։ Մենք պատրաստ ենք աջակցելու կանանց միամսյակի շրջանակներում ծրագրված միջոցառումներին:
2021-2025 թվականների Գործընկերության շրջանակը, որը ստորագրվել է Հայաստանի կառավարության և Հայաստանում ՄԱԿ-ի թիմի միջև, ընդունում է, որ գենդերային հիմքով խտրականությունը հիմնարար մարտահրավեր է Հայաստանի ապագա զարգացման համար։ Այն ներառում է ինչպես առանձին, այնպես էլ միջանցիկ արդյունք գենդերային հավասարության և հավասար հնարավորությունների վերաբերյալ։
Այս տարի Հայաստանը նաև նշում է ՄԱԿ-ին անդամակցելու 30-ամյակը։ Այս տարիների ընթացքում Հայաստանի և ՄԱԿ-ի միջև համագործակցությունը ներառել է համատեղ ջանքեր և նախաձեռնությունների լայն շրջանակ՝ ուղղված գենդերային հավասարության բարձրացմանը և կանանց ու աղջիկներին հզորացնելուն: Մենք ակնկալում ենք շարունակել այս կարևոր աշխատանքը Հայաստանի կառավարության և գործընկերների հետ միասին։