Կրթության միջազգային օրվա կապակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը և «Պարադիգմա» կրթական հիմնադրամը պատմության ուսուցիչներին են ներկայացրել ամբողջովին նոր ռեսուրսների փաթեթ (ռեսուրսատուփ), որն առարկայի դասավանդման նոր, նորարարական մոտեցում է առաջարկում: «Պատմություն #5. բացակա՝ պատմության դասից, ներկա՝ անցյալում» ռեսուրսատուփը մշակվել է միջին և ավագ դպրոցի աշակերտների համար՝ նրանց ակտիվ ուսուցման փորձառություն առաջարկելու նպատակով՝ ներկայացնելով վերջին 200 տարիների՝ հայ կանանց պատմության անհայտ օրինակներ:
«Որակյալ կրթության հասանելիության խնդիրներից մեկը կրթության պատշաճ ռեսուրսների առկայությունն է, և դրան է ուղղված այսօրվա նախաձեռնությունը՝ լրացնել ուսուցիչների գործիքակազմը, որը թույլ կտան էապես հեշտացնել պատմության ուսուցանման գործընթացը: Այս իմաստով այն առանցքային առարկա է, որովհետև պատմությունն առաջին հերթին գիտելիք է և կարողություն՝ վերլուծելու սեփական անցյալը, ներկան և պատկերացնելու ապագան: Հատկապես նոր չափորոշչի պարագայում մենք հնարավորություն ունենք էապես ընդլայնել պատմության ուսուցանման գործիքակազմը, այն դարձնել առավել ճկուն, համապատասխանեցնել մեր կարիքներին և իրապես դարձնել գործիք՝ ճանաչողության և ինքնաճանաչողության»,-նշել է Ժաննա Անդրեասյանը:
«Կանայք դասագրքերում պատմական անձնավորությունների և կերպարների հինգ տոկոսից պակասն են կազմում, քանի որ հեղինակները, կարծես, հիմնականում մեջբերում են տղամարդկանց, ինչը հստակ տեսանելի է հասարակական գիտությունների, պատմության և գրականության հանրակրթական դասագրքերում: ՅՈՒՆԻՍԵՖ-ում մենք գիտենք, թե որքան կարևոր է կրթությունը աղջիկների և տղաների սոցիալական զարգացման հարցում, այդ իսկ պատճառով ձեռնամուխ եղանք ներառականության սկզբունքի վրա հիմնված նոր ուսումնական նյութի մշակմանը»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը: «Երախտագիտությունս եմ հայտնում փորձագետներին արխիվային նյութերի և ազգագրական ու պատմական հավաստի աղբյուրների, ինչպես նաև հետազոտությունների օգտագործման ուղղությամբ կատարած հսկայածավալ աշխատանքի համար»:
Ռեսուրսատուփը քննության է ենթարկում հայոց պատմության մի շարք թեմաներ՝ կանանց առօրյայի, դերերի, գործելակերպերի և հարաբերությունների, սովորույթների և ձգտումների տեսանկյունից: Այն պարունակում է սկզբնաղբյուրների պատրաստի տեղեկատվական քարտեր և դրանք պատմության ակտիվ ուսուցման համար օգտագործելու համապատասխան ուղեցույց: Փաթեթը պարունակում է 240 քարտ և 5 էլեկտրոնային դասապլան՝ 5 թեմաներով, որոնք հեշտացնում են պատմության վերլուծությունը՝ սովորելու համար օգտագործելով խաղի սկզբունքները: Թեմաներն են՝ Կանայք Խորհրդային Հայաստանում, Մինչամուսնական և հետամուսնական սովորույթները ներկա ժամանակներում, Կանայք և ակտիվիզմը 19-20-րդ դարերում, Հայկական ֆեմինիստական դիսկուրսը 19-րդ դարում և Գաղթը Օսմանյան կայսրության օրոք:
«Մեր նպատակն է վերափոխել պատմության ուսուցումը և խթանել պատմական ակտիվ մտածողությունը: Կանայք հաճախ դուրս են մնում պատմությունից։ Որպես պատմության վերլուծության տեսակետ դրանք առաջ բերելը համարձակ նորամուծություն է պատմության դասավանդման ոլորտում։ Մենք անհամբեր սպասում ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ ապագա համագործակցությանն այս հարցում և հուսով ենք, որ և՛ ուսուցիչները, և՛ սովորողները հաճույքով կօգտագործեն այս ռեսուրսների փաթեթը դասարանում՝ պատմության դասավանդման նոր և ավելի ընդգրկուն տեսակետ ձևավորելու համար»,- նշել է «Պարադիգմա» կրթական հիմնադրամի հիմնադիր և գործադիր տնօրեն Հասմիկ Կյուրեղյանը:
Փետրվար-մարտին ՅՈՒՆԻՍԵՖ-ը և «Պարադիգմա» կրթական հիմնադրամը ռեսուրսատուփի 1000 օրինակ կտրամադրեն դպրոցներին: Փաթեթը մշակվել է 2021 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ի Շվեյցարիայի և Լիխտենշտեյնի ազգային կոմիտեի առատաձեռն աջակցությամբ: Տեխնիկական թիմում ընդգրկված են եղել պատմաբաններ, արխիվային հետազոտության և կրթության բնագավառների մասնագետներ, ինչպես նաև ձևավորող՝ ներկայացնելու նյութն այնպես, որպեսզի այն գրավիչ լինի ժամանակակից կիրառողի համար: