ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամն առաջին փուլում կհոգա մարզիչների, մարզիկների տեղափոխման, համազգեստի և անհրաժեշտ պարագաների հարցը։
2021 թ. հոկտեմբերի 4-ին, Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիան և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը Վանաձորում հաշմանդամություն ունեցող դեռահասների և երիտասարդների համար հիմք դրեցին անվասայլակով բասկետբոլի՝ քաղաքի առաջին թիմին։
Նկարագրություն՝ Վանաձորում անվասայլակով բասկետբոլի առաջին թիմի հիմնադրմանը նվիրված միջոցառման մասնակիցների խմբակային նկարը՝ Վանաձորի «Ալբերտ Ազարյանի անվան կենտրոն» համալիր մարզադպրոցում։
Այսուհետ տեղի հաշմանդամություն ունեցող դեռահասները և երիտասարդները Վանաձորի «Ալբերտ Ազարյանի անվան կենտրոն» համալիր մարզադպրոցում կարող են մասնակցել անվասայլակով բասկետբոլի մարզումներին:
Մեկնարկի միջոցառումը տեղի ունեցավ «Ալբերտ Ազարյանի անվան կենտրոն» համալիր մարզադպրոցում։ Ներկա էին տեղի հասարակական՝ այդ թվում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող կազմակերպությունների, Վանաձորի քաղաքապետարանի և Լոռու մարզպետարանի ներկայացուցիչներ, մարզադպրոցի անձնակազմը և հետաքրքրված վանաձորցիներ։
Նկարագրություն՝ Հայաստանում երեխաների և երիտասարդների անվասայլակով բասկետբոլի առաջին ակումբ «Մոտուս վիտան» սկսում է իր ցուցադրական խաղը։
Միջոցառմանը ցուցադրական խաղերով հանդես եկան Երևանից ժամանած անվասայլակով բասկետբոլի երկու թիմ՝ «Արտակարգ» թիմը և Հայաստանում անվասայլակով բասկետբոլի առաջին մանկապատանեկան ակումբը՝ «Մոտուս Վիտան», որի ստեղծմանը նույնպես աջակցել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը։
Նկարագրություն՝ Արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ» թիմի մարզիկները՝ ցուցադրական խաղի ժամանակ։
Լավագույն մարզիկները ստացան խրախուսական մրցանակներ, իսկ նախաձեռնության աջակիցները՝ հուշանվերներ։
Նկարագրություն՝ UՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը մասնակիցներկն է հանձնում գրասենյակի կողմից պատրաստված մրցանակներն ու հուշանվերները։
Հայաստանում անվասայլակով բասկետբոլի առաջին թիմը ձևավորվել է 1990-ականների սկզբին, իսկ 2019 թվականին ստեղծվել է Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիան:
Նկարագրություն՝ Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիայի տնօրեն Հարություն Եսայանը խաղից առաջ ոգևորում է երիտասարդ մարզիկներին։
«Խոշոր քաղաքներում բասկետբոլի թիմ ստեղծելու գաղափարը կյանքի ենք կոչել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ միասին», - ասում է Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիայի տնօրեն Հարություն Եսայանը, որը նաև գոհ է Վանաձորի ընդունելությունից։ - «Ինչ դուռ թակել ենք, բացվել է», - ասում է նա։
Նկարագրություն՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը պատրաստակամություն է հայտնում հետագայում ևս աջակցել նախաձեռնությանը։
«Մենք ամեն ջանք գործադրելու ենք այս հիանալի նախաձեռնության հաջողության համար, և, նայելով ձեր պայծառ դեմքերին, վստահ եմ, որ հաջողության հասնելու ենք», - ասում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամն առաջին փուլում հոգում է մարզիչների, մարզիկների տեղափոխման, համազգեստի, անհրաժեշտ պարագաների հարցը։
Նկարագրություն՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից պատրաստված մրցանակներն ու հուշանվերները։
Վանաձորի քաղաքապետարանը և Լոռու մարզպետարանը նույնպես հետաքրքրված են Վանաձորում անվասայլակով բասկետբոլի զարգացմամբ և աջակցելու պատրաստակամություն են հայտնել։