ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան ներկայացուցչության արտակարգ մարդասիրական օգնությունը Սիրիայից տեղահանված և Հայաստանում ապաստանած անձանց
13 հոկտեմբերի 2020
- Մարդասիրական օգնությունն իրականացվել է «ՄԱԿ-ի ՔՈՎԻԴ-19-ին արձագանքման և վերականգնման՝ բազմագործընկեր նպատակային հիմնադրամի» ծրագրի շրջանակում:
Ընդհանուր տեղեկություններ
ՄԱԿ-ի Փախստականների հայաստանյան գրասենյակը մարդասիրական օգնություն է տրամադրել Սիրիայից Հայաստան տեղահանված խոցելի ընտանիքներին՝ նրանց հիմնական կարիքները հոգալու և ՔՈՎԻԴ-19 համավարակի առաջ բերած սոցիալ-տնտեսական մարտահրավերները մեղմելու նպատակով։
Մարդասիրական օգնությունն իրականացվել է «ՄԱԿ-ի ՔՈՎԻԴ-19-ին արձագանքման և վերականգնման՝ բազմագործընկեր նպատակային հիմնադրամի» ծրագրի շրջանակում, որի նպատակն էր աջակցել Կառավարության ջանքերին՝ ապահովելու տեղահանված սիրիացի ընտանիքների ներառումը պատրաստվածության և արձագանքման ազգային ծրագրերում։
Համառոտ տվյալներ
- Ընդհանուր առմամբ, 247 տնային տնտեսություն բազմանպատակ դրամական օգնություն է ստացել բանկային փոխանցումների միջոցով։
- Դրամական օգնության ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 70,000 ԱՄՆ դոլար։
Նպատակ և օգնության շրջանակ
Միավորված ազգերի կազմակերպության և մարդասիրական արժեքների ոգուն համահունչ և բնակչության վրա ՔՈՎԻԴ-19 համավարակի և արտակարգ դրության տնտեսական ազդեցությունները մեղմելուն ուղղված կառավարության ջանքերը լրացնելու նպատակով՝ ՄԱԿ ՓԳՀ-ն մշակել է արտակարգ մարդասիրական օգնության բաղադրիչ՝ ուղղված ծայրահեղ անապահով տեղահանված ընտանիքներին։ Շահառուների շրջանակը ներառել է անձանց, որոնք դուրս էին մնացել պետական աջակցության ընթացիկ ծրագրերից և, հետևաբար, ի վիճակի չէին հաղթահարել համավարակի՝ իրենց կենսամիջոցների վրա ունեցած հետևանքները։
2020 թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ՄԱԿ ՓԳՀ-ի գործընկեր «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ն՝ պետական մարմինների, ՄԱԿ-ի գործակալությունների և գործընկեր ՀԿ-ների հետ սերտ համագործակցությամբ մեկանգամյա դրամական օգնություն է տրամադրել։ Կրկնությունների վերացման և ջանքերի փոխլրացման միջոցով Ծրագիրն ապահովեց, որ ոչ ոք չանտեսվի։ Շահառու ընտանիքներն ընտրվել են ըստ հետևյալ չափանիշների. միայնակ տարեց, ռիսկային խմբի կին կամ երեխա, հաշմանդամություն և հատուկ կարիքներ ունեցող անձինք, միայնակ ծնողներ կամ խնամակալներ, ինչպես նաև հեռավոր համայնքներում բնակվող և կենսապայմանների, պատշաճ կրթության, սոցիալական ծառայությունների ու համայնքի աջակցության, սոցիալական պաշտպանության ծրագրերից օգտվելու սահմանափակ հնարավորություն ունեցող անձինք։
Հաշվի առնելով ՔՈՎԻԴ-19-ով պայմանավորված և ամիսներ տևած արտակարգ իրավիճակը, որն ազդում էր Հայաստանում բնակվող տեղահանված բնակչության վրա, ՄԱԿ ՓԳՀ-ն նախաձեռնեց աջակցության երկու ծրագիր, որոնցից առաջինը, որը նպաստեց 507 անապահով փախստականների, ապաստան հայցողների և բնակչության այլ տեղահանված խմբերի, կյանքի կոչվեց անցած գարնանը: Օգնության ծրագրերին զուգահեռ ընթանում էին նաև սննդամթերքի և հագուստի, դիմակների և հիգիենայի պարագաների բաշխման, իրազեկության բարձրացման և խորհրդատվության, անկողնային հիվանդների և տարեցների խնամքի, ինչպես նաև խոցելի ընտանիքների իրազեկման և այլ արտակարգ օգնության աշխատանքներ:
