Այս շաբաթ` 2021 թվականի օգոստոսի 30-ին, ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը (ՄԱԿ ՓԳՀ) և ողջ միջազգային հանրությունը նշել է 1961 թ. «Ապաքաղաքացիության կրճատման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 60-ամյակը, որն ուղղված է ապաքաղաքացիության դեպքերի կանխարգելմանը և մշակում է օրենքներ՝ սահմանափակելու ապաքաղաքացիության առաջացումը։
Հայաստանում՝ ՄԱԿ ՓԳՀ-ն, համագործակցելով այլ կազմակերպությունների հետ, ստեղծել է աշխատանքային խումբ՝ կազմված տարբեր պետական և աջակից կառույցներ ներկայացնող գործակալությունների անդամներից, որն ուսումնասիրում է ապաքաղաքացիությունը կանխարգելելու, կրճատելու և վերացնելու հնարավոր ուղիները, ինչպես նաև` քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ-ում համակարգված ու հաստատուն կերպով պաշտպանելու համար։
Այսօր, ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ զրկված են քաղաքացիությունից։ Այդ պատճառով նրանք ունենում են դժվարություն իրենց հիմնարար իրավունքները իրացնելիս, ինչպիսիք են կրթության, առողջապահության, զբաղվածության և ազատ տեղաշարժի իրավունքները:
Ապաքաղաքացիության կրճատումը բարդ, բայց նվաճելի խնդիր է։ ՄԱԿ ՓԳՀ-ն աջակցում է ՀՀ կառավարությանը ապաքաղաքացիության կանխարգելման ու կրճատման ոլորտում ստանձնած պարտավորությունը կատարելու հարցում։
Մենք աշխատում ենք կառավարության հետ, որպեսզի մինչև 2024 թվականը յուրաքանչյուր ոք ունենա իրավունք ասելու՝ ԵՍ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՄ։