Միգրացիայի միջազգային կազմակերպությունը տեղահանվածներին տրամադրել է առաջնային բժշկական օգնություն, այդ թվում՝ հոգեկան և սոցիալ-հոգեբանական աջակցություն։
Միգրացիան և տեղահանությունը շատ հաճախ արտահայտվում են մեծ թվերով. հազարավոր փախստականներ և տեղահանվածներ, տոննաների հասնող օգնություն, հարյուրավոր վրաններ: Այնուամենայնիվ, իրականում այն անսահման թվով կտորներից բաղկացած նկարախաղ է․ հիշողություններ, սարսափներ, կորուստներ, ցնցումներ:
Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում կարճատև, բայց հուժկու հակամարտությունը հանգեցրեց դեպի Հայաստան տեղահանվածների մեծ հոսքի: Առաջնային բժշկական օգնություն, այդ թվում՝ հոգեկան և սոցիալ-հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար, Միգրացիայի միջազգային կազմակերպությունն օժանդակություն ստացավ ՄԱԿ-ի արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամից։
Տարեսկզբից բժշկական շարժական խմբերը շրջում էին երկրով մեկ՝ տեղահանված բնակչությանը առաջնային բուժօգնությունը, մասնագիտական խորհրդատվությունը և ուղղորդումը հասանելի դարձնելու նպատակով։ Ամենակարևորը՝ շարժական առողջապահական խմբերում ներգրավված հոգեբանների ուղղորդմամբ տրամադրվել է նաև հոգաբանական աջակցություն։
Անահիտը, որն իրավիճակից դրդված ժամանակավոր բնակություն էր հաստատել Ծաղկաձոր քաղաքում, հարյուրավոր մարդկանցից մեկն էր, ով օգնություն ստացավ ծրագրի շրջանակում: Նրա ընկերուհին՝ Կարինեն, հիշեց, թե ինչպես Անահիտը հոգեբանական օգնություն ստանալուց հետո միայն սկսեց շփվել մադկանց հետ։
«Անահիտը չէր շփվում մեզ և իր ընտանիքի անդամների հետ: Հոգեբանների հետ մի քանի խորհրդատվությունից հետո նա սկսեց ողջունել մեզ, սուրճ խմել մեզ հետ, իսկ վերջերս նաև միացավ անտառում խոտաբույսեր հավաքելուն», - ասաց Կարինեն:
Ծրագրի շրջանակում աջակցություն են ստացել շուրջ 700 մարդ՝ այդ թվում երեխաներ և մեծահասակներ: Խաղի և թատերական թերապիայի միջոցով տեղահանված երեխաները սովորեցին հաղորդակցվել, արտահայտել իրենց զգացմունքները և շփվել ուրիշների հետ:
«Մենք դիմեցինք հասարակական կազմակերպություններին և երեխաների զարգացման հարցերով զբաղվող համայնքային կենտրոններին, որպեսզի նրանք Լեռնային Ղարաբաղից տարհանված երեխաներին ներգրավեն իրենց ուսուցողական և ընտանիքի աջակցության ծրագրերում», - ասաց ծրագրում ներգրավված հոգեբան Սոֆիկ Մինասյանը:
***
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Նունե Ասատրյանին` nasatryan@iom.int