Հայաստանում Պարենի համաշխարհային ծրագիրը շարունակում է փոխադրել անձնական պաշտպանիչ սարքավորումներ հիվանդանոցների համար
15 մայիսի 2020
Չինաստանի Պեկին քաղաքից ժամանած ինքնաթիռը Երևան է տեղափոխել առաջին անհրաժեշտության անձնական պաշտպանիչ սարքավորումներ։
Այսօր Չինաստանի Պեկին քաղաքից ժամանած ինքնաթիռը Երևան է տեղափոխել առաջին անհրաժեշտության անձնական պաշտպանիչ սարքավորումների վերջին խմբաքանակը, որը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը ձեռք է բերել Առողջապահության նախարարության համար՝ վերազինելու Հայաստանի բժշկական հաստատությունները ՔՈՎԻԴ-19-ով հիվանդներին խնամելու նպատակով:
Համաճարակի սկսվելուց ի վեր, ՊՀԾ-ն, հիմնվելով իր բեռնափոխադրումների համաշխարհային փորձառության վրա, համատեղ աշխատում էր ՀՀ կառավարության և գործընկերների հետ, որպեսզի Հայաստան փոխադրի 125,000 կտոր առաջին անհրաժեշտության անձնական պաշտպանիչ սարքավորումներ նախատեսված առաջնագծում առողջապահության աշխատակիցներին պաշտպանելու համար, ներառյալ` 80,000 բժշկական պաշտպանիչ համազգեստներ, պաշտպանիչ ակնոցներ և դեմքի վահաններ և այլն:
ՊՀԾ-ն կարողացել է ձեռք բերել 1 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ սարքավորումներ շնորհիվ «Իմ քայլը» հիմնադրամի, «Իզմիրլյան» հիմնադրամի, «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի, «Սուրբ Սարգիս» մարդասիրական հիմնադրամի, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Էդուարդո Էռնեկյանի ընկերությունների, ինչպես նաև ՀՀ-ում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի աջակցության և ՊՀԾ-ի ռեսուրսների միջոցով:
Ավիափոխադրումների կազմակերպումն իրականացվել է Արտաքին գործերի նախարարության կողմից:
«Ամբողջ աշխարհում և Հայաստանում ՊՀԾ-ն օգնում է կառավարություններին դիմակայելու և արձագանքելու վարակի բռնկմանը համընթաց աճող կարիքներին: Մեզ ոգևորում են առաջնագծում աշխատող բուժաշխատողները և Առողջապահության նախարարության կողմից այս արտակարգ իրավիճակին արձագանքելու ջանքերը, ինչպես նաև մենք բարձր ենք գնահատում առանցքային նախարարությունների հետ հաստատված համագործակցությունը, այդ թվում՝ Արտաքին գործերի նախարարության հետ, որը նպաստել է Չինաստանից թռիչքների իրականացմանը», - նշել է Հայաստանում ՊՀԾ ներկայացուցիչ և գրասենյակի տնօրեն՝ տիկին Ելենա Միլոշևիչը:
Քանի դեռ կարիքները շարունակում են աճել, ՊՀԾ-ն շարունակում է աջակցություն որոնել իր գործընկերներից, որպեսզի այս դժվարին ժամանակահատվածում կարողանա իր աջակցությունը ցուցաբերել հայ բնակչությանն ու կառավարությանը:
Ամբողջ աշխարհում ՄԱԿ-ը միավորում է իր ուժերը և կառավարությունների հետ համատեղ աշխատում է, որպեսզի բժշկական սարքավորումները հասանելի դառնան կարիքավոր մարդկանց: Հայաստանում ՊՀԾ-ն ՄԱԿ-ի մշտական համակարգողի և ԱՀԿ-ի հետ համատեղ ղեկավարում է բեռնափոխադրումների ցանցի սեկտորը` աջակցելու Հայաստանի կառավարությանը և գործընկերներին, որոնք մատակարարում են բժշկական սարքավորումներ, սնունդ և ոչ պարենային ապրանքներ: Ազգային իշխանությունների հետ հաստատված ամուր գործընկերության շնորհիվ Հայաստանից և աշխարհի առանցքային հանգույցներից օդանավերը կշարունակեն բժշկական սարքավորումներ փոխադրել Հայաստան:
***
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը կյանքեր է փրկում արտակարգ իրավիճակներում և կայուն զարգացման միջոցով փոխում միլիոնավոր մարդկանց կյանքեր: ՊՀԾ-ն աշխատում է աշխարհի ավելի քան 80 երկրներում՝ սնունդ տրամադրելով հակամարտությունների և աղետների գոտիներում հայտնված մարդկանց և հիմք է ստեղծում ավելի լավ ապագայի համար: