Քանի որ կորոնավիրուսի համավարակի պատճառով ծնողները շատ են ծանրաբեռնվել թե՛ հեռավար աշխատանքով, թե՛ տնային հոգսերով, թե՛ դպրոցահասակ երեխաների առցանց դասերով և փոքրիկների տնային ժամանցով, ՅՈՒՆԻՍԵՖ-ը ցանկացել է փոքր-ինչ թեթևացնել նրանց հոգսը և աջակցել տանը ամենափոքրերին զբաղեցնելու հարցում։
Սկսում ենք #LearningAtHome կամ #ՏանըՀավեսԷ արշավը, որը միտված է նպաստելու երեխաների ֆիզիկական, մտավոր և հուզական զարգացմանը, ինչպես նաև՝ այս սթրեսային ժամանակահատվածում տանը դրական մթնոլորտ ստեղծելուն։
«Գլխուղեղի զարգացման կարևորագույն շրջանը կյանքի առաջին տարիներն են։ Վաղ մանկական տարիքում՝ մինչև 5 տարեկանը, ամեն վայրկյան երեխայի գլխուղեղում նյարդային բջիջների միջև յոթ հարյուր կապ է ստեղծվում։ Նշանակում է, որ երեխայի և՛ առողջության, և՛ ուսման, և՛ ընդհանրապես՝ հետագա կյանքի հիմքը դրվում է կյանքի առաջին տարիներին»,- նշում է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: «Ըստ այդմ, կարևոր է հիշել, որ երեխայի զարգացման գործընթացը երբեք կանգ չի առնում։ Այն շարունակվում է՝ անկախ խնդիրներից, ինքնամեկուսացումից, համավարակից,-շարունակվում է անկախ ամեն ինչից։ Մենք պետք է անենք հնարավորն ու անհնարինը, որպեսզի նպաստենք երեխայի ճիշտ զարգացմանն ու նրա շարունակական կրթմանը՝ հիշելով, որ մեր երեխաների ապագան մեր ձեռքերում է»:
Արշավի շրջանակում առաջարկվող խաղերը կօգնեն ծնողներին սիրով լի միջավայրում զարգացնել իրենց փոքրիկների ուղեղը՝ դրանով իսկ ամուր հիմք ստեղծելով ողջ կյանքի համար: Խաղը երեխայի իրավունքն է. այն էական նշանակություն ունի ոչ միայն երեխայի մտավոր և ֆիզիկական, այլ նաև՝ սոցիալական զարգացման համար: Զարգանալու և ապագա մարտահրավերներին դիմակայելու համար երեխաները ավելի շատ խաղի կարիք ունեն այսօր, երբ հիմնականում տանն են գտնվում:
Արշավին է միացել նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի երեխայի իրավունքների արտակարգ պաշտպան տիկին Նունե Սարգսյանը, ով փոքրիկների համար ընթերցում է իր՝ «Նռան հատիկները» մանկական հեքիաթը:
«Երեխաները վաղ տարիքում ամենարագ և ամենալավ սովորողներն են։ Օգնենք նրանց արթուն պահել միտքը և էներգիան։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի այս հիանալի ծրագիրը կօգնի ծնողներին ակտիվ, ուրախ և օգտակար անցկացնել մեկուսացումը իրենց բալիկների հետ»,- նշում է տիկին Սարգսյանը:
Տեսագրությունը հասանելի է նաև արշավի կայքէջում:
Այսպիսով, յուրաքանչյուր չորեքշաբթի և ուրբաթ օրերին ՅՈՒՆԻՍԵՖ-ի ֆեյսբուքյան և Ինստագրամյան էջերում նոր խաղ-մարտահրավերներ կհրապարակվեն՝ խրախուսելով ծնողներին երեխաների հետ որակյալ ժամանակ անցկացնել, միևնույն ժամանակ տրամադրելով նոր գաղափարներ։
Ինչպես մասնակցել․
- Ընտրել արշավի կայքէջից որևէ խաղ կամ խաղեր։
- Նկարահանել և տեսանյութը տարածել սոցիալական մեդիայի ձեր էջում՝ գրառման մեջ ներառելով #ՏանըՀավեսԷ և #LearningAtHome հեշթեգերը, կամ ուղարկել այն ՅՈՒՆԻՍԵՖ-ի ֆեյսբուքյան էջին: