ՄԱԿ ՓԳՀ-ն, իր գործընկերների հետ, ապահովում է, որ Հայաստանում բնակվող որևէ տեղահանված անձ չանտեսվի համավարակի ընթացքում
04 հունիսի 2020
COVID-19-ով պայմանավորված այս արտակարգ իրավիճակում փախստականներին, ապաստան հայցողներին և տեղահանված անձանց տրամադրվում է հրատապ մարդասիրական աջակցություն:
ՄԱԿ-ի Փախստականների հայաստանյան գրասենյակն ու ծրագրերի իրականացման իր գործընկերները՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ն, Հայկական կարմիր խաչի ընկերությունը, ԿԱԶԱ շվեյցարական մարդասիրական հիմնադրամը, Հայ օգնության ֆոնդի՝ Երեխաների աջակցության կենտրոնը և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, ապահովում են, որ Հայաստանում բնակվող որևէ տեղահանված անձ չանտեսվի կորոնավիրուսի դեմ պայքարի այս դժվարին ժամանակաշրջանում:
COVID-19-ով պայմանավորված այս արտակարգ իրավիճակում փախստականներին, ապաստան հայցողներին և տեղահանված անձանց տրամադրվում է հրատապ մարդասիրական աջակցություն:
Սերտորեն համագործակցելով պետական և տեղական իշխանությունների հետ` ՄԱԿ ՓԳՀ գործընկերները սննդի փաթեթներ և հիգիենիկ պարագաներ են բաշխել 250 խոցելի ընտանիքների, այդ թվում՝ երեխաների, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց:
Թեժ գծի ծառայություններին, սոցիալական և առողջապահական ծառայություններին, դեղորայքային և հոգեբանական աջակցությանը զուգահեռ՝ ՄԱԿ ՓԳՀ-ն, իր գործընկերների հետ միասին, կորոնավիրուսի կանխարգելման, տեղաշարժման առկա սահմանափակումների, վերաբերելի պետական նպաստների և կրթական հարթակների վերաբերյալ իրազեկում է տրամադրել շուրջ 2000 անձանց: Կազմակերպվում են նաև հայերենի ու ռուսերենի առցանց դասընթացներ և ակումբային ինտերակտիվ միջոցառումներ շուրջ 40 ապաստան հայցողների և փախստականների համար: